Օգոստոս 04, 2024 19:12 Asia/Tehran
  • Անգլիայում հարձակվել են հյուրանոցի վրա, որտեղ ենթադրաբար բնակվում են միգրանտները

Զանգվածային անկարգությունների ընթացքում, որոնք առաջացել են անօրինական միգրանտների հոսքի դեմ բողոքի ակցիաներով, ցուցարարները հարձակվել են անգլիական Ռոտերհամ քաղաքի «Holiday Inn Express» հյուրանոցի շենքի վրա, որտեղ ենթադրաբար բնակվում են միգրանտները: Տեղեկությունը հայտնում է «Guardian»-ը։

Դիմակավորված անձինք այրվող աղբաման են գլորել դեպի շենք, իսկ հյուրանոցի դիմաց շարքով կանգնած ոստիկանների վրա տարբեր առարկաներ են նետել, այդ թվում ՝ ճյուղեր և աթոռներ:

Ինչպես հաղորդում է «Sky News» հեռուստաալիքը, ոստիկանության մեկ աշխատակից է տուժել:

Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ անկարգությունների հետևանքով ավելի քան 90 մարդ է ձերբակալվել։

Հիշեցնենք` երկրում բողոքի ակցիաները սկսվեցին, երբ բրիտանական Մերսիսայդ կոմսության ոստիկանությունը հուլիսի 29-ին հայտնեց Սաութպորտ քաղաքում երեխաների վրա դանակով հարձակման մասին, որի հետևանքով մահացել էր 3 երեխա, ևս մի քանի անչափահաս և երկու մեծահասակ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց: Իրավապահները ձերբակալեցին 17-ամյա պատանու, նրան մեղադրանք առաջադրվեց 3 մարդու սպանության, ևս 10 հոգու դեմ մահափորձի և սառը զենք պահելու համար:

Սաութպորտի, Լոնդոնի և այլ քաղաքների բնակիչների արձագանքը հանգեցրեց բողոքի ակցիաների, որոնք ոստիկանության հետ բախումների և զանգվածային անկարգությունների վերածվեցին այն անհիմն տեղեկության տարածման պատճառով, թե կասկածյալը փախստական է:

 

Պիտակ