Արևի երկրի ներգաղթյալը (Ի հիշատակ տիկին Կունիկո Յամամուրայի)
(last modified Wed, 06 Jul 2022 10:29:51 GMT )
Հուլիս 06, 2022 14:59 Asia/Tehran

Կյանքից հեռացել է Իրանի Իսլամական Հանրապետության սրբազան պաշտպանության միակ ճապոնացի նահատակի մայրը՝ Կունիկո Յամամուրան։

Նա  զուսպ էր ու համեստ: Ես նրան հանդիպեցի աշխատանքից տուն վերադառնալիս, ռադիոհեռուստատեսության կազմակերպության մեքենայի  մեջ։ Երբ հեռվից դիտում էի նրան, նա մյուս գործընկերների  պես  հիջաբով ու չադրայով  լիովին ծածկված էր:Բայց երբ մոտենում էի նրան, նկատում էի, որ նա ոչ թե իրանցի , այլ հեռավոր արևելքից եկած կին է։

Կունիկո Յամամուրա

Նա քաղաքավարի էր և  քչախոս: Աշխատանքից տուն վերադարձի ժամանակ  նա միշտ կանգնած էր կազմակերպության մեքենաների կողքին, որպեսզի նախ մյուսները նստեն մեքենա։ Այդ օրը, երբ նրա ձեռքին տեսա թարգմանական թերթիկները, հասկացա, որ նա ռադիոհաղորդումների թարգմանիչներից է։ Իսկ ես, որպես այդ նյութերի հեղինակ, մոտեցա նրան ու սկսեցի  խոսել նրա հետ ու հարցնել հաղորդումների որակի մասին։

Նա ինքը գրող էր,և տարիքը 50-ից բարձր էր։ Նա ասում էր, որ ինքն ակտիվ գործունեություն է ծավալել ճապոներեն ռադիոյի՝ այս լրատվամիջոցի հիմնադրման առաջին տարիներին, այնուհետև որպես փորձագետ աշխատակցել է  այս ռադիոյին: Բայց նրա հեղափոխական ոգին աննկարագրելի է։ Նա մի փոքրիկ Ղուրան ուներ  ձեռքում և ճանապարհին միշտ կարդում էր այն: Նա ասում էր, որ Ղուրանի ձայնն իրեն աննախադեպ հաճույք է պատճառում։ Երբեմն, երբ խոսում էր, թվում էր, թե իսլամն ու հեղափոխությունը նրա էության մի մասն են... բայց երբեք նա չասաց, որ սգավոր մայր է, և իր  որդին նահատակվել է ճակատամարտում: 

Տեղեկացանք, որ Իրանի Իսլամական Հանրապետության սրբազան պաշտպանության միակ ճապոնացի նահատակի մայրը՝ Կունիկո Յամամուրան, ուրբաթ, հուլիսի 1-ին Թեհրանի «Խաթամ-օլ-Անբիա» հիվանդանոցում մահացել է հիվանդության պատճառով։ Նրա մահն ինձ ծանոթացրեց նրա  կյանքի այլ իրողություններին, որոնք արժե լսել, և լավ է, որ դուք նույնպես ծանոթանաք դրանց։ Այս իրողությունները ցույց են տալիս մի մարդու աճն ու վերելքը, ով ճանաչեց տիեզերքի արարչին և ընտելացավ  նրան և շարժվեց մի ճանապարհով, որը նրան դարձրեց մուսուլման կնոջ օրինակ, ով պատասխանատու է իր ճակատագրի և հասարակության համար:  Հարգանք նրա հիշատակին: 

----

Մեծ պահանջարկ ունեցող և շատ տպաքանակով վաճառվող «Արևի երկրի ներգաղթյալը» գիրքը  պատմում է ճապոնացի հիջաբով տիկնոջ՝ Կունիկո Յամամուրայի հուշերը:  Գրքի հեղինակն է՝ Համեդ Հեսամը, ով սրբազան պատշպանության տարիների աշխատությունների հեղինակներից է: Նա այն ժամանակ երբ մասնակցել էր  Հիրոսիմայում տեղի ունեցած համագումարին, ծանոթացել է ճապոնացի տիկնոջ հետ և հմայվել է նրա գործունեությամբ ու աշխատանքներով: Կունիկո Յամամուրան ասում է. «Ես երբեք չէի պատկերացնում, որ իմ կյանքի պատմությունը մի օր գրքի տեսքով կհրատարակվի, որովհետև եթե ես մնայի Ճապոնիայում  ընտանիքիս կողքին, ապա  ես շատ սովորական կյանք կունենայի, մինչդեռ երբ ծանոթացա մի իրանցի մուսուլմանի հետ ամբողջությամբ փոխվեց իմ կյանքի ուղին և նրա միջոցով ես եկա նոր ու անճանաչելի աշխարհ:  

Մի տիկին, ով ժամանակին որպես օտարերկրյա հյուր ոտք դրեց Իրանի հողի վրա, այնքան տարվեց այս երկրի մշակույթով և համոզմունքներով, որ ինքը դարձավ զինվոր  իսլամական հավատալիքների տարածման և իսլամական հեղափոխության արժեքների պահպանման ասպարեզում։ «Արևի երկրի  ներգաղթյալը» գիրքը պատմում է  այն կանանց ջանքերի մասին, ովքեր առանց որևէ ակնկալիքի  իրենց ողջ կյանքը նվիրաբերեցին սրբազան  իդեալների իրականացման ճանապարհին։ Գիրքը պատմում  է այն կանանց կյանքի մասին, ովքեր թեև հրացան չեն վերցրել իրենց ձեռքը, բայց սխրանքներ  են գործել։ Երաժաշտական կարճ դադարից հետո մի կծանոթանանք Արևի երկրի ներգաղթյալի հուշերին:

--- 

«Կունիկո Յամամուրան» ծնվել և մեծացել է Ճապոնիայի բուդդայական ընտանիքում։ Նա սովորել է ծաղիկների ձևավորման և կանաչ թեյի ուսուցման արվեստը, ինչպես մյուս երիտասարդ ճապոնացի աղջիկները: Բայց ճապոնիայում պատերազմը  գորշ ամպեր էր կուտակել մարդկանց գլխին, և այս տեսակի զվարճանքները մոռացության էին մատնվել։ 20 տարեկանում նա ծանոթանում է մի իրանցի երիտասարդի հետ,որի իսլամական բարքերից տապավորվելով  իսլամ է ընդունում։ Նա ներշնչվելով  Ղուրանի սուրբ գրքից իր համար ընտրեց «Սաբա» անունը։ Նա այսպես է  նկարագրում իր կյանքի վերափոխման պատմությունը:

«Այդ օրը, երբ մտա «անգլերեն» առարկայի դասարան, առաջին հայացքից ուշադրությունս գրավեց երկու անծանոթների ներկայությունը դասարանում: Նոր անդամ մի օտարերկրացու հետ: Բայց չհետաքրքրվեցի թե նրանք ովքեր են։ Դասը սկսվեց, և բոլորը կենտրոնացած էին ուսուցչի ուսուցման վրա, երբ կեսօրին  դասի ժամանակ, այդ օտարերկրացի հյուրը վեր կացավ, գնաց դասարանի մի անկյուն և սկսեց կռանալով և վեր կենալով  մրմնջալ։ Դասը ոչ ոք այլեւս չէր լսում։ Բոլորս զարմացած նայեցինք նրան և մատնացույց անելով իրար հարցրինք. Ի՞նչ է նա անում։ Մի՞թե նա կորցրել է խելքը։

Այդ օրը մենք գնացինք տուն բազմաթիվ անպատասխան հարցերով, բայց հաջորդ օրը օտարերկրացին եկավ մեր դասարան, և մենք սկսեցինք հարցնել, թե ինչ է տեղի ունեցել երեկ, օտարերկրացին, որը հիանալի տիրապետում էր անգլերենին, պատասխանեց. «Ես իրանցի մուսուլման եմ։ Երեկ ես այստեղ աղոթեցի: Աղոթքը մեր կրոնի պաշտամունքն է և մի տեսակ երախտագիտություն է ուղղված Աստծուն»... Մինչև այդ օրը, Իրանի անունը միայն նավթի հետ էր կապված, և մենք դրա մասին այլ բան չէինք լսել։ Մենք չգիտեինք, թե որտեղ է Իրանը և ինչ համոզմունքներ ունի  նրա ժողովուրդը։ Մենք ոչինչ չգիտեինք իսլամի մասին։ Այդ դեպքը մեզ հետաքրքրեց ավելին իմանալու իսլամի մասին: Այդ իրանցի պարոնի ներկայությունը, որի անունը հետո իմացա, որ «Ասադուլլահ Բաբայի» էր, կրկնվեց մեր անգլերերնի դասաժամին, և այս հանդիպումները փոխեցին իմ կյանքի ճակատագիրը, և նա ինձ ամուսնության առաջարկ արեց»: 

Կունիկո Յամամուրա

Յամամուրան գիտեր, որ իր բուդդայական ընտանիքը յուրահատուկ նախապաշարմունքներ ունի: Նա հավելում է.«Հայրս կտրականապես դեմ էր մեր ամուսնությանը։ Որովհետև իմ հոր և ճապոնացիների մեծամասնության կարծիքով օտարերկրացին հավասարազոր էր ամերիկացուն, և մենք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեր երկիր մտած ամերիկացիներից հանցագործությունից ու կոռուպցիայից բացի ուրիշ բան չէինք տեսել։ Բայց հորս բացասական պատասխանը պարոն Բաբայիին չստիպեց  հանձնվել։ Վերջապես հայրս համաձայնեց, բայց  մի պայման դրեց իմ առաջ, ասելով՝ «Եթե ամուսնանաս ու գնաս Իրան, ինչքան էլ կյանքումդ խնդիրներ առաջանան, իրավունք չունես մտածել վերադառնալու մասին»։ Ես էլ ընդունեցի.... 

----  

Իսլամական հեղափոխության հաղթանակից շատ չանցած՝ սկսվեց  Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմը։ Սաբա Բաբային, ով այդ ժամանակ երեք երեխա ուներ, ասում է. «Այդ օրերին Սալմանը և Մոհամմադը մզկիթի երեխաների հետ միասին հավաքում էին հարևանների նավթի ամանները  և գնում էին մի կետից մյուս կետ՝ նավթ գտնելու։ Ես ու աղջիկս ամեն ինչ անում էինք հեղափոխականներին օգնելու համար՝ վիրավորների համար շոր ու սավան պատրաստելուց սկսած մինչև Մոլոտովի կոկտեյլներ պատրաստելը։ Ինձ համար շատ հետաքրքիր էր, որ մենք ընդհանրապես չէինք վախենում։ Երբ տեսնում էի մարդկանց նման զոհողությունները, համոզվում էի, որ հաղթելու ենք։ Եվ ես հասկացա, թե որքան կարևոր է առաջնորդի դերը։ Եթե ​​Իմամն ու նրա առաջնորդությունը չլինեին, ժողովրդական հեղափոխությունը չէր հաղթի։ Նայեք մեզ շրջապատող երկրներին ու նրանց հեղափոխությունների ճակատագրին, կանդրադառնաք այս հարցի կարեւորությունը»։

Սաբա Բաբային սրտակցության և ընկերակցության խոր զգացում ուներ իսլամական հեղափոխության և նրա իդեալների նկատմամբ: Այս սրտակցության գագաթնակետը որդուն՝ Մուհամադին  ճակատամարտ ուղարկելն է։ Նա  ասել է.«Մուհամմադը երբեք չէր փորձում պատրվակներ փնտրել: Նա սիրում էր պարզությունը և միշտ սպիտակ կամ մոխրագույն հագուստ էր կրում։ Ոչ ոք նրան գունավոր հագուստով չտեսավ։ Նա միշտ սպիտակ սպորտային կոշիկներ էր հագնում և քանի դեռ կոշիկները չէին պատռվել, այլ կոշիկ չէր հագնում։ Մուհամմադի պարկեշտությունը, բարեպաշտությունն ու պարզությունն ինձ հիշեցնում էր Իմամ Խոմեյնիի 1963 թվականի (իրանական 1342 թ.) պատմական հայտարարությունը , երբ նա ասաց. «Իմ զինվորները օրորոցներում են»: Մտածում էի՝ արդյոք իմ Մուհամմադն այն զինվորներից մեկն է, որոնց  գալու մասին իմամն ավետել էր ...»:

Մուհամմադը 18 տարեկան էր, երբ իմամը ուղերձ ուղարկեց երիտասարդներին՝ համալրել  ռազմաճակատի շարքերը:Որդիս ասաց՝ ես էլ եմ ուզում գնալ ճակատ, չառարկեցի նրան։ Քանի որ ես սովորել էի, որ իսլամի տեսանկյունից երեխաներն Աստծու տվածն են և պետք է վերադարձվեն Նրան: Ծնողների պարտականությունը միայն նրանց ճիշտ դաստիարակելն է։ Ես սովորել էի, որ եթե իմ երեխան ընտրի Աստծո ճանապարհը, ես չպետք է արգելեմ նրան։ Իհարկե, ինձ անծանոթ չէր այս միջավայրը, քանի որ Սալմանը` իմ ավագ որդին, ով ուսանող էր, Մուհամմադից առաջ գնացել էր ռազմաճակատ, վիրավորվել ու վերադարձել էր: Իսկ Մուհամմադը ևս մեկ անգամ գնացել էր Արևմտյան ճակատ և ընդունելության քննության ժամանակ վերադարձել։

Քննությունը հանձնելուց հետո որոշեց նորից գնալ ճակատ։ Իր վերջին նամակում նա գրել էր.«Ես որոշել եմ մնալ ռազմաճակատում և պայքարել թշնամու դեմ մինչև արյանս վերջին կաթիլը։ Այս ամբողջ հողը ներկված է նահատակների արյունով։ Ես չեմ կարող հեռանալ այստեղից...» 1983 թվականի ապրիլի 11-ին Մուհամմադը Ֆաքեհում «Վալ Ֆաջր-1» գործողության ժամանակ հասավ իր  նպատակին և նահատակվեց իրաքյան ուժերի կողմից խոցվելով։ Մոհամմադի նահատակությունից հետո, երբ հայտարարվեցին ընդունելության քննությունների արդյունքները, լուր ստացանք, որ նա ընդունվել է Թեհրանի գիտատեխնիկական համալսարանի մետալուրգիական ճարտարագիտության ճյուղում»:

Տիկին Բաբային շարունակում է խոսքը, ասելով «Մուհամմադի նահատակությամբ մեր այցելությունները Բեհեշթ Զահրա ավելացան։ Այնտեղ, երբ նայեցի հանգուցյալի տապանաքարերին, տեսա, որ հանգուցյալի անվան կողքին միայն հոր անունն է գրված։ Ես բողոքեցի պարոն Բաբայիին և ասացի.«Ամեն մարդ մեկ հոր և մեկ մոր զավակն է։ Ինչո՞ւ, երբ նա մահանում է, միայն հոր անունն է գրվում նրա տապանաքարի վրա։ Ուրեմն ո՞րն է լինելու նրա մոր բաժինը։ Մուհամմադը նույնպես իմ որդին էր։ Պարոն Բաբային ասաց. «Դուք իրավացի եք»: Մեր զրույցի արդյունքում գեղեցիկ բան ստացվեց։ Այժմ Մուհամմադի տապանաքարը թերեւս միակ տապանաքարն է, որի վրա նահատակի հոր անունից բացի փորագրված է նաեւ մոր անունը։

Կունիկո Յամամուրան  և իր նահատակված որդին

Նահատակ Մոհամմադ Բաբայիի մայրն ասում է.«Այս տարիների ընթացքում ոչ մի  օգնություն չեմ խնայել, սկսած դպրոցներում արվեստ և Թեհրանի համալսարանում ճապոներեն դասավանդելուց , մինչև առաջնորդության նախարարությունում թարգմանչական աշխատանք կատարելը և Հաջջի ուխտագնության ժամանակ քարոզելը: Բայց իմ բոլոր աշխատանքների մեջ Թեհրանի Խաղաղության թանգարանում աշխատելը այլ  բան է»:

Թերևս դա էր պատճառը, որ Թեհրանի խաղաղության թանգարանի տնօրեն Մոհամմադռեզա Թաղիփուր Մողադամը վերջերս ասել էր.«Թեհրանի խաղաղության թանգարանը Մերձավոր Արևելքում առաջին խաղաղության թանգարանն է, որը ստեղծվել է պատերազմում քիմիական զենքի կիրառման հետևանքների մասին իրազեկելու և աշխարհում խաղաղության և բարեկամության մշակույթը խթանելու նպատակով։ Բացի լուսանկարներից, տեսանյութերից և գրություններից, Խաղաղության թանգարանի իրական փաստաթղթերը կենդանի վկաներ են, որոնք կամ իրենք քիմիական զենքի հետևանքով տուժածներ են, կամ նրանց ընտանիքի անդամներից մեկը նահատակվել է պատերազմում:  Ի դեպ ճապոնական ծագում ունեցող տիկին Բաբային,որն  արժեքավոր վկա է, և  որպես մուսուլման և նահատակի մայր, Թեհրանի Խաղաղության թանգարանի հաջողության գաղտնիքներից է: Նա լավ հարաբերություններ է հաստատում այցելուների հետ։ Նա 17 տարուց ի վեր քիմիական զենքից տուժածների աջակցության ասոցիացիայի անդամ էր, և մեզ հույս ու մոտիվացիա տվեց այստեղ ավելի արդյունավետ ներկայություն ունենալու համար։ Փաստորեն, տիկին Բաբային Թեհրանի խաղաղության թանգարանի մայրն էր։  Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի նրա հոգին: