Ռուսաստան. Իրանի հետ միասին կաշխատենք պատժամիջոցային ճնշումը վերացնելու ուղղությամբ
Մոսկվան Իրանի և շահագրգիռ այլ երկրների հետ համատեղ կաշխատի միջազգային հարաբերություններից պատժամիջոցային ճնշումը վերացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի տնտեսական ճնշումներին։
Հղում անելով IRIB-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ Զախարովան մամուլի ասուլիսի ընթացքում, խոսելով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի երկրորդային պատժամիջոցների մասին, հայտարարել է, որ Ռուսաստանը վճռականորեն մերժում է միակողմանի, անօրինական և հարկադրական միջոցների կիրառման պրակտիկան, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը։
Նրա խոսքով՝ Մոսկվան իրանցի գործընկերների և այլ շահագրգիռ երկրների հետ կհամակարգի գործողությունները՝ այդ անօրինական միջոցներին հակազդելու համար, և համախոհ երկրների հետ կշարունակի աշխատել միջազգային համակարգից պատժամիջոցային ճնշումը վերացնելու ուղղությամբ։
ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ միակողմանի անօրինական պատժամիջոցների կիրառումը վաղուց վերածվել է իրական գործիքի՝ Արևմուտքի համար անցանկալի երկրների հետ հաշիվներ մաքրելու և նրանց պատժելու համար։