Ուզում են ԵՄ–ի քողի տակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնել. հայտարարություն
(last modified Sat, 22 Jun 2024 14:34:57 GMT )
Հունիս 22, 2024 18:04 Asia/Tehran
  • Ուզում են ԵՄ–ի քողի տակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնել. հայտարարություն

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունը շեշտում է, որ ԵՄ անդամակցության հարցը կարող է լուծվել բացառապես ԵՄ-Հայաստան բանակցություններում ձեռք բերված համապատասխան փոխադարձ համաձայնությունների միջոցով։

«Հայաստանի Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» լսումների հարցը օրակարգ բերելը խիստ արհեստական է, աշխարհաքաղաքական իրողություններից կտրված և ներքաղաքական իմաստով՝ կեղծ։ Այս հայտարարությունը տարածել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ժողովրդավարական ուժերի հարթակը» ՀՀ իշխանություններին առաջարկում է 3-4 ամսվա ընթացքում հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ այսօր ԱԺ նիստերի դահլիճում անցկացվել են խորհրդարանական լսումներ։

«Կարծում ենք, որ իշխանությունների կողմից այս օրակարգի առաջ բերման իրական նպատակը Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացման հարցն է, որը կարող է զուգորդվել Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցի վերաբերյալ հանրաքվեով: Սա արվում է այն պարզ պատճառով, որ ԵՄ անդամակցության քողի տակ անցկացվող Սահմանադրության փոփոխություններով բավարարեն թուրք-ադրբեջանական հերթական պահանջը»,– ասված է «Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ։

Ընդդիմադիրները կարծում են, որ իշխանությունները և նախագծի հեղինակները նախևառաջ պետք է ազնվորեն հանրությանը իրազեկեն և պատասխանեն հետևյալ հարցին՝ արդյո՞ք ՀՀ-ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն առաջին հերթին մաքսային միություն է։