Ի՞նչ խաղ են խաղալու Մոսկվան ու Պեկինը Թրամփի հետ
Hill-ը հրապարակել է հոդված, ոչրում գրել է․ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ հարաբերություններում «գործարքի արվեստը» կիրառելու երազանքը դառնում է գործիք Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի ձեռքում՝ սեփական շահերն առաջ տանելու և Միացյալ Նահանգները թուլացնելու համար»։
Pars Today-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սեփական բանակցային կարողությունների նկատմամբ չափազանց վստահությանը, հոդվածագիրը նշել է, որ Մոսկվան և Պեկինը կօգտագործեն Թրամփի ինքնավստահությունն ի շահ իրենց և խաղ կխաղան նրա հետ։
Կայքը գրում է, որ Թրամփն իր վարած մաքսային քաղաքականությունն արդարացնում է հայտարարելով, թե ԱՄՆ-ի տնտեսական գործընկերներն ու դաշնակիցները «ագահ և պատեհապաշտ են», իսկ վերջերս «Տնտեսական ազատության օր» հռչակման ժամանակ նա հայտարարել է․ «Անկեղծ ասած, ընկերները հաճախ շատ ավելի վատն են եղել, քան թշնամիները»:
Ավելի վաղ նա հայտարարել էր․ «Եվրամիությունը ստեղծվել է ԱՄՆ-ն տապալելու համար»։
Հատկանշական է, որ Թրամփն այս իրավիճակի պատասխանատվությունը դրել է ոչ թե օտար, այլ ԱՄՆ նախկին կառավարությունների վրա՝ պարծենալով բանակցելու իր հմտություններով և նշելով, որ բանակցությունների սկզբում ծայրահեղ դիրքորոշումներ որդեգրելով՝ հավասարակշռությունից հանում է մյուս կողմին, որպեսզի ի վերջո վերջինս բավարարվի ավելի քիչ զիջումներով։
Hill-ը հավելում է, որ արտաքին քաղաքականության մեջ Թրամփի երկակի ստանդարտները ոչ մի տեղ այնքան ակնհայտ չեն, որքան Ուկրաինայի դեպքում: Այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնեց ԱՄՆ-ի հետ թերի գործարքին, Թրամփը միակողմանիորեն փոխեց և բարդացրեց դրա պայմանները, կարծես ցանկանալով պատժել Զելենսկուն՝ սկզբում հակառակվելու համար։
Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակեց խաղալ Թրամփի միամտության հետ՝ հայտարարելով, որ ինքը «սկզբունքորեն» ողջունում է հրադադարը, պայմանով, որ դրա մանրամասները կմշակվեն ապագայում՝ անորոշ ժամկետում։ Բանակցային պլանն առաջ տանելիս Կրեմլը շարունակեց աստիճանաբար Ուկրաինայում գրավել նոր տարածքներ ՝ միաժամանակ նոր պայմաններ ավելացնելով բանակցությունների համար իր պայմանների ցանկում։ Վերջապես, Ռուսաստանի կառավարությունը Թրամփի ծաղրական դիմանկարն ուղարկեց Վաշինգտոն՝ նրան ծաղրելու և նրա «բանակցելու արվեստը» գովաբանելու համար։
Պեկինը շահարկում է Թրամփի ինքնավստահությունը
Կայքը գրում է, որ որ այս խաղը գրավել է նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի ուշադրությունը, հավելելով, որ վերջինս առաջիկայում հնարավորություն կունենա փորձարկել «Թրամփի աշխարհաքաղաքական ողնաշարը»։
Ըստ ամերիկյան կայքի՝ Չինաստանի նախագահը մտադիր է նախ սիրաշահել Թրամփին և ստիպել նրան հավատալ այդ շողոքորթությանը որպես բարեկամական ժեստ, ինչից հետո սպառնալ, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային պատերազմի։ Իսկ վերջում Սի Ցզինպինը կհայտարարի, որ ինքը և իր «ամերիկացի ընկերը» կարող են կանխել նման աղետը բանակցությունների միջոցով։