ԼՂ-ի Շուշիի մզկիթը կվերականգնի իրանական ընկերությունը
ԼՂ իշխանություններին են պատկանում Արցախի տարածքում գտնվող բոլոր հուշարձանները՝ անկախ դրանց կրոնական պատկանելիությունից:
1883 թվականին կառուցված Շուշիի Վերին մզկիթը վերականգնվելու է: Երեկ Արցախի էկոնոմիկայի նախարարությունը եւ պարսկական <<Փարթ Սաման Ջահան Կո>> ընկերությունը վերականգնման աշխատանքների նախագծի նախնական փաստաթուղթ ստորագրեցին: Վերակառուցման աշխատանքների ֆինանսավորման համար միջոցների հայթայթումը ստանձնել է <<Արեւելյան պատմական ժառանգության վերածնունդ>> հիմնադրամը:
Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման աշխատանքների վերաբերյալ պայմանավորվածությունը, <<Արեւելյան ժառանգության պահպանման>> հիմնադրամի միջնորդությամբ, պարսկական ընկերության հետ ձեռք է բերվել մեկ տարի առաջ: Անցած ժամանակամիջոցում ընկերությունը ուսումնասիրել է ոչ միայն մահմեդական հուշարձանի, այլեւ Շուշիի պատմությունը՝ ասում է <<Փարթ Սաման Ջահան Կո>> ընկերության տնօրեն Սայադ Նավահանդին՝ լրացնելով, որ իրենք քաղաքականությունից հեռու մարդիկ են եւ հարցին մոտեցել են զուտ մասնագիտական տեսանկյունից:
Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանի խոսքերով՝ ԼՂ իշխանությունը պարսկական ընկերության հետ համագործակցությունից գոհ է:
Երեկ համագործակցության առաջին փուլի ավարտը նշանավորվեց նախնական փաստաթղթերի ստորագրումով: Ըստ նախագծողների՝ փորձ է արվում պահպանել մզկիթի պատմական ու ճարտարապետական տեսքը։
Սերգեյ Շահվերդյանի խոսքերով` հարցը դեռեւս որոշված չէ: Քննարկվում են երկու տարբերակներ՝ այն կմնա որպես չգործող մզկիթ, կամ կվերածվի թանգարանի:
Շուշիի պարսկական մզկիթը վերականգնվելու է ոչ պետական միջոցների հաշվին: Ֆինանսական միջոցների հայթայթման գործը ստանձնել է <<Արեւելյան ժառանգության վերածնունդ>> հիմնադրամը:
Armradio.am