Եվրոպացի 90 մտավորական կոչ է արել Գերմանիայի իշխանություններին միջամտել Աֆրինի հարցին
Եվրոպական տարբեր երկրներից 90 մտավորականներ նամակ են հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելին՝ կոչ անելով միջամտել թուրքական ԶՈւ-ի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող ռազմական գործողությանը:
Ինչպես գրում է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը, մտավորականները քննադատել են Գերմանիայի իշխանությունների՝ Աֆրինի հարցում ունեցած պասիվ դիրքը և կոչ արել ջանքեր գործադրել մարդու իրավունքների պաշտպանության համար:
Մտավորականները պահանջել են Մերկելից ու Գաբրիելից, օգտագործելով իրենց իրավասություններն ու հնարավորությունները, կատարել իրենց քաղաքական պարտքը՝ պաշտպանելով Աֆրինի քաղաքացիական հասարակությանը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
Tert.am