Հոկտեմբեր 04, 2024 11:33 Asia/Tehran
  •  ԱՄՆ շուրջ 60 կոնգրեսականներ դիմել են Բլինքենին՝ ստիպելու Բաքվին COP29-ին ընդառաջ ազատ արձակել հայ գերիներին և բոլոր քաղբանտարկյալներին

Շուրջ 60 ամերիկացի կոնգրեսականներ դիմել են պետքարտուղար Էնթոնին Բլինքենի՝ կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը և քաղբանտարկյալների ազատ արձակումը հաջորդ ամիս Բաքվում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովից առաջ, գրում է Reuters-ը։

Օրենսդիրները, որոնց թվում են 10 սենատորներ և Ներկայացուցիչների պալատի 48 անդամներ, Բլինքենին հորդորել են ստիպել Ադրբեջանին «շոշափելի միջոցներ ձեռնարկել» քաղբանտարկյալներին ազատելու ուղղությամբ և դատապարտել Հայաստանի դեմ սադրիչ հայտարարությունները, որոնք «խաղաղության բանակցությունները խաթարելու վտանգ են ներկայացնում» այն բանից հետո, երբ Բաքուն վերականգնել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը: «Մենք Պետքարտուղարությանը կոչ ենք անում ճնշում գործադրել՝ հասնելու անհապաղ ու անվերապահ ազատ արձակմանը բոլոր քաղբանտարկյալների, պատանդների ու գերիների, այդ թվում՝ էթնիկ հայերի, որպեսզի ավելի բարենպաստ միջավայր ստեղծվի COP29-ում հաջող դիվանագիտության համար»,- ասված է նամակում: COP29-ի Ադրբեջանի նախագահությունից անմիջապես չեն պատասխանել լրատվամիջոցի մեկնաբանության դիմումին։ Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ այս տարեսկզբին Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմը ՄԱԿ-ի պաշտոնյային ուղղված նամակում ասել էր, որ քաղաքական գործիչը խոշտանգումների է ենթարկվել Ադրբեջանում կալանքի տակ։

Պիտակ