Փաշինյանը մատնանշել է Հայաստանի առջև ծառացած երկու արտաքին կարևոր մարտահրավերները
(last modified Sun, 23 Jun 2024 15:56:27 GMT )
Հունիս 23, 2024 19:26 Asia/Tehran
  • Փաշինյանը մատնանշել է Հայաստանի առջև ծառացած երկու արտաքին կարևոր մարտահրավերները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրական Հայաստանի գաղափարախոսության հիմքն է համարում է ժողովրդի ուղերձը կառավարությանն ու իր վերնախավին:

Նիկոլ Փաշինյանը խոսել է Հանքավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քաղաքական ժողովում և նշել, որ իրական Հայաստանի  գաղափարախոսության հիմքում ժողովրդի ուղերձն է կառավարող մեծամասնությանն ու իր վերնախավերին առ այն, որ ուզում է ոչ թե տառապել, այլ՝ ապրել:

«Ժողովրդի ուղերձն իր էլիտաներին և մեզ՝ որպես իշխող, կառավարող մեծամասնություն, հետևյալն է՝ կարող եք, արդյոք, ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, պարզապես ապրենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ժողովուրդն Հայաստանում ցանկանում է ոչ թե Գողոգոթայի ճանապարհով անցնել, այլ՝ պարզապես ապրել, երեխաներ ունենալ ու բարեկեցություն ստեղծել նրանց համար, հատկապես, որ դրա համար ունի ամենակարևոր գործիքը՝ պետությունը:

Ըստ վարչապետի՝ այսօր Հայաստանում տեղի է ունենում բանավեճ հետևյալ կարևոր ու հայեցակարգային հարցի շուրջ՝ ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը հավերժական պայքարի, թե՝ ապրելու, մարդկանց կյանքը, ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը հնարավոր դարձնելու գործիք է:

«Իմ կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունը հենց սա է՝ կյանքի գաղափարախոսությունը դարձնել պետական գաղափարախոսություն: Ազատություն տալ մեր քաղաքացիների ապրելու,  լավ ապրելու մղմանը և հնարավոր դարձնել դա, որովհետև մեր իրականության մեջ լավ ապրելու մղմանն ազատություն տրված չէ»,- նշել է Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ գաղափարախոսության իրագործումը լրջագույն մարտահրավերներ ունի:

Նրա խոսքով՝ կան միջազգային խոշոր խաղացողներ, որոնք ցանկանում են , որ հայ ժողովուրդը, շարունակ անցնելով մաքառման, տառապանքների ու գաղթի ճանապարհով, ստիպված լինի իրենցից փրկություն աղերսել:

«Հաջորդ արտաքին մարտահրավերն Ադրբեջանն է: Հենց հատկապես Արդբեջանը, որի ասածը եթե շատ կարճ ձևակերպենք հետևյալն է. «Դու ինձ չես թողել 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնելու, որ դու ապրես ու պիտի վրեժս քեզնից լուծեմ»: Մնացած միջազգային ամբողջ կոնյուկտուրան ՀՀ շուրջ այս երկուսի հիբրիդն են՝ տոկոսային տարբեր հարաբերությամբ՝ մի քիչ ավելի, պակաս, կամ վերաբերմունքն են այս երկու հայեցակարգերին»,- ընդհանրացրեց Փաշինյանն՝ ընդգծելով, որ ՀՀ-ում կառավարող մեծամասնության առաքելությունն այս մարտահրավերների կառավարումն է:

 

Պիտակ