Ապրիլ 20, 2020 07:24 Asia/Yerevan
  • Մի գավաթ անդորր(202. Հոգեկան խանգարումներ)

Ողջույն Ձեզ «Մի գավաթ անդորր» հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ։ Այսօր խոսելու ենք հոգեկան խանգարումների և դրանց բուժման մասին։Ընկերակցեք մեզ։

 

Ամբողջ աշխարհում հարյուր միլիոնավոր մարդիկ տառապում են հոգեկան խանգարումներով, ինչն անդրադառնում է նաև նրանց մտերիմների կյանքի վրա։ Յուրաքանչյուր չորս մարդուց մեկն իր կյանքի որևէ հատվածում ձեռք է բերում հոգեկան խանգարում։ Աշխարհում անաշխատունակության ամենատարածված պատճառը դեպրեսիան է։ Իսկ շիզոֆրենիան ու երկբևեռ խանգարումը մարդկանց անաշխատունակ դարձնող ամենածանր հիվանդություններից են.... Թեև շատ-շատերն են տառապում հոգեկան խանգարումներով, սակայն սովորաբար մարդիկ թաքցնում են, որ այդպիսի հիվանդություն ունեն կամ բուժման համար քայլեր չեն ձեռնարկում։ Բացի այդ, նման հիվանդների հանդեպ հաճախ խտրականություն է դրսևորվում»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ հոգեկան հիվանդություն ունեցող շատ մարդիկ չեն դիմում բժշկի՝ վախենալով, որ իրենց «հոգեկան հիվանդ» կհամարեն։

*** 

Ի՞նչ է հոգեկան խանգարումը

Մասնագետները հոգեկան հիվանդությունը բնորոշում են որպես մտածողության, հույզերի վերահսկողության և վարքի լուրջ խանգարում։ Այդպիսի խանգարման դեպքում մարդը հաճախ չի կարողանում նորմալ հաղորդակցվել ուրիշների հետ, և խախտվում է նրա կյանքի բնականոն ընթացքը։

Հոգեկան հիվանդությունները ներառում են տրամադրության, մտածողության և վարքագծերի խանգարմամբ ընթացող հոգեկան առողջության վիճակների ու հիվանդությունների լայն շրջանակ​։

Բազմաթիվ մարդիկ ժամանակ առ ժամանակ ունենում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Սակայն հոգեկան առողջության խնդիրը դառնում է հոգեկան հիվանդություն, երբ ընթացիկ նշաններն ու ախտանիշները պատճառում են հաճախակի սթրես և ազդում են մարդու գործելու ունակության վրա։

Հոգեկան հիվանդությունները կոչվում են նաև հոգեկան խանգարումներ։ Դրանք բավականին տարածված հիվանդություններ են։

Հոգեկան հիվանդության ախտանիշները իրենց ուժգնությամբ ու տևողությամբ կարող են տարբեր լինել՝ կախված մարդու էությունից, հանգամանքներից և հիվանդության տեսակից։ Այդ հիվանդությունը կարող է հարվածել ցանկացած անհատի՝ անկախ սեռից, տարիքից, մշակույթից, ռասայից, կրոնից, կրթությունից և ֆինանսական վիճակից։ Հոգեկան խանգարումը չի առաջանում մարդու թուլությունների կամ բնավորության թերի կողմերի պատճառով։ Ճիշտ բուժօգնություն ստանալով՝ մարդը կարող է ապաքինվել և ապրել լիարժեք ու բավականություն պատճառող կյանքով։

***

Մասնագետները կարողանում են բուժել հոգեկան խանգարումներից շատերը։ Հետևաբար առաջին կարևոր քայլը մանրակրկիտ հետազոտություն անցնելն է, իսկ դրա համար հարկավոր է դիմել հմուտ մասնագետի, որն այդպիսի հիվանդություններ բուժելու փորձ ունի։

Հոգեբույժ Արամ Հովսեփյանի խոսքով՝ խանգարումների 85-90% բուժելի է: Դրանց թվին են պատկանում հասարակության մեջ երբեմն հոգեկան խանգարում չհամարվող դեպրեսիաները, նևրոզները, տագնապային խանգարումները և այլն: Այդ խանգարումները բուժվում են առանց մարդու կյանքի որակի որևէ փոփոխության: Բնածին խանգարումները և ձեռքբերովի խանգարումների մի մասը չեն ենթարկվում բուժման: Սակայն, դեղորայքի կատարելագործման և հիվանդութունների նորանոր հետազոտությունների շնորհիվ որոշ դեպքերում բժշկությունը կարողանում է ավելի լավ հասկանալ խանգարումները և դրանց բուժման գործում որոշակի հաջողությունների հասնել: Բուժելիությունն ունի տարբեր աստիճաններ: Հիվանդը, երբեմն, կարող է չվերադառնալ իր լիարժեք կյանքին, սակայն բժշկի հսկողության տակ կամ որոշակի դեղամիջոցների շնորհիվ ունենալ կյանքի բավականաչափ բարձր որակ՝ ինտեգրվելով հասարակության մեջ:

Բուժման առաջնային մեթոդը դեղորայքն է. հոգեբուժութունը գործ ունի հոգեկան խանգարումների հետ, այդ հիվանդություներն ունեն կենսաբանական հիմքեր, իսկ կենսաբանական հիմքերի վրա կարելի է ազդել կենսաբանական մեթոդներով: Տրամադրությունը կարգավորող, հակացնցնումային և հարակից (ոչ հոգեմետ, սակայն երբեմն կիրառվող) դեղորայքն օգտագործվում է միայն որոշակի դեպքի անհրաժեշտությունից։

«Դեղորայքի հետ մեկտեղ առանցքային կարևորություն ունի հոգեթերապիան, որի նպատակը զրույցների, շփման միջոցով հիվանդի մոտ պահվածքային և մտավոր մոդելների փոփոխությունն է: Հոգեթերապիան մի շարք խանգարումների դեպքում օժանդակ դեր է կատարում, սակայն, երբեմն կարող է նաև բուժման հիմնական մեթոդ լինել»,ասում է հոգեբույժ Արամ Հովսեփյանը։ (Աղբյուր` Boon.am)

***  

Ավելի հաճախ հանդիպող հոգեկան հիվանդություններն են դեպրեսիան,տագնապային խանգարումները և թմրամիջոցների օգտագործմամբ պայմանավորված հիվանդությունները։

Կան հոգեկան հիվանդությունների բազմաթիվ՝ ավելի քան 300 տեսակներ։ Դրանց հիմնական խմբերից են՝

  • տրամադրության խանգարումներ (օրինակ՝ դեպրսեիա )
  • տագնապային խանգարումներ 
  • անձնային խանգարումներն
  • քրոնիկ խանգարումներ (օրինակ՝ շիզոֆրենիա)
  • սնման խանգարումներ 
  • թմրանիջոցների օգտագործման հիվանդություններ 

 

 

Հոգեկան հիվանդությունները տարբերվում են նաև իրենց ընթացքով և ծանրության աստիճանով։ Օրինակ, մի դեպքում հիվանդությունը կարող է տևել ընդամենը մի քանի շաբաթ, իսկ մյուս դեպքում շարունակվել ողջ կյանքի ընթացքում և բերել ծանր հաշմանդամության։

Հոգեկան հիվանդությունը կարող է ազդել մարդու մտքերի, տրամադրության, վարքագծերի վրա կամ շրջակա աշխարհն ընկալելու ձևի վրա։ Հոգեկան հիվանդությունը կարող է բերել գերգրգռված վիճակի ու զայրույթի՝ բացասաբար ազդելով աշխատավայրում, փոխհարաբերություններում կամ առօրյա գործերում մարդկանց գործելու ունակության վրա։

***

  Հոգեկան խանգարումներով տառապող հիվանդներից մեկն իր ապրումների մասին այսպես է գրում, «Երբեմն տագնապի զգացում եմ ունենում, և ինձ թվում է՝ անկարող եմ որոշ գործեր անել։ Նաև լինում են օրեր, երբ նույնիսկ չեմ կարողանում կենտրոնանալ և ինչ-որ բան ընթերցել։ Երբեմն էլ մռայլ տրամադրություն եմ ունենում ու խուսափում եմ մարդկանցից, անգամ իմ մտերիմ ընկերներից։ Ոմանք, փորձելով օգնել ինձ, ասում են, որ շուտով ամեն ինչ լավ կլինի, կամ որ ամեն բան այնքան էլ վատ չէ, որքան ես եմ մտածում։ Ոմանք էլ խորհուրդ են տալիս, որ կենտրոնանամ լավ բաների վրա։ Բայց ես արդեն բազմիցս փորձել եմ այդպես վարվել։ Թեև մարդիկ լավ մղումներով են այդպիսի խոսքեր ասում, սակայն դա ավելի է սաստկացնում թերարժեքության, մեղավորության և անպիտանության զգացումը, որ ես արդեն ունեմ»։

Իհարկե նման իրավիճակներում կարող են հայտնվել հոգեկան խանգարումներով տառապող շատ մարդիկ։

Ինչպես պայքարել հոգեկան խանգարումների դեմ։

Մասնագետները խորհուրդ են տալիս՝

    Ընդունել փորձառու մասնագետի նշանակած բուժումը ։

    Ունենալ  կայուն գրաֆիկ և առօրյան պլանավորելիս լինել հավասարակշռված։

    Ֆիզիկապես ակտիվ կյանքով ապրել։

    Բավականաչափ քնել։

    Ամեն օր ժամանակ տրամադրել հանգստին։

    Բազմազան և առողջ սննդակարգ ունենալ։

    Սահմանափակել այնպիսի դեղերի օգտագործումը, որոնք նշանակված չեն բժշկի կողմից։

    Չմեկուսանալ. ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, ում վստահում եք, և ովքեր սիրում են ձեզ։

   Չանտեսել հոգևոր կարիքները ։

 

 Այս ամենն օգուտ կբերի հիվանդին միայն այն դեպքում, երբ նա ընդունի համապատասխան բուժումը։ Նա պետք է կարողանա հաղթահարել ուրիշների հետ խոսելու խնդիրը, քանի որ բուժման ընթացքում գուցե հարկ լինի զրուցել հմուտ մասնագետների հետ, որոնք կարող են օգնել նրան հասկանալու իր հիվանդությունը, հաղթահարելու հիվանդության հետ կապված տարբեր խնդիրներ և գիտակցելու, որ ոչ մի դեպքում չպետք է դադարեցնի բուժումը։ Այդ խորհրդատվությունների ժամանակ կարևոր է ընտանիքի անդամի կամ ընկերոջ դերը, քանի որ նա կարող է քաջալերել և աջակցել հիվանդին։

Եղեք առողջ։