Սեպտեմբեր 03, 2017 13:05 Asia/Tehran
  • Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ բարեհաջող փորձարկում անցած ջրածնային ռումբի բոլոր բաղադրիչները 100%-ով հայրենական արտադրության են

Հյուսիսային Կորեայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են միջմայրցամայաքային բալիստիկ հրթիռների համար նախատեսված ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման մասին, հայտնում է Reuters-ը՝ երկրի կենտրոնական հեռուստատեսությանը հղումով:


Աղբյուրը մանրամասնում է, որ միջուկային հզոր փորձարկման հրամանը տվել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Փհենյանը նաև վստահեցրել է, որ փորձարկման հետևանքով ճառագայթման արտահոսք տեղի չի ունեցել:

Ավելի վաղ երկրի առաջնորդը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան ստեղծել է սեփական ջրածնային ռումբը, որի բոլոր բաղադրիչները 100%-ով հայրենական արտադրության են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր 
Tert.am-ը, Հյուսիսային Կորեան իրականացրել է 6-րդ միջուկային փորձարկումը, ինչն ուղեկցվել է ուժեղ ստորգետնյա ցնցումներով:

Փորձարկման հետևանքով երկրի հյուսիսում տեղի է ունեցել 2 երկրաշարժ՝ 4.3 և 6.3 մագնիտուդ ուժգնությամբ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Ռուսաստանի տարածքում, մասնավորապես՝ Վլադիվոստոկում:

Միացյալ Նահանգները, Ճապոնիան ու Հարավային Կորեան արդեն հաստատել են, որ ստորգետնյա ցնցումները հզոր միջուկային փորձարկման հետևանք են: Ամերիկյան կողմի համոզմամբ՝ սա Փհենյանի կողմից երբևէ իրականացված ամենահզոր միջուկային փորձարկումն է, ինչը, ըստ մասնագետների, տագնապի ազդանշան պետք է լինի Արևմուտքի համար:

Հարավային Կորեայի պաշտպանական կոմիտեի փոխանցմամբ՝ պայթյունի ուժգնությունը եղել է 100 կիլոտոննա, ինչը բավական է մի ամբողջ քաղաք վերացնելու համար:

Այսօր հրապարակված լուսանկարներում երևում է՝ ինչպես է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն ուսումնասիրում  ջրածնային ռումբը, որը պետք է դրվի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրա:

tert.am

Պիտակ