Ինչո՞ւ է Ադրբեջանը զինվում. Տարածաշրջանային հեռանկարներ, նպատակներ և հետևանքներ
https://parstoday.ir/hy/news/world-i231586-Ինչո_ւ_է_Ադրբեջանը_զինվում._Տարածաշրջանային_հեռանկարներ_նպատակներ_և_հետևանքներ
2024 թվականին Ադրբեջանը ճանաչվել է 16-րդ ամենախոշոր զենքի գնորդն աշխարհում։ Բաքուն անցած տարի գնել է 2,2 միլիարդ դոլարի զենք։ Դա ոչ միայն վկայում է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության մասին, այլ նաև մտահոգություններ է առաջացրել տարածաշրջանում, հատկապես՝ Հայաստանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2025 07:06 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է Ադրբեջանը զինվում. Տարածաշրջանային հեռանկարներ, նպատակներ և հետևանքներ

2024 թվականին Ադրբեջանը ճանաչվել է 16-րդ ամենախոշոր զենքի գնորդն աշխարհում։ Բաքուն անցած տարի գնել է 2,2 միլիարդ դոլարի զենք։ Դա ոչ միայն վկայում է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության մասին, այլ նաև մտահոգություններ է առաջացրել տարածաշրջանում, հատկապես՝ Հայաստանում:

Հայ ռազմական փորձագետ Դավիթ Հարությունյանն իր վերլուծության մեջ անդրադարձել է այս միտման դրդապատճառներին ու հետևանքներին։

Ռազմական գերազանցություն և ուժերի հավասարակշռության պահպանում

Մեծ քանակությամբ սպառազինություն գնելու Ադրբեջանի  նպատակներից է Հայաստանի նկատմամբ ռազմական գերազանցության պահպանումը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, որն ավարտվեց հօգուտ Ադրբեջանի, Բաքուն ձգտում է պահպանել ուժերի այս անշրջելի հավասարակշռությունը և թույլ չտալ Հայաստանին վերականգնել հավասարակշռությունը։
Սա ռազմական ուժը որպես քաղաքական գործիք օգտագործելու Ադրբեջանի փորձն է։ Բաքուն համոզված է, որ ռազմական հզորությունը կարող է վճռորոշ դեր խաղալ քաղաքական խնդիրների և տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործում։

Պատրաստվում է նոր հարձակման 
Հարությունյանը նշում է, որ Ադրբեջանի մյուս նպատակը նոր ռազմական ագրեսիայի նախապատրաստվելն է։ Այս վարկածն արժանի է ուշադրության՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային լարվածության պատմությունը, ինչպես նաև ղարաբաղյան տարածաշրջանում վերջին տարիների հակամարտությունը։ Մեծացնելով իր սպառազինությունների ծավալն ու բազմազանությունը՝ Բաքուն կարծես պատրաստվում է ռազմական տարբեր սցենարների։ Դա սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային անվտանգության համար, այլև կարող է հանգեցնել երկկողմ լարվածության աճի։

Միջազգային մեխանիզմների անարդյունավետությունը
Հիմնական պատճառներից մեկը, թե ինչու է Ադրբեջանը կարողացել այդքան արագ առաջընթաց արձանագրել զենքի գնման հարցում, սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմների անարդյունավետությունն է։ Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) պայմանագիրը, որը հատուկ սահմանափակումներ է սահմանում ծանր սպառազինության յոթ հիմնական տեսակների համար, գործնականում կորցրել է իր արդյունավետությունը ճշգրիտ ստուգման գործիքների բացակայության և խախտողների համար պատասխանատվություն չսահմանելու պատճառով: Ադրբեջանը հետևողականորեն խախտել է այս պայմանագրի պայմանները և շարունակել է զենք գնել։

Կովկասի ռազմականացված վիճակը 

Հարությունյանն ընդգծում է, որ Կովկասում իրավիճակը «մտահոգիչ է»։ Ինչպես Արևմտյան Ասիան  և Հարավարևելյան Ասիան, Կովկասը նույնպես խիստ ռազմականացված է՝ իր փոքրաթիվ բնակչության և զենքի մեծ պաշարների պատճառով: Սա ոչ միայն մեծացնում է ապագա հակամարտությունների հավանականությունն, այլև ազդում է տարածաշրջանի մարդկանց կյանքի վրա:

ԱՄՆ-ից զենք գնելու հնարավորություն 
2025 թվականի ապրիլին ԱՄՆ Կոնգրեսը պետք է քննարկի Ազատության պաշտպանության ակտի 907-րդ ուղղումը։ 1992 թվականին ընդունված այս փոփոխությունն արգելում է ամերիկյան զենքի արտահանումն Ադրբեջան։ Այնուամենայնիվ, սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո կատարված ուղղումը թույլ տվեց ԱՄՆ նախագահին որոշակի հանգամանքներում կասեցնել արգելքը: Թեև ամերիկյան զենքի բարձր գինը խանգարում է այս երկրից մեծ քանակությամբ զնեքի գնմանը, սակայն կա որոշ տեսակիզ ենքերի ձեռքբերման հնարավորություն։ Ադրբեջանը գնում է ռուսական, իսրայելական և թուրքական սպառազինություն։

Ադրբեջանի կողմից սպառազինությունների լայնածավալ գնումներն իրականացվում են երկարաժամկետ ռազմավարության շրջանակում, որը կենտրոնացած է ռազմական գերակայության պահպանման, ագրեսիայի նախապատրաստման և քաղաքական իշխանության ամրապնդման վրա: Այս միտումը ոչ միայն հանգեցնում է տարածաշրջանային լարվածության սրման, այլև ցույց է տալիս սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմների թուլությունը։ Ի վերջո, այս ռազմական մրցակցությունը կարող է լրջորեն վտանգել կովկասյան տարածաշրջանի կայունությունը։