Ռուսաստանը զգուշացրել է եվրոպական միջուկային վահանի ընդլայնման կապակցությամբ
Վիեննայում ՌԴ դեսպան և միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչը զգուշացրել է Ֆրանսիայի և Բրիտանիայի մասնակցությամբ եվրոպական միջուկային վահանի ընդլայնման գաղափարի կապակցոթւյամբ՝ ընդգծելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է ՆԱՏՕ-ի քաղաքականությանը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, Միխայիլ Ուլյանովն անդրադարձել է Գերմանիայի իշխող կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցի վերջին հայտարարություններին, ով խոսել է Եվրոպայի միջուկային վահանն ընդլայնելու թեմայով Փարիզի և Լոնդոնի հետ Բեռլինի բանակցությունների անհրաժեշտության մասին և այդ գաղափարը բնութագրել որպես «նյարդային արձագանք» եվրոպական դաշնակիցների նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վերջին զարգացումներին։
Նա ասել է. «Տպավորություն է, որ Ֆրիդրիխ Մերցի խոսքերը հիմնականում զգացմունքային էին և արտահայտված առանց մանրակրկիտ քննարկման: Սա մի տեսակ նյարդային արձագանք է եվրոպացի դաշնակիցների նկատմամբ Վաշինգտոնի մոտեցումների որոշ փոփոխություններին»։
Կասկածի տակ դնելով ֆրանսիական և բրիտանական միջուկային հովանոցների ընդլայնման անհրաժեշտությունը՝ Ուլյանովն ընդգծել է, որ Եվրոպայում ԱՄՆ միջուկային հովանոցը դեռ գործում է, և որ Վաշինգտոնը որևէ անդրադարձ չի կատարել իր միջուկային զենքը տարածաշրջանից դուրս բերելու հարցին։
Ուլյանովը հավելել է․ «Ուրեմն ինչու՞ փոխել այս իրավիճակը և ավելի բարդացնել այս հարցը»։
Ռուս դիվանագետը նշել է, որ այդ ծրագրի իրականացումը բարդ է, հավելելով․ «Մեծ Բրիտանիայի ողջ միջուկային զինանոցը բաղկացած է ընդամենը չորս սուզանավից։ Գաղափարը, որ այդ սուզանավերից մեկը կտեղակայվի գերմանական հողում, ակնհայտորեն իրատեսական չէ: Նրա խոսքով, Ֆրանսիան, որը բացի միջուկային սուզանավերից, ունի նաև օդային միջուկային զենք, չունի ռազմավարական հիմնավորում՝ այդ զենքերը Գերմանիայի տարածք տեղափոխելու համար։
Ուլյանովն այնուհետև ընդգծել է, որ քանի դեռ այս գաղափարը պաշտոնապես չի հայտնվել Գերմանիայի արտաքին և պաշտպանական քաղաքականության օրակարգում, չպետք է դրան չափազանց մեծ նշանակություն տալ։ Նա հավելել է. «Հավանական է, որ այս ծրագիրը երբեք չի իրականացվի իր ծայրահեղ և անհարկի լինելու պատճառով, նույնիսկ Գերմանիայի և ՆԱՏՕ-ի շահերի տեսանկյունից»:
Նա եզրափակել է՝ զգուշացնելով, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջուկային քաղաքականության ցանկացած փոփոխության և կարձագանքի Եվրոպայում միջուկային զսպման հետ կապված զարգացումներին։
Պաշտպանության և միջուկային ոլորտներում Եվրոպայի ռազմավարական անկախության մասին բանավեճն ակտիվացել է վերջին տարիներին՝ հաշվի առնելով անվտանգության սպառնալիքների աճը և եվրոպական դաշնակիցների նկատմամբ ԱՄՆ-ի փոխվող մոտեցումը։
Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը կնվազեցնի իր անվտանգության պարտավորությունները Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հանդեպ, որոշ եվրոպական երկրներ, ներառյալ՝ Ֆրանսիան և Գերմանիան, կոչ արեցին ուժեղացնել Եվրոպայի անկախ պաշտպանական կարողությունները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմիցս աջակցել է «եվրոպական ռազմավարական ինքնավարության» ստեղծման գաղափարին և նշել, որ Ֆրանսիայի միջուկային հովանոցը կարող է ավելի լայն դեր խաղալ եվրոպական անվտանգության մեջ։
Այս տեսանկյունից Ռուսաստանի դիրքորոշումը ցույց է տալիս, որ Մոսկվան դիտարկում է եվրոպական միջուկային էներգիայի ընդլայնումը որպես իր անվտանգության սպառնալիք, և եվրոպական մայրցամաքի միջուկային հավասարակշռության ցանկացած փոփոխություն կարող է մեծացնել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածությունը: