ՄԱԿ-ը մտահոգված է Գազայի հատվածում մարդասիրական օգնության մատակարարումների արգելափակմամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումների շարունակական արգելափակման կապակցությամբ և կոչ է արել պաշտպանել Գազայի բնակչությանը:
Ապրիլի 16-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թել Ավիվը դադարեցրել է մարդասիրական օգնության ներկրումը Գազայի հատված՝ նպատակ ունենալով կոտրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վերահսկողությունը հատվածի բնակչության նկատմամբ:
«Ես շատ մտահոգված եմ, որ օգնությունը շարունակում է արգելափակվել, ինչը հանգեցնում է ավերիչ հետևանքների։ Քաղաքացիական անձինք պետք է հարգանք և պաշտպանություն ունենան ցանկացած պահի, և նրանք պետք է գոյատևելու համար անհրաժեշտ ամեն ինչ ունենան»,-ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում:
Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Գազայի հատվածի գրեթե 70 տոկոսը տեղահանման մասին իսրայելական հրամանների ազդեցության տակ է կամ «արգելված գոտում է»:
«Բոլոր պատանդները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը պետք է անհապաղ վերականգնվի»,-ընդգծել է Գուտերեշը։
Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարը պաշտոնապես ավարտվել է մարտի 1-ին, սակայն ռազմական գործողությունները չէին վերսկսվում Գազայի հատվածում կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը կողմերին ներգրավելու միջնորդների փորձերի պատճառով: Այնուամենայնիվ, Իսրայելը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի ջրամաքրման կայանին և փակել է մուտքը մարդասիրական օգնություն հասցնող բեռնատարների համար:
arm.sputniknews