ԼՂ-ի Շուշիի մզկիթը կվերականգնի իրանական ընկերությունը
https://parstoday.ir/hy/news/world-i46036-ԼՂ_ի_Շուշիի_մզկիթը_կվերականգնի_իրանական_ընկերությունը
ԼՂ իշխանություններին են պատկանում Արցախի տարածքում գտնվող բոլոր հուշարձանները՝ անկախ դրանց կրոնական պատկանելիությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2016 16:00 Asia/Tehran
  • ԼՂ-ի Շուշիի մզկիթը կվերականգնի իրանական ընկերությունը

ԼՂ իշխանություններին են պատկանում Արցախի տարածքում գտնվող բոլոր հուշարձանները՝ անկախ դրանց կրոնական պատկանելիությունից:

1883 թվականին կառուցված Շուշիի Վերին մզկիթը վերականգնվելու է: Երեկ Արցախի էկոնոմիկայի նախարարությունը եւ պարսկական <<Փարթ Սաման Ջահան Կո>> ընկերությունը  վերականգնման աշխատանքների նախագծի նախնական փաստաթուղթ ստորագրեցին: Վերակառուցման աշխատանքների ֆինանսավորման համար միջոցների հայթայթումը ստանձնել է <<Արեւելյան պատմական ժառանգության վերածնունդ>> հիմնադրամը:

Շուշիի Վերին Մզկիթի  վերականգնման աշխատանքների վերաբերյալ պայմանավորվածությունը, <<Արեւելյան ժառանգության պահպանման>> հիմնադրամի միջնորդությամբ,  պարսկական ընկերության հետ ձեռք է բերվել մեկ տարի առաջ: Անցած ժամանակամիջոցում  ընկերությունը  ուսումնասիրել է ոչ միայն  մահմեդական հուշարձանի, այլեւ Շուշիի պատմությունը՝ ասում է <<Փարթ Սաման Ջահան Կո>> ընկերության տնօրեն   Սայադ Նավահանդին՝ լրացնելով, որ իրենք քաղաքականությունից հեռու մարդիկ են եւ հարցին մոտեցել են զուտ մասնագիտական տեսանկյունից:

Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանի խոսքերով՝ ԼՂ իշխանությունը պարսկական ընկերության հետ համագործակցությունից գոհ է:

Երեկ համագործակցության առաջին փուլի ավարտը նշանավորվեց նախնական փաստաթղթերի ստորագրումով: Ըստ նախագծողների՝ փորձ է արվում պահպանել մզկիթի պատմական ու ճարտարապետական տեսքը։

Սերգեյ Շահվերդյանի խոսքերով` հարցը դեռեւս որոշված չէ:  Քննարկվում են երկու տարբերակներ՝ այն կմնա որպես չգործող մզկիթ, կամ կվերածվի թանգարանի:

Շուշիի պարսկական մզկիթը վերականգնվելու է ոչ պետական միջոցների հաշվին: Ֆինանսական միջոցների հայթայթման գործը ստանձնել է <<Արեւելյան ժառանգության վերածնունդ>> հիմնադրամը:

Armradio.am