Հուլիս 28, 2019 15:16 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի Իրան կատարած այցին, Ռուսաստան արտագաղթող հայերի թվի կտրուկ աճին, Ռուսական ՍՈՒ-30ՍՄ կործանիչները Հայաստանին հանձնվելուն և «S-400» համակարգերի Թուրքիային հանձնվելուն զուգահեռ ԱՄՆ-Թուրքիա լարվածության սրմանը:

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում  ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Նորայր Արամյանի, Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի, պալատի խորհրդի անդամների, համայնքային մարմինների մի շարք ներկայացուցիչների,  ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայազգի մի շարք գործարարների և մասնագետների հետ:

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը,  նորաստեղծ նախարարության առաջնահերթություններն ու  իրականացվող ծրագրերը: Նախարարը հատկապես կարևորել է ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությունը։

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի շատ տաղանդավոր մասնագետներ մաթեմատիկայի, աստղաֆիզիկայի, արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկայի, տեխնոլոգիական մյուս բնագավառներում, որոնք իրենց գիտելիքներով և փորձով կարող են մրցունակ լինել միջազգային ցանկացած շուկայում։

Նախարարը խոսել է նաև Հայաստան-Սփյուռք կապերի խորացման ուղղությամբ ՀՀ կառավարության նոր մոտեցումների և առաջիկա ծրագրերի մասին, մասնավորապես, ներկայացրել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որը հնարավորություն է տալու Հայաստանում գոյություն ունեցող և ստեղծվող ընկերություններին ուղիղ կապ ունենալ աշխարհի շուկաների հետ: Կարևորվել է նաև հայկական սփյուռքի ինտելեկտուալ ներուժի ներգրավումը հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում:

-------------------------

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատում Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա հարաբերությունների մակարդակը:

Այս մասին Գրիգորյանն ասաց հուլիսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ հարցին:

«Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: Պատմական, բարեկամական հարաբերությունները, որ եղել են Հայաստանի և Իրանի միջև, շարունակաբար զարգացել են, և այսօր էլ օրինակելի են: Մենք երբևիցե չենք փորձում այլ պետությունների հարաբերությունների մեջ մտնել, մենք մեր հարաբերությունները երկկողմ ենք կառուցում: Իհարկե, մնացած հարաբերությունները որոշակի ազդեցություն ունենում են, բայց մենք անում ենք առավելագույնը, որպեսզի որևէ ազդեցություն չունենա»,- ասաց Գրիգորյանը:

--------------------

Իրան-ԱՄՆ հարաբերությունների հանդեպ չեզոք մնալը սխալ է Հայաստանի բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ, և կարևոր է այս հարցում հստակ դիրքորոշում հայտնել, որն առաջին հերթին բխում է Հայաստանի շահերից և չի խափանում այլ երկրների շահերը: Այս մասին հայտարարել է իրանագետ Ահարոն Վարդանյանը:

------------------

2019թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի Դաշնության բնակչության միգրացիոն աճը կտրուկ ավելացել է՝ գերազանցելով վերջին տասնամյակի բոլոր ցուցանիշները, գրում է «Իզվեստիա»-ն՝ Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի հետազոտությանը հղումով:

Ընթացիկ տարվա առաջին ամիսներին Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 98000 մարդ է կազմել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 57 100 է եղել:

Նշվում է, որ ամենից շատ ավելացել է Հայաստանից և Ուկրաինայից ներգաղթյալների թիվը: 2019թ.-ի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է մեկնել 12 800 մարդ՝ 2018թ.-ի 4900-ի համեմատ: Ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ Ռուսաստան է ժամանել Հայաստանի 49 000 քաղաքացի:

Սա վկայում է այն մասին, որ անցած տարի Հայաստանում տեղի ունեցած զարգացումները ոչ միայն չեն հանգեցրել իրավիճակի բարելավմանն այլև ընդահակառակը դա սրել են:

Թվում է, որ Հայաստանում փոփոխությունների հանդեպ լավատեսությունն արագորեն գունաթափվում է: Իհարկե դա բնական է համարվում, քանի որ քաղաքական լայնամասշտաբ փոփոխություններից ու դրան հաջորդած անկայունությունից ամենաշատն ազդվում են տնտեսական ցուցանիշները:

Քաղաքական անկայունությունը մթագնելով տնտեսական աշխատանքների հեռանկարը խթանում է երկրից կապիտալի արտահոսքին ու դրան զուգահեռ ներդրումների ծավալները կրճատվում են:

Նման պայմաններում բնական է, որ հայաստանցի քաղաքացիներն անապահովություն զգալով ու դրական հեռանկար չունենալով դիմում են արտագաղթի: Թվում է, որ Հայաստանի ներկա իշխանությունները պիտի որդեգրեն այնպիսի մի ընթացք որի արդյունքում կայունություն հաստատելով կվերականգնվի այդ երկրի կառավարության քաղաքականությունների հանդեպ ժողովրդի վստահությունը:

-----------------------

Ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն մինչև 2020 թ. սկիզբը:

Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ըստ պայմանագրային պարտավորությունների՝ մենք ակնկալում ենք արտադրողների պարտավորությունների իրականացումը այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին»,- ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով բանակում սպառազինության այլ համալրումներին՝ նախարարը, փակագծեր չբացելով, նշեց, որ ռազմական անակնկալներ են լինելու:

Սա կարող է ուշագրավ ազդեցություն գործել ԼՂ-ի տարածքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության վրա:

-----------------------------

Global Firepower-ը հրապարակել է 137 երկների 2019 թ.-ի ամենաուժեղ բանակների վարկանիշային ցուցակը:

Տեղեկատվության համաձայն, 2018 թ.-ի համեմատ Հայաստանի բանակը 12 կետով զիջել է դիրքերը և զբաղեցնում է 96-րդ տեղը:

Վարկանիշը գլխավորում է Միացյալ Նահանգները: Երկրորդ տեղում է Ռուսաստանը, իսկ առաջատար եռյակը եզրափակում է Չինաստանը:

Թուրքական բանակը վարկանիշում զբաղեցնում է 9-րդ տեղը, Իրանը՝ 14-րդ: Վրաստանի բանակը 85-րդ հորիզոնականում է, իսկ Ադրբեջանինը՝ 52-րդ:

-----------------------

Ռուսական «S-400» հակահրթիռային պաշտպանության համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիային հանձնվելով ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև լարվածությունը սրվեց:

Վաշինգտոնն Անկարային սպառնացել էր, որ հիշյալ համակարգերը գնելու դեպքում հայտնվելու է ԱՄՆ-ի սև ցուցակում և այդ երկրի դեմ պատժամիջոցներ գործադրվելով դադարեցվելու է Թուրքիային «ԷՖ-35» կործանիչների տրամադրումը:

Թուրքիայի ԱԳ նախարարը պատասխանելով հիշյալ սպառնալիքներին ասել է, որ եթե ԱՄՆ-ն թշնամական մոտեցում ցուցաբերի Թուրքիան պատրաստ է լինելու պատասխան քայլերի դիմելու: Նա Թուրքիայի «TRT» հեռուստակայանի հետ զրույցում հավելել է. «ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկվելու դեպքում Անկարան ընդունակ է և պատրաստ է պատասխանելու Վաշինգտոնի պատժամիջոցներին»:

Թուրքիայի ԱԳ նախարարը միևնույն ժամանակ անընդունելի համարելով իր երկրի դեմ ԱՄՆ-ի ենթադրյալ պատժամիջոցներն ընդգծել է, որ եթե Թուրքիային «Էֆ-35» կործանիչներ տրամադրելու կապակցությամբ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը չգործադրվի, Թուրքիան այլ աղբյուրներից կապահովի իր կարիքները:

Ռուսաստանն մեկ շաբաթ առաջ Թուրքիային հանձնեց «S-400» հակահրթիռային պաշտպանության համակարգերի առաջին խմբաքանակն ինչն արժանացավ ԱՄՆ-ի խիստ քննադատության: Թուրքիային «S-400» համակարգեր վաճառելու մասին համաձայնագիրը երկու երկրի երկրների միջև ստորագրվել է 2017 թվականին: