Ուկրաինայի տարածքների հանձնում Ռուսաստանին․ Ամերիկայի նոր խաղը խաղաղության կարգախոսով
Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի առաջարկած ծրագիրը ներառում է Ուկրաինայի տարածքի մի մասը Ռուսաստանին հանձնելը և Կիևին անվտանգության երաշխիքներ չտրամադրելը։ Փարիզում եվրոպացի պաշտոնյաներին ներկայացված ծրագիրը արժանացել է Ուկրաինայի և Եվրոպայի բողոքի:
The Washington Post-ը հաղորդել է, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար դժվար կլինի այս պլանը մարսել, քանի որ տարածքների կորստից բացի, այն ներառում է նաև ԱՄՆ-ի ռազմական և անվտանգության աջակցության կրճատում։
Եվրոպացի պաշտոնյաները նույնպես մտահոգություն են հայտնել առանց ամերիկյան աջակցության իրենց ռազմական կարողությունների թուլության վերաբերյալ: Նրանք խոստովանում են, որ առանց ամերիկյան ռազմական և հետախուզական օգնության չեն կարողանա պաշտպանել Ուկրաինան ռուսական հարձակումներից։ Սա այն դեպքում, երբ Ռուսաստանը խաղաղության կայունության պայման է հայտարարել ուկրաինական ուժերի դուրսբերումը Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից և Կիևի տարածքային հավակնությունների դադարեցումը։
Կրեմլն ընդգծել է, որ ցանկացած ապագա համաձայնագիր պետք է անդրադառնա հակամարտության «հիմնական պատճառներին», ներառյալ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և դաշինքին միանալու Ուկրաինայի ծրագրերը: Դոնալդ Թրամփը և Մարկո Ռուբիոն նաև զգուշացրել են, որ ԱՄՆ-ը կարող է դադարեցնել իր միջնորդական ջանքերը, եթե զգալի առաջընթաց չլինի։ Այս դիվանագիտական խաղը շարունակվում է, այն դեպքում, երբ Ռուսաստանը մեծ ռազմական ձեռքբերումներ է գրանցել մարտի դաշտում, և Ուկրաինան պայքարում է իր պահանջները պահպանելու համար: