Մայիս 21, 2016 15:03 Asia/Tehran

Հյուսիսը, արևմուտքն ու հարավը փլուզվելու են, գահերը կործանվելու են ու սասանելու են երկրները, ուրեմն հայացքդ ուղղիր մաքուր արևելքին, որպեսզի իր զով զեփյուռով, սիրով ու գազելներով քեզ կենդանություն պարգևի:

Խաջե Շամսեդդին Մոհամմեդ Հաֆեզ Շիրազին Իրանի ու աշխարհի 14-րդ դարի ամենամեծ գազելագիրներից ու գրողներից է, ով բազմաթիվ սիրահարներ ունի աշխարհի տարբեր կողմերում: Ասես ինքն էլ դա կանխատեսելով իր գազելներում գրել է.

Թե իմ գերեզմանի կողքով անցնես, կանգ առ

Քանզի դա աշխարհի ազատախոհների ուխտավայրը կդառնա:

18-րդ և 19-րդ դարերի գերմանացի բանաստեղծ, գրականագետ, գրող ու գեղանկարիչ Յուհան Վոլֆգանգ Ֆոն Գյոթեն Հաֆեզի սիրահարներից էր, ով դիմելով նրան գրել է. «Հաֆեզ, քեզ հետ համեմատվելը կարող է խելագարության նշան համարվել: Դու այն նավն ես, որ հպարտորեն պարզել է իր կայմերը, որպեսզի ճեղքի ծովերն ու ալիքները, իսկ ես փայտի այն կտորն եմ, ում ապտակում են օվկիանոսի ալիքները: Քո հուզիչ խոսքերում ալիքը հաջորդում է ալիքին, ու երբեմն կրակի ծով է բոցավառվում ու այդ կրակե ալիքը կլանում է ինձ: Այդուհանդերձ դեռ մի փոքր համարձակություն եմ գտել , որպեսզի ինձ դասեմ քո հետևորդների շարքը»:

---

«Խոնարհվել Հաֆեզի առջև» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են գերմանացի գեղանկարիչ Գյունթեր Օքերի ստեղծագործությունները մի քանի օր է ինչ կայացել է Թեհրանում ու շարունակվելու է մեկ ամիս: Գյունթեր Օքերի կտավները ներշնչված են Հաֆեզի գազելներից: Ցուցահանդեսը նախ կազմակերպվել էր Շիրազի «Հաֆեզիե»-ում ու նրա դամբարանի հարևանության մեջ, որից հետո փոխադրվել է Թեհրանի «Իմամ Ալի»-ի անվան կրոնական արվեստների թանգարանը: «Խոնարհվել Հաֆեզի առջև» ցուցահանդեսն Իրանից հետո ներկայացվելու է նաև Գերմանիայում:

«Խոնարհվել Հաֆեզի առջև» ցուցահանդեսի բացումը կատարվեց Իրանի գեղարվեստական ոլորտի պատասխանատուների, Գյունթեր Օքերի, գերմանական ցուցասրահների տերերի ու նաև իրանցի արվեստագետների ներկայությամբ: Ցուցահանդեսում ներկայացված են Հաֆեզի 30 գազելների ներշնչմամբ ստեղծված 42 կտավներ:

Օքերը գերմանացի հայտի արվեստագետներից է, ով 50 տարուց ի վեր է ինչ դասվում է արևմուտքի արվեստի առաջատարների շարքում և անդամակցում է ավանգարդիստների «Զիրո» խմբին: Հակառակ Գյոթեին ով արևելք այցելելու բախտը չունեցավ և իր «Արևելյան արևմտյան» ստեղծագործության մեջ ներշնչվեց գրավոր աղբյուրներից, Օքերն անմիջական և ուղղակի ազդեցություն է կրել:

2012 թվականին Օքերի ստեղծագործությունների մեծ ցուցահանդեսը «Խոցեր ու կապեր» խորագրի ներքո կազմակերպվեց Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանում ու մի քանի ամիս անց ներկայացվեց նաև Սպահանի ժամանակակից արվեստների թանգարանում: Թեհրան ու Սպահան կատարած նրա ուղևորությունը պատճառ դարձավ, որ նա ավելի լավ ծանոթանա իրանական-իսլամական արվեստներին , ինչը մեծապես ազդեց նրան:

Նա վերջին երկու տարիներին դադարեցրեց իր աշխատանքային բոլոր նախագծերն ու գեղարվեստական ծրագրերը և կենտրոնացավ այս նախագծի վրա: Հաֆեզի բանաստեղծություններից ուղղակիորեն կրած ազդեցությունն այս նախագծի գլխավոր յուրահատկությունն է, ինչը այն վերածել է վերջին տասնամյակներում Իրանի ու արևմուտքի միջև մշակութային ամենամեծ երկխոսության ու համագործակցության խթանիչ գործոնի:

Գերմանացի արվեստագետը Շիրազում իր ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց. «Սա Հաֆեզի ու բանաստեղծական ազատության, ինչպես նաև մարդու հանդեպ նրա զգացմունքի խորության ու տառապանքի ընկալման մեծարումն է, ինչն իմ ստեղծագործություններում երևան է եկել գույների ընկերակցությամբ»:

Նա այս հանդիսության ժամանակ հանեց կոշիկներն ու ներկայանալով Հաֆեզի դամբարանում հարգանքի տուրք մատուցեց նրան:

---

Թռուցիկ հայացք նետելով գերմանացի արվեստագետի կտավներին կարելի է ըմբռնել, որ Օքերը մեծ սեր ունի Հաֆեզի հանդեպ, և նրա բանաստեղծություններն իր դիտանկյունից վերածել է գծերի ու գույների և իր կտավները զարդարել է Հաֆեզի գազելներով: Այս կտավների գունապնակը բարձրագույն արվեստի լույսի ու գույնի փայլն է, սակայն այդտեղ միևնույն ժամանակ կարելի է նկատել ոչ-տեղացի արվեստագետի հետքը: Օքերը տիրապետում է իրանական ճարտարապետության ու գեղանկարչության մեջ կենսական նշանակություն ունեցող երկրաչափական ձևերին ու գույներին և օգտվելով սիմետրիկ գծերից դիտողի մոտ մզկիթի պես կրոնական շինությունների պատկերացում է ստեղծում:

Հաֆեզն իր բանաստեղծություններում փորձ է կատարում ձերբազատվել կյանքի նյութեղեն ծավալներից ու նկարագրում է տիեզերքի ճշմարտությունները: Իրանցի արվեստագետի ու արվեստի համար տիեզերքը լեցուն է աստվածային նշաններով, որոնց միայն կարելի է նկարագրել սիմվոլների լեզվով: Օքերը մասամբ ըմբռնել է հոգևոր ու աստվածային այս սիմվոլները և իր մի քանի կտավներում դրանք ներկայացրել է կենդանի ու բաց գույնի կլոր շրջաններով:

Կլոր շրջանը, որպես ճշմարտության հանգելու և միստիցիզմի սիմվոլ օգտագործում է, որպես իրանական արվեստների գլխավոր տարրերից մեկը և խորհրդանշում է միացման համար դեպի կենտրոն ուղղված ընթացքը, ինչը հանդիսատեսի ուշադրությունը հրավիրում է դեպի կենտրոնը: Օքերն իր կտավներում բազմիցս օգտվել է այդ սիմվոլներից:

Ուժեղ գույներով ծաղիկներն ու տերևները խորհրդանշում են կենսունակությունն ու լուսարարությունը, ինչը Հաֆեզի պատկերած դրախտային այգու բույրից նկարչի ընկալման արդյունք է: Գույնը տարր է, որ ամեն ինչից առավել ուշադրության արժանանում կտավներում: Այս արվեստագետի շատ ստեղծագործություններում օգտագործված գույները թեև աշխարհում ունեն իրենց որոշակի իմաստը, սակայն Օքերը չի անտեսել իրանական արվեստում այդ գույների ավանդական իմաստը և գույների կիրառման ժամանակ ուշադրություն է ցուցաբերել դրանց հանդեպ:

Գեղանկարչության մի փորձագետ համոզված է, որ կտավները դիտողի համար առավելապես համարվում են ստեղծագործողի ներքին հայտնությունն ու Հաֆեզի բանաստեղծություններից նրա անձնական ընկալման արդյունքը: Հետևաբար եթե Հաֆեզի գազելները կտավի վրա պատկերի իրանցի մի արվեստագետ դրա արդյունքը կլինի առավել տեղական, ինչը նաև առավել գրավիչ ու ընկալելի կլինի իրանցի դիտողի համար:

Այս կտավները իրանական գազելի և մոդեռն գեղանկարչության միաձուլում են և այդ հիման վրա թվում է, որ ոչ-իրանցի դիտողն ավելի լավ կապ կարող է ստեղծել այս ստեղծագործությունների հետ: Ի դեպ, թվում է, որ այն բոլորն ինչ գոյություն ունեն Հաֆեզի հմայիչ բանաստեղծություններում ու նաև նրա գազելների կախարդանքը հնարավոր չէ գտնել այս կտավներում ու դրանք չեն կարող համեմատվել Հաֆեզի դիրքի հետ:

Հաֆեզը բոլոր ժամանակների ու դարերի բանաստեղծն է, ով որևէ աշխարհագրական սահմանում չի տեղավորվում ու պատկանում է աշխարհի բոլոր ժողովուրդներին: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի գրեթե բոլոր լեզուներով և նրա համբավը աշխարհատարած է: Հաֆեզի պոեզիան ու նաև Հաֆեզի ու Գյոթեի գաղափարների ընդհանուր եզրերը վերացրել են Իրան ու Գերմանիայի միջև եղած սահմաններն ու իրար են մոտեցրել այդ երկու երկրներին: Աշխարհի բոլոր ժողովուրդները հմայված են Գյոթեով ու Գյոթեն հմայված է եղել Հաֆեզով: Հաֆեզի հանդեպ սերը Գյոթեն արտահայտում է գրական տողերում, իսկ այս հուզումն այսօր կարելի է նկատել Գյունթեր Օքերի կտավներում:

---

«Խոնարհվել Հաֆեզի առջև» ցուցահանդեսի հետ միաժամանակ նաև տեղի ունեցավ Գյունթեր Օքերի գրքի շնորհանդեսը: Այս գիրքը պարունակում է այն ստեղծագործությունները, որոնք անցած տարվա սեպտեմբերին Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանում հանձնվեցին հանդիսատեսի դատողությանը: Գրքի ներքին շապիկի վրա աչքի է ընկնում Օքերի հետևյալ արտահայտությունը. «Թեհրանում ջերմ ու էներգիա հաղորդող բարի հայացքներից տպավորված խոսում եմ ձեզ հետ: Այս տպավորությունը կարելի է նկատել իմ արցունքներում, որոնք հուշերը միաձուլում են կարոտին և վերհիշում եմ այնպիսի հանդիպումներ, որոնք հագեցած են եղել բարի հպարտությամբ»:

Այս թանկարժեք գիրքը պարսկերեն, անգլերեն ու գերմաներեն լեզուներով հրատարակվել է Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի կողմից: Օքերը գրքում Հաֆեզի մասին գրել է. «Ես մեծարում եմ բանաստեղծ Հաֆեզին՝ նրա պոետական ազատության, մարդկային զգացմունքների հետ խոր մտերմության և արարչագործության մեջ նկատած հույզի ու տառապանքի համար, որոնց արտացոլել է իր ստեղծագործություններում: Հաֆեզի բանաստեղծությունները դեգերում են այն ինչի միջև որ կարելի է արտահայտել ու նրա՝ ինչը հնարավոր չէ արտահայտել: Այս բանաստեղծություններն ինձ մոտ մղում են առաջացրել, որպեսզի նրան ընկերակցեմ իմ գույների միջոցով՝ դրախտային այգու բույրով հագեցած երգով հույզերի այն դաշտում որի վրայով սավառնում է արևելյան զեփյուռը: Սրանք բոլորն ինձ մղեցին, որպեսզի այս բանաստեղծի ստեղծագործությունները պատկերազարդեմ ու թագ դնեմ դրանց գլխին»:

Մեր զրույցն ավարտում ենք Հաֆեզի անհատականության, մտքերի ու գրականության մասին Գյոթեի խոսքերով. «Ով Հաֆեզ, քո խոսքը նման է մեծ հավերժության, քանզի չունի սկիզբ ու վախճան: Քո խոսքը նման է երկնքի գմբեթին, միայն հիմնված է իր վրա ու գազելի սկիզբ ու վերջը չի կարելի տարբերել, քանզի բոլորն էլ կատարելիության ու գեղեցկության գագաթնակետին են: Եթե մի օր աշխարհը հասնի ավարտին, ով երկնային Հաֆեզ, փափագում եմ միայն լինել միայն քեզ հետ ու քո կողքին: Քանզի դա իմ կյանքի պարծանքն ու ինձ շունչ պարգևող աղբյուր է»:

---

Պիտակ