Մի գավաթ անդորր (199․ Տագնապն ու խուճապն ավելի վտանգավոր են, քան վիրուսը)
Ողջույն Ձեզ «Մի գավաթ անդորր» հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ։ Ձեզ մաղթում ենք գարնանային բարձր տրամադրություն։ Այս օրերին կորոնավիրուսի պատճառով հասարակության շրջանում առաջացել են խուճապային տրամադրություններ։Ինչպես գիտեք սթրեսը, վատ տրամադրությունը, խուճապը, վախերը թուլացնում են իմունային համակարգը։ Այս թողարկման ընթացքում կներկայացնենք հոգեբանների խորհուրդներն այս կապակցությամբ։ Ընկերակցեք մեզ։
Հոգեբան Աշխեն Մկոյանն ասում է․-․-«Վիրուսի արագ տարածման ապրումների պատճառով առաջացած սթրեսը կարող է իմունիտետի թուլացման պատճառ դառնալ և բարձրացնել հիվանդության զարգացման ռիսկը։ Մարդու էմոցիոնալ վիճակը ուղղակիորեն ազդում է նրա իմունիտետի վրա»:
Անընդհատ վիրուսի մասին խոսելով, բոլոր նորությունները կարդալով և շրջապատողների հետ քննարկելով, մենք առանց գիտակցելու մեծացնում ենք լարվածությունը և խուճապ ստեղծում մեր շուրջը: Իսկ երբ մարդը խուճապի մեջ է, նրա ուղեղի ֆունկցիոնալությունը ինչպես նաև քննադատական մտածողությունը կտրուկ իջնում է։ Էմոցիաների վարակը մեծանում է, իսկ գիտակցված գործողությունների վերահսկողությունը իջնում: Բայց երբ մարդը մենակ է, նա պահպանում է ներքին հանգստությունը և քննադատական մտածողությունը, նա հասկանում է, գիտակցում է, թե ինչ է տեղի ունենում։
Հարգելի բարեկամ կարևոր է կարողանալ զտել ինֆորմացիան, կառավարել սեփական էմոցիաները և թույլ չտալ, որ դրանք մեզ կառավարեն: ԶԼՄ-ներն վիրուսի մասին ինֆորմացիան շատ արագ են տարածում, բայց ուղղակի շատ մի կենտրոնացեք նորությունների ու հիվանդությունը քննարկելու վրա, կենտրոնացեք օգտակար և դրական աշխատանքներ կատարելու վրա։
Խուճապի առաջացման հիմնական պատճառը, ըստ հոգեբանների այն է, որ առավոտից երեկո մարդիկ հետևում են լուրերին, ֆիքսում, թե օրվա ընթացքում քանի հոգի մահացավ, և այլն։
Խուճապից դուրս գալու համար մի կողմ ենք դնում հեռախոսները և ապահովում մեր ակտիվությունը, զբաղվածությունը, հետևում սննդակարգին, հիգիենայի կանոններին, որոնք առաջարկում են մասնագետները:
Հարգելի ունկնդիր առողջ մարդը առաջին հերթին երջանիկ մարդն է: դրական էմոցիաները ամրացնում են մարդու իմունիտետը: Հոգ տարեք ձեր իմունիտետի մասին: Ու վայելեք գարնանային այս գեղեցիկ օրերը։
***
Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը խոսելով ներկայումս մարդկանց շրջանում նկատվող տագնապի եւ որոշակի խուճապի մասին,ասել է․- «Այս տագնապն անհամեմատ ավելի վտանգավոր է օրգանիզմի համար, քան վիրուսը: Տագնապը եւ քրոնիկ սթրեսը շատ ուժեղ իջեցնում են մեր օրգանիզմի դիմադրողականությունը, իսկ քրոնիկ տագնապը մեր օրգանիզմը ավելի խոցելի է դարձնում հիվանդության հանդեպ: Դրանից շատ տուժում է նաեւ կյանքի որակը»,ասում է հոգեբանը:
*****
Խուճապային իրավիճակն ինչով է պայմանավորված։
Հոգեբան Լուսինե Գրիգորյանը հասարակության շրջանում կորոնավիրուսի հետևանքով խուճապ չի տեսնում, խուճապը, ըստ նրա՝ ավելի շատ վիրտուալ տիրույթում է:Նա խուճապն ավելի շատ տեսնում է մեդիադաշտում, քան իրականության մեջ: : Նրա կարծիքով եթե ինքներս մեր մտքում մեր դիմադրողականությունը չթուլացնենք, ոչ մի կորոնավիրուս կամ այլ տեսակի վիրուս մեզ չի վտանգի»:
Տևական սթրեսները, օրգանիզմն ավելի խոցելի են դարձնում: Դրանից տուժում է նաև կյանքի որակը: Պետք չէ խուճապի մատնվել։ Երբ մենք ենթարկվում ենք խուճապի, անհանգստանում ենք, լարվում, մեր մարմինը սթրես է ապրում: Այդ պահին բարձրանում է կորտիզոլ հորմոնի մակարդակը, որը պարզապես քայքայում է իմունային համակարգը: Այդպես մենք անգիտակցաբար կարող ենք ինքներս մեզ վնասելով, ակտիվացնել քնած հիվանդությունները և կորցնել դիմադրողականությունը: Միակ բանը, որ հիմա իսկապես անհրաժեշտ է, ներքին անդորրն է՝ ներդաշնակությունը: Ցանկացած սթրեսային գործոն, ինչպիսին կորոնավիրուսն է, ինքնին առաջացնում է խուճապ։ Բայց այն պետք է վերահսկել և կառավարել։ Հիվանդությունից խուսափելու համար պետք է ունենալ բարձր դիմադրողականություն:
Ինչպես խուսափել կորոնավիրուսի նկատմամբ վախի կողմնակի ազդեցություններից։
Կորոնավիրուս․․․ Այո՛, իրավիճակը լուրջ է, և այո, այն արժանի է ձեր զգոնությանը և ուշադրությանը: Բայց տեղեկատվության, նախազգուշական միջոցների և նախազգուշացումների անընդմեջ հոսքը, լինի դա պաշտոնական, թե սոցցանցերում պտտվող կասկածելի աղբյուրներ ունեցող լուր, կարող է ազդեցություն ունենալ ձեր հոգեկան առողջության վրա:
Սակայն ե՞րբ է զգուշավորությունը վերածվում չափազանցության։ Ե՞րբ է տեղեկացված մնալը անցնում չափից շատ տեղեկացված լինելու սահմանը։
Մասնագետները խորհուրդ են տալիս՝
Ընտրովի մոտեցե՛ք այն աղբյուրներին, որտեղից ստանում եք տեղեկատվությունը։
«Առկա է անսահմանափակ տեղեկատվական հոսք։ Մարտահրավերն այն է, թե ինչպես որոշել՝ ո՛ր տեղեկատվությունն է ճշգրիտ։
Գտնել մի քանի աղբյուրներ, որոնց վստահում եք, և դրանց հետևեք:
Սահմանափակեք նորությունների թարմացման պարբերականությունը: Իրադարձությունները կարող են արագ փոխվել, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է կախված լինեք ամեն թարմացումից:
Ձեր հեռախոսից մի փոքր հեռու մնացեք, որպեսզի չգայթակղվեք ամեն անգամ այն ստուգել։
Գործնականում կիրառեք սոցիալական լրատվամիջոցների օգտագործման կարգուկանոնը։ Այո՛, ժամանակը կարող է աննկատ անցնել, երբ ստուգում ենք մեր սոցիալական մեդիայի լուրերը կամ նկարները։
Միայն ձեր մասին մի՛ մտածեք։
Քանի որ գործողությունը կարող է մեղմել մեր անհանգստությունը, գուցե նաև կցանկանաք մտածել այն մասին, թե ինչ կարող եք անել ուրիշներին օգնելու համար, օրինակ՝ նրանց, ովքեր կարող են ավելի շատ տուժել համաճարակից, քան դուք: Սպասարկման ոլորտի աշխատողները, բժշկական ոլորտի աշխատողները։ Ռեստորանային կամ ժամանցի արդյունաբերության ոլորտի մարդկանց կենսապահովման միջոցները կարող են կաթվածահար լինել, կամ նրանք կարող են ստիպված լինել իրենց անհամաչափ վտանգի ենթարկել:
Աջակցություն փնտրեք, բայց խելացի ձևով․
«Եթե ճնշված եք զգում, պարտադիր չէ, որ գնաք ձեզ նման վախեցող որևէ մեկի մոտ»,- ասում են մասնագետները: «Փնտրեք մեկին, որը այլ կերպ է վարվում ու մոտենում իրավիճակին, որը կարող է ձեզ օգնել՝ այլ անկյունից նայել ձեր անհանգստությանն ու որոշակի խորհուրդներ տալ:
Մի խոսքով, այնքան մի սուզվեք կորոնավիրուսի մասին ձեր մտքերում, որ մոռանաք առօրյա հիմնարար և առողջ սովորույթների մասին, որոնք ազդում են ձեր առողջության վրա ընդհանուր առմամբ: «Սթրեսի ժամանակ մենք հակված ենք նվազագույնի հասցնել մեր բարեկեցության կարևորությունը, երբ իսկապես պետք է դրան ավելի շատ ուշադրություն դարձնենք»,- ասում է Բուֆկան: Համոզվե՛ք, որ դուք․
- լիարժեք քնում եք
- շարունակում եք լավ սնվել
- հնարավորության դեպքում լինում եք մաքուր օդին
- պարբերաբար ֆիզիկական ակտիվությամբ եք զբաղվում։