Ղարաբաղյան հակամարտության կողմերը հաջողությանն ավելի մոտ են, քան երբևէ. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i25861-Ղարաբաղյան_հակամարտության_կողմերը_հաջողությանն_ավելի_մոտ_են_քան_երբևէ._Լավրով
Ղարաբաղյան հակամարտության կողմերը հաջողությանն ավելի մոտ են, քան երբևէ, սակայն մանրամասները դեռ վաղ է բացահայտել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2016 14:53 Asia/Tehran
  • Ղարաբաղյան հակամարտության կողմերը հաջողությանն ավելի մոտ են, քան երբևէ. Լավրով

Ղարաբաղյան հակամարտության կողմերը հաջողությանն ավելի մոտ են, քան երբևէ, սակայն մանրամասները դեռ վաղ է բացահայտել:

Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Մենք հիմքեր ունենք կարծելու, որ այս անգամ մենք շատ ավելի մոտ ենք հաջողության հեռանկարին, քան երբևէ»,- ասել է նա:

Ընդ որում՝ ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները չի բացահայտի:

«Հասկանալի պատճառներով մենք հրապարակայնորեն չենք քննարկում այն գաղափարների մանրամասները, որոնք քննարկվում են հանդիպման շրջանակներում։ Երեք երկրների առաջնորդները հունիսի 20-ի հանդիպումից հետո հատուկ պայմանավորվել են, որ զգույշ կվերաբերեն հույսի այն ծիլերին, որ հայտնվում են: Ոչ այն պատճառով, որ մենք ինչ-որ բան թաքցնում ենք, դա պարզապես բանակցություններում էթիկական նորմ է»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքումԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումն արդյունավետ է որակել:

«Հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր: Ընթացիկ քննարկումները կարևոր քայլ են նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները կյանքի կոչելու ուղղությամբ»,-ասել է Լավրովը:

Էլմար Մամեդյարովն, իր հերթին, ասել է, որ քննարկումների նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի դիրքորոշումների մերձեցումն է:

«Այս պահին բանակցություններն ընթանում են կոնկրետ հարցերի շուրջ: Հետևողական, ինտենսիվ բանակցությունների արդյունքում մենք կարող ենք առաջընթացի հասնել այնպիսի հարցերում, որոնք դեռ լուծված չեն»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

galatv.am

12/7/2016