Մի գավաթ անդորր (205. Հետծննդաբերական դեպրեսիա)
Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ։ Այսօր խոսելու ենք Հետծննդաբերական դեպրեսիայի մասին։ ։ Ընկերակցեք մեզ։
Երեխայի ծնունդը անսահման երջանկություն է պարգևում ոչ միայն նրա ծնողներին, այլև բոլոր նրանց, ովքեր սպասում էին այդ օրվան անհամբերությամբ:
Եվ ահա, լույս աշխարհ է գալիս փոքրիկը, սակայն համընդհանուր երջանկության փոխարեն երբեմն երիտասարդ մոր մոտ սկսվում է լարվածություն և հոգնածություն, որն էլ դժվար է խոստովանել ոչ միայն մտերիմներին, այլև ինքն իրեն:Ողջ աշխարհում կանանց 15%-ը տառապում է հետծննդյան դեպրեսիայով: Իրոք Մայր դառնալը բերկրանք է կնոջ համար, սակայն երբեմն ծննդաբերությունը կարող է առաջացնել ոչ այնքան ուրախ զգացողություններ: Որոշ կանայք երեխա ունենալուց հետո կարող են դեպրեսիայի մեջ ընկնել, որը բժշկության մեջ հայտնի է հետծննդաբերական դեպրեսիա տերմինով:
Մեղմ հետծննդաբերական դեպրեսիա առկա է ծննդաբերող կանանց 50 տոկոսի մոտ եւ սովորաբար տևում է երկու շաբաթ, սակայն ծննդաբերած կանանց 15 տոկոսի մոտ հետծննդաբերական դեպրեսիայի ախտանիշները շարունակվում են նաեւ երկու շաբաթ անց:
Այն կանանց մոտ, որոնք արդեն մեկ անգամ հետծննդաբերական դեպրեսիա են ունեցել, հավանականությունը, որ դեպրեսիան կկրկնվի, կազմում է 50 տոկոս:
Որո՞նք են դեպրեսիայի նշանները
Կան բազմաթիվ նշաններ, որոնք կարող են վկայել, որ ծննդաբերած կնոջ մոտ առաջացել է դեպրեսիա։ Դրանցից ամենահաճախ հանդիպողներն են՝
- տրամադրության կտրուկ անկում
- որպես մայր անհաջողակ լինելու և դժբախտության զգացումներ
- ապագայի նկատմամբ անհուսության զգացում
- հյուծվածության, դատարկության, ձանձրույթի, տխրության և թախծի զգացումներ
- մեղավորության, ամոթի և անլիարժեքության զգացումներ
- տագնապի կամ խուճապի զգացումներ
- քնի խանգարումներ, անքնություն կամ երկարատև քուն կամ գիշերային մղձավանջներ
- երեխայի համար անհարկի ծայրահեղացված անհանգստություն
- միայնակ և անպաշտպան լինելու վերաբերյալ վախեր։
Հետծննդաբերական դեպրեսիա ունեցող կանայք շատ զգայուն եւ խոցելի են դառնում, հաճախ են արտասվում:
Հետծննդաբերական դեպրեսիա ունեցող շատ կանայք չեն հասկանում, թե իրենց հետ ինչ է կատարվում, վախենում են բարձրաձայնել այդ մասին: Նրանք երջանիկ չեն իրենց երեխային գրկելիս եւ դրանից ավելի են մեղավոր զգում իրենց:
Շատ կարեւոր է, որպեսզի հետծննդաբերական դեպրեսիա ունեցող կինը աջակցություն ստանա ընտանիքի անդամներից:
Բոլոր ծնողներն էլ անցնում են հարմարվելու այն փուլը, երբ իրենց ընտանիքի նոր անդամի՝ երեխայի լույս աշխարհ գալուց հետո սկսվում է նոր իրականություն։ Մարդկանց մեծ մասի համար նոր իրավիճակին հարմարվելու այս փուլը ժամանակավոր է և չի բերում տրամադրության կտրուկ անկման։
Ինչպե՞ս է ախտորոշվում հետծննդաբերական դեպրեսիան
Եթե ձեզ մոտ ի հայտ է գալիս և 2 շաբաթ կամ ավելի երկար շարունակվում է վերոնշյալ ախտանիշներից մեկնումեկը, պատմեք այդ մասին ձեր բժշկին։ Հետծննդաբերական դեպրեսիան պետք է հնարավորինս վաղ ախտորոշվի, իսկ բուժումը պետք է իրականացվի փորձառու մասնագետի կողմից։
Ինչպես է հետծննդաբերական դեպրեսիան անդրադառնում երեխայի վրա
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ հետծննդաբերական դեպրեսիայով տառապող կանայք դժվարանում են շփում հաստատել երեխայի հետ: Նրանց համար դժվար է լինում կապվել երեխայի հետ և անվտանգության ու ինքնավստահության զգացում ապահովել: Այս դեպքում մայրը միշտ կենտրոնացած է լինում իր խնդիրների ու զգացմունքների վրա և իրեն միշտ դժբախտ է զգում: Հետծննդաբերական դեպրեսիայի դեպքում կանայք հաճույք չեն ստանում մայրությունից, իսկ ոմանք անգամ չեն կարողանում զսպել իրենց հույզերը, ինչի հետևանքով անտեսում են երեխային կամ ցասման պոռթկումներ են ունենում:
Այլ կերպ ասած՝ հետծննդաբերական դեպրեսիայով տառապող կանանց երեխաներն իրենց պաշտպանված չեն զգում, մինչդեռ մայրը երեխայի համար մի ամբողջ աշխարհ է, ամենակարևոր մարդը, որն այդ կարևոր ժամանակահատվածում կենտրոնացած է միայն իր անհանգստությունների վրա:
Արդյունքում երեխաները դառնում են կամ չափազանց անհանգիստ, կամ շատ հանգիստ: Առաջին դեպքում փոքրիկները հաճախ լաց են լինում, լարված են լինում ու կամակորություններ են անում, իսկ երկրորդ դեպքում չափազանց լուռ ու հանգիստ են լինում և գրեթե հետաքրքրասիրություն չեն դրսևորում: Հատկանշական է, որ երեխաների այս պահվածքը պահպանվում է նաև ավելի ուշ և անգամ հասուն տարիքում նրանք պահպանում են բնավորության այդ գծերը:
Ինչպես կանխարգելել հետծննդաբերական դեպրեսիան
Հետծննդաբերական դեպրեսիայի դեպքում առաջին հերթին հարկավոր է գիտակցել, որ այն ժամանակավոր բնույթ է կրում և դրանից կարելի է ազատվել ճիշտ բուժման դեպքում: Բացի այդ, հարկավոր է շատ ուշադիր լինել սեփական զգացմունքների նկատմամբ, իսկ անհանգստության, տագնապի կամ կասկածների դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել հարազատներին:
Նաև հարկ է հիշել, որ երեխայի խնամքին մասնակցություն պետք է ունենան նաև հայրիկը, տատիկներն ու պապիկները, քանի որ մայրիկին օգնություն է հարկավոր, որպեսզի նա նույնպես կարողանա հանգստանալ: Հետծննդաբերական դեպրեսիայի կանխարգելման հարցում շատ կարևոր նշանակություն ունի մոր քնելը, ուստի երեխայի քնելու ժամերին մայրիկը նույնպես պետք է հանգստանա: Չի կարելի նաև զսպել հույզերը, ուստի կինը պետք է սովորի կիսվել իր մտքերով ու անհանգստություններով:
Մայրերը չպետք է փորձեն միշտ ուժեղ լինել և ամեն ինչ ինքնուրույն անել, քանի որ այդ դեպքում հետծննդաբերական դեպրեսիայից խուսափել չի հաջողվի: Սա է պատճառը, որ հարկավոր է ժամանակ առ ժամանակ արտահայտել հույզերը և երբեք չհրաժարվել օգնությունից:
Եթե անգամ այս պարզ խորհուրդներին հետևելու դեպքում չի հաջողվում խուսափել դեպրեսիայից, ապա հարկավոր է անպայման դիմել փորձառու հոգեբանին և հետևել նրա ցուցումներին:
Երիտասարդ մայրիկին շատ կարևոր է գիտակցել այն փաստը, որ ինքը դեպրեսիա է ապրում: Նա չպետք է մտածի, թե խելագարվում է կամ «վատ մայր» է, և միայն այդ դեպքում նա կկարողանա իր վիճակը քննարկել համապատասխան մասնագետների հետ:
Երիտասարդ մայրիկներ, մի՛ դադարեք շփվել, խոսե՛ք այն մասին, թե ինչն է ձեզ մտահոգում և տանջում: Համացանցում այս թեմայով կայքերի մեծ ընտրանի կա, և բազում մայրիկներ դրանք շատ օգտակար են համարում: Փորձեք ձեր շրջապատում գտնել երախտապարտ ունկնդրի. գուցե դա լինի ձեր մայրը, քույրը կամ ընկերուհին: Սակայն դա, իհարկե, չի բացառում մասնագիտական օգնությունը:
Հետծննդյան դեպրեսիան երեխայի զարգացման վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում հատկապես նորածին ժամանակ: Կյանքի հենց առաջին ամիսների ընթացքում է երեխան առավել զգայուն մոր կարգավորիչ վարքագծի խախտման հանդեպ, որն ի հայտ է գալիս վերջինիս դեպրեսիայի հետևանքով: Այդ իսկ պատճառով էլ պարզապես անհրաժեշտ են մոր և երեխայի միջև դրական հարաբերությունների զարգացմանն ուղղված հատուկ ծրագրերի ստեղծումն ու իրականացումը: Երիտասարդ մայրը պետք է ունենա հաճախ հանգստանալու հնարավորություն: Երեխայի խնամքից բացի, կան նաև հաճույք պատճառող այլ բաներ: Հոգեհարազատ զբաղմունքին տրամադրած օրական մեկ-երկու ժամը (սպորտ, ասեղնագործություն, զբոսանք առանց երեխայի, ֆիլմեր, գրքեր և այլն) շատ դրական կարող են ազդել դեպրեսիայի մեջ գտնվող կնոջ հոգեվիճակի վրա: