Հոկտեմբեր 05, 2024 18:26 Asia/Tehran
  • Փաշինյանը Բելգիայի վարչապետի հետ հանդիպմանը անընդունելի է համարել վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բելգիա համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակի վերաբերյալ:

Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի քննարկումներին և վերջին զարգացումներին: Վարչապետն անընդունելի համարելով վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը՝ ընդգծել է Հայաստանի Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Բելգիայի վարչապետը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերը` ողջունելով այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ու դրա սկզբունքների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր դը Քրուն քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ: Բելգիայի վարչապետը հայտնել է իր գլխավորած Կառավարության պատրաստակամությունը` նպաստելու այդ գործընթացին: