ԱՄՆ-ն ու Ռուսաստանը մնում են աշխարհում զենքի ամենախոշոր արտահանողները
https://parstoday.ir/hy/news/world-i5137-ԱՄՆ_ն_ու_Ռուսաստանը_մնում_են_աշխարհում_զենքի_ամենախոշոր_արտահանողները
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը մնում են աշխարհում սովորական սպառազինությունների հիմնական զինատեսակների ամենախոշոր արտահանողները։ Այս մասին հայտնում է Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը, որը հրապարակել է 2011-2015թթ. սովորական սպառազինությունների հիմնական զինատեսակների եւ ռազմական սարքավորումների մատակարարման տվյալները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2016 07:24 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ու Ռուսաստանը մնում են աշխարհում զենքի ամենախոշոր արտահանողները

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը մնում են աշխարհում սովորական սպառազինությունների հիմնական զինատեսակների ամենախոշոր արտահանողները։ Այս մասին հայտնում է Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը, որը հրապարակել է 2011-2015թթ. սովորական սպառազինությունների հիմնական զինատեսակների եւ ռազմական սարքավորումների մատակարարման տվյալները։

Ինստիտուտի տվյալների բազան ներառում է 1950թ. ի վեր առկա տվյալները, իսկ ինստիտուտի փորձագետներն օգտագործում են հնգամյա ժամանակաշրջանի միջին ցուցանիշները։

Համաձայն Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի վարկանիշի՝ սպառազինություններ մատակարարող երկրների խոշորագույն հնգյակը շարունակում է գլխավորել ԱՄՆ-ը, որին բաժին է ընկնում գլոբալ զենքի արտահանման 33 տոկոսը։ Ինստիտուտը նշում է, որ ԱՄՆ հիմնական գնորդներն են Սաուդյան Արաբիան՝ 9.7 տոկոս, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 9.1 տոկոս եւ Թուրքիան՝ 6.6 տոկոս, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ամերիկյան զինատեսակների խոշորագույն ներմուծողը Մերձավոր Արեւելքն է, որին բաժին է հասնում ԱՄՆ արտահանման 41 տոկոսը։ Ասիայի եւ Օվկիանիայի երկրների մասնաբաժինը 40 տոկոս է։

Ընդհանուր առմամբ ամերիկյան արտադրության սովորական սպառազինությունների հիմնական զինատեսակների արտահանման ծավալները վերջին 5 տարում 27 տոկոսով աճել են, ի համեմատություն 2006-2010թթ.։

Խոշորագույն զենք արտահանողների ցուցակի երկրորդ հորիզոնականում նախկինի պես Ռուսաստանն է։ Սպառազինությունների միջազգային արտահանման նրա բաժինը կազմում է 25 տոկոս։ Ինստիտուտի փորձագետները նշում են, որ ռուսական արտադրության սովորական սպառազինությունների հիմնական տեսակների արտահանման ծավալները 2006-2010թթ. եւ 2011-2015թթ. ընթացքում 28 տոկոսով աճել են։ Միաժամանակ նրանք նշում են, որ 2014-2015թթ. արտահանման նվազման միտում է գրանցվել։

Ռուսական զենքի հիմնական ներկրողները վերջին 5 տարում եղել են Հնդկաստանը՝ 39 տոկոս, Չինաստանը՝ 11 տոկոս եւ Վիետնամը՝ 11 տոկոս։ Ընդհանուր առմամբ ռուսական զենքի արտահանման 68 տոկոսը 2011-2015թթ. բաժին է ընկել Ասիայի եւ Օվկիանիայի երկրներին։

Մոսկվան նաեւ ամրապնդել է իր դիրքերը եվրոպական շուկայում՝ 6.4 տոկոս, ընդ որում ինստիտուտը նշում է, որ Եվրոպա մատակարարումներն աճել են 264 տոկոսով։

Երկրորդ հնգամյակն անընդմեջ վարկանիշի երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Չինաստանը՝ 5.9 տոկոս գլոբալ արտահանման ծավալներով։ Չորրորդ տեղում է Ֆրանսիան՝ 5.6 տոկոս, իսկ հնգյակը եզրափակում է Գերմանիան՝ 4.7 տոկոս։

Սպառազինություններ ներմուծող խոշորագույն երկրների հնգյակը գլխավորում է Հնդկաստանը՝ 14 տոկոս, նրան հետեւում է Սաուդյան Արաբիան՝ 7 տոկոս, Չինաստանը՝ 4.7 տոկոս, ԱՄԷ-ն՝ 4.6 տոկոս եւ Ավստրալիան՝ 3.6 տոկոս։