Մարտ 16, 2021 13:11 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կամփոփենք անցած շաբաթվա մշակութային իրադարձությունները: Ընկերակցեք մեզ։

 

Հաքիմ Նեզամի Գյանջավիի հիշատակի օրվա կապակցությամբ, Մարտի  10-ին առցանց ձևաչափով անցկացվեc  «Խոսրովը և Շիրինը հանդիպում են Իրանում և Հայաստանում» գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպվել էր Թեհրանի «Շահրե Քեթաբ» մշակութային և միջազգային կենտրոնի կողմից`  Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային կցորդի և ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Համաժողովը հեռարձակվեց «Շահրե Քեթաբ»  մշակութային կենտրոնի ինստագրամյան էջում, թելեգրամյան ալիքում  և www.aparat.com կայքում:

Image Caption

 

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն այս տարի նվիրվելու է բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանի հիշատակին:

Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ասաց, որ երկու թատերաշրջան են միացրել: «Համավարակի տարածման պատճառով 2020-ին մրցանակաբաշխությունը հետաձգվեց, բայց ժյուրիի անդամներն արդեն դիտել էին հայտագրված գրեթե բոլոր ներկայացումները»,-նշեց նա:

Մրցանակներ կհանձնվեն 14 անվանակարգում: Թատրոնի նվիրյալներից որևէ մեկը կարժանանա Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակին,  նախատեսվում է մրցանակներ շնորհել նաև «Թատրոնին անբասիր ծառայության  համար»:

Փորձագետների կազմում են ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, դրամատուրգ, «Գրական թերթ» և «Դրամատուրգիա» ամսագրերի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը, ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, Երևանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը, թատերական և կինոբեմադրիչ Արամ Շահբազյանը:

Ներկայացումների կարճ ցուցակը կհրապարակվի մարտի 20-ին:

ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար անցկացվում է Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին: Այդ օրը ի մի են բերվում նախորդ տարվա կատարված աշխատանքները: «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին: Սկզբում մրցանակ է տրվել միայն «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» անվանակարգում, իսկ  1999 թվականից սկսած տարեցտարի անվանակարգերի թիվն ավելացել է:

Image Caption

 

Մարտի 13-ին նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակը, ինչի առթիվ բանաստեղծի տուն-թանգարանը նախաձեռնել էր մի շարք միջոցառումներ։

Գրողի ծննդյան նախօրեին՝ մարտի 12-ին, տուն-թանգարանն առաջին անգամ կազմակերպեց առցանց էքսկուրսիա, ինչը Չարենցի գրականության սիրահարներին, նրա կյանքով ու արվեստով հետաքրքրված անձանց ու թանգարանի ընկեր-բարեկամներին հնարավորություն ընձեռեց, չայցելելով թանգարան, բացահայտելու Չարենց բանաստեղծին, ստեղծագործող անհատին և յուրօրինակ մարդուն, մտովի տեղափոխվելու Չարենցի ծննդավայր, լինելու նրա հյուրընկալ տանը՝ զգալով չարենցյան շունչը:

Նույն օրը տեղի ունեցավ գրական-երաժշտական երեկո, որի ընթացքում ելույթներով հանդես եկան միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ Ստեֆանի Քոչարյանը (սոպրանո), Էրիկ Մանուկյանը (1-ին ջութակ), Ռիմա Միրզոյանը (2-րդ  ջութակ), Նարեկ Ասատրյանը (ալտ), Վահե Դանիելյանը (թավջութակ), Սաթենիկ Սարգսյանը (ֆլեյտա)։ Ծրագրում հնչեցին Վ. Ա. Մոցարտի, Ջ. Ռոսինիի, Գ. Ֆ. Հենդելի, Ա. Վիվալդիի, Ա. Չեստիի, Ալ. Ստրադելլայի, Հ. Պյորսելի ստեղծագործություններից, ինչպես նաև աշխարհահռչակ դասականների չարենցյան թարգմանությունները (ասմունքող՝ Սոնա Համբարձում)։

Ե. Չարենցի ծննդյան 124-ամյակի օրը՝ մարտի 13-ին, բանաստեղծի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Չարենց-Նամե» գրքի շնորհանդեսը և Ռեգինա Ղազարյանի «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն» կտավի վերակենդանացող ցուցադրությունը։ ARloopa հավելվածի միջոցով տակառից դուրս հորդեցին Ե. Չարենցի ձեռագրերը և տարածվեցին թանգարանի ցուցասրահով: Այցելուն, հպվելով «ձեռագրերին», կարողացավ ծանոթանալ դրանց բովանդակությանը։

Միջոցառմանը ելույթ ունեցավ «Նաիրյան» վոկալ անսամբլը:

 

Image Caption

 

«Անծանոթ Բեթհովեն» համերգին երաժշտասերները հնարավորություն ունեցան ծանոթանալ մեծանուն կոմպոզիտորի այն ստեղծագործություններին, որոնք հաճախ չեն հնչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի ունեցսվ մարտի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Չնայած նրան, որ Բեթհովենը 400-ից ավելի ստեղծագործությունների հեղինակ է, մենք նորից ու նորից լսում ենք ոչ ավելի, քան յոթ տասնյակ գործերի կենդանի և ձայնագրված կատարումներ, իսկ այս նախագիծն առաջարկում է ծանոթանալ ուրիշ, անծանոթ Բեթհովենին, վերագտնել այս հանճարին` նրա WoO (Werke ohne Opus/ստեղծագործություններ առանց օպուսի) ստեղծագործությունների միջոցով… Մենք կպատմենք դրանց մասին, կներկայացնենք և կկատարենք կամերային երաժշտություն և երգեր՝ WoO-ի այս փաթեթից»,-ասված էր համերգի հաղորդագրության տեքստում:

Նախագծի մտահղացման հեղինակը Մարինե Կարոյանն էր: Համերգին մասնակցեցին «ԱՐէ» դուետը, «Ասոնանս» անսամբլը, Արամ Ասատրյանը, Սամսոն Թաթոսյանը:

Միջոցառման նախաձեռնողը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն էր:

Image Caption

 

Հովհաննես Այվազովսկու անվան պատկերասրահը, որը գտնվում է Թեոդոսիայում, մարտի 16-ից փակ կլինի այցելուների համար. պատճառը վերանորոգման և վերականգնման աշխատանքներն են։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը։

Պետական փորձաքննության գլխավոր վարչությունն արդեն ավարտել է պատկերասրահի վերակառուցման նախագծահաշվարկային փաստաթղթերի հետ աշխատանքը:

«Այցելուների մուտքը գլխավոր սրահ արդեն անհնար է, իսկ մարտի 16-ից մեզ մոտ ամբողջությամբ դադարեցվում է այցելուների ընդունումը՝ աշխատանքների մեկնարկի կապակցությամբ։ Վերականգնման ընթացքում նկարները կգտնվեն երկրորդ մասնաշենքում»,-հայտնել է Գայդուկը։

Վերականգնմամբ զբաղվող ընկերությունը նախատեսում է աշխատանքներն ավարտել տարվա ընթացքում, այդ ամբողջ ընթացքում պատկերասրահն այցելուներ չի ընդունի։ Աշխատանքների ընթացքում նախատեսվում է կատարել պատերի ջրամեկուսացում, տեղադրել պատերի չորացման համակարգ, օդափոխության, լուսավորության և ազդանշանային համակարգեր, ինչպես նաև փոխել տանիքածածկի մի մասը: Գլխավոր մասնաշենքի աշխատանքներն ավարտելուց հետո դրանք կսկսվեն երկրորդ մասնաշենքում՝ Այվազովսկու քրոջ տանը, և նկարները կտեղափոխվեն հակառակ ուղղությամբ՝ արդեն նորոգված տարածք։

Պատկերասրահի (Թեոդոսիայում նկարչի նախկին տան) հավաքածուն գեղանկարչության, գրաֆիկայի, արխիվային փաստաթղթերի և լուսանկար-փաստաթղթերի, հուշ-իրերի և դեկորատիվ-կիրառական արվեստի առարկաների ստեղծագործությունների եզակի համալիր է (ընդհանուր առմամբ ավելի քան 13 հազար ցուցանմուշ): Այստեղ հավաքված է Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների, նրա աշակերտների և 17-19 դարերի արևմտաեվրոպական ծովանկարիչների, ինչպես նաև այլ գեղանկարիչների աշխարհի խոշորագույն հավաքածուն։

 

Image Caption

 

Christie's աճուրդի տունը հայտարարել է, որ Beeple անունով հայտնի ամերիկացի արտիստի թվային ստեղծագործությունը վաճառվել է ռեկորդային 69,4 մլն դոլարով, գրում է The Guardian-ը՝ հավելելով, որ այն վաճառվել է ավելի թանկ, քան շատ հայտնի արվեստագետների կտավներ։

«Ամեն օր. առաջին 5000 օրերը» կոչվող կտավը վաճառվել է առցանց աճուրդում, ինչի արդյունքում Beeple-ը հայտնվել է ամենաթանկ արվեստի գործերն ունեցող նկարիչների եռյակում։

Ստեղծագործությունը բաղկացած է 5000 առանձին թվային լուսանկարներից, որոնք արտիստը միացրել է 2007 թվականի մայիսից ի վեր՝ ամեն օր։

Ինչպես նշում է պարբերականը, առատաձեռն գնորդի անունը չի բացահայտվում։

Image Caption

 

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մերժել է Հունաստանի իշխանությունների` Պարթենոնի մարմարե քանդակները երկրին վերադարձնելու կոչը՝ պատճառաբանելով, որ 2500 տարվա պատմություն ունեցող մշակութային գանձերը «օրինականորեն պատկանում են Բրիտանական թանգարանի հոգաբարձուներին», հայտնում է Greek City Times–ը:

«Ես հասկանում եմ այդ հարցի վերաբերյալ հույն ժողովրդի և վարչապետ Միցոտակիսի զգացմունքները», - ասել է Ջոնսոնը՝ վարչապետ դառնալուց ի վեր այդ հարցի վերաբերյալ իր առաջին հանրային մեկնաբանություններում, երբ հարցազրույց է տվել հունական Ta Nea օրաթերթին:

«Միացյալ Թագավորության կառավարությունը հստակ դիրքորոշում ունի քանդակների նկատմամբ, դրանք օրինական կերպով ձեռք են բերվել լորդ Էլգինի կողմից՝ համաձայն այդ ժամանակվա գործող օրենքների և դրանց ձեռքբերումից ի վեր օրինականորեն պատկանում են Բրիտանական թանգարանի հոգաբարձուներին», - հավելել է նա:

Image Caption

 

Կանադացի երգիչ The Weeknd-ը (Աբել Մաքքոնեն Տեսֆայե) բոյկոտել է «Գրեմմի»-ն՝ երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպիչներին մեղադրելով կողմնակալության և կոռուպցիայի համար, գրում է The Guardian-ը։

Չնայած նրան, որ նրա Blinding Lights-ը 2020 թվականի ամենամեծ հիթն էր, իսկ After Hours-ը դարձել է կրկնակի պլատինե ալբոմ, The Weekend-ն այս տարի «Գրեմմի»-ի ոչ մի անվանակարգում չի առաջադրվել։

««Գրեմմի»-ն շարունակում է կոռումպացված մնալ։ Դուք իմ, իմ երկրպագուների և արդյունաբերության հետ պետք է ազնիվ լինեք»,-ավելի վաղ գրել էր երգիչն իր թվիթերյան էջում։

Օրերս հայտարարված բոյկոտի ֆոնին, որի համաձայն՝ երգիչն այլևս երբեք չի ներկայանա «Գրեմմի»-ի բեմում, մրցանակաբաշխության ներկայացուցիչն ասել է․ «Մենք տարեցտարի փորձում ենք կատարելագործվել։ Եվ այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, մենք լրջորեն կմտածենք այն մասին, թե ինչպես բարելավել անվանակարգերում առաջադրման գործընթացը»։

The Weekend-ն այն արվեստագետների շարքում է, որոնք կասկածի տակ են դնում միջոցառման կողմակալությունը և մեղադրում են սևամորթ արտիստներին «երկրոդ պլան մղելու համար»։ Վերջին սևամորթ կատարողը, որը հաղթել է «Տարվա ալբոմ» անվանակարգում, եղել է Հերբի Հենքոքը՝ 2008 թվականին։