Հոկտեմբեր 30, 2021 12:49 Asia/Yerevan

Իրանահայ արվեստագետ, Իրանի արձանագործության մայր Լիլիթ Տերյան․

Լիլիթ Տերյան

 

Արվեստը այն եզակի միջոցն է, որով աշխարհի մարդիկ շփվում են միմյանց հետ: Արվեստը այն մաքրամաքուր աղբյուրն է, որ հագեցնում, թարմացնում ու նոր շունչ է տալիս մարդկային ոգուն: Արվեստը Աստծու պարգևն է, քանի որ Աստծու արարչագործությունն էլ արվեստի բացառիկ ստեղծագործություն է, որից օրինակներ վերցնելով շատ արվեստագետներ կյանք են տվել իրենց ստեղծագործություններին:

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: «Իրանահայ հանրահայտ գործիչներ» հաղորդաշարի այս համարը նվիրված է իրանահայ արվեստագետ Իրանի արձանագործության մայր Լիլիթ Տերյանին:

Աջից ձախ Լիլիթ Տերյան, Սեպուհ Արք. Սարգսյան, Լեոնի Թաշճյան

Քանդակագործ Լիլիթ Տերյանը ծնվել է 1931թ. Թեհրանում արվեստասերների ընտանիքում: Մայրը ցանկանում էր, որ իր դուստրը իրականացներ իր երազանքները: Դեռ մանկուց նրա համար հրավիրում են մասնավոր ուսուցիչներ, նրան արվեստին ծանոթացնելու նպատակով: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո համալսարանի մուտքի քննություններում չհաջողվելը առիթ է ստեղծում նկարչություն սովորելու համար: Դրան հաջորդող տարին չնայած հաջողում է ընդունվել համալսարանի կերպարվեստի գեղանկարչության բաժին, սակայն ստեղծված նոր հնարավորությունը ձեռքից չտալով մեկնում է Ֆրանսիա, Փարիզի Բոզար գեղարվեստի բարձրագույն դպրոցում սովորելու: Մուտքի քննություններին պատրաստվելիս ծանոթանում է արձանագործությանը և հրապուրվում է այդ արվեստով: Նա ասել է.«Ծավալը թույլ է տալիս ստեղծագործությանը նայել տարբեր անկյուններից: Դա ինձ համար անչափ գրավիչ է»: Լիլիթ Տերյանը թողնում է նկարչությունը և մասնակցում է արձանագործության բաժնի քննություններին: Աշակերտել է անվանի վարպետներին ինչպես Մարսել Ժիմանին, ով նրան խորհուրդ է տվել իր ստեղծագործություններում օրինակ վերցնել Բնությունից:

1956թ. ավարտելով կրթությունը նա հարուստ փորձով վերադառնում է Իրան: 1960թ. Փարիզի Բոզար գեղարվեստի բարձրագույն դպրոցի դիպլոմը Իրանում գնահատվում էր որպես դոկտորական վկայական: Տերյանը և Ջավադ Համիդին Թեհրանի գեղարվեստի դպրոցում հիմնադրում են արձանագործության բաժինը, որտեղ ինքը Լիլիթ Տերյանը 20 տարի շարունակ դասախոսել ու իր հարուստ գիտելիքներն ու փորձն է փոխանցել հարյուրավոր ուսանողների, որոնցից մի քանիսը Իրանի անվանի արձանագործներից են:

Լիլիթ Տերյանի առաջարկով քանադակագործության բաժինը համալրվելով նորամուծություններով՝ պտտվող պատվանդանով, ուսանողին հնարավորություն էր տալիս բոլոր կողմերից դիտել իր ստեղծագործությունը: Իր ուսուցման գործընթացում Լիլիթ Տերյանը հիմնվում էր գործնական պարապմունքների վրա, որպեսզի ուսանողների մոտ արմատավորվեն աշխատասիրությունն ու ինքնուրույնությունը և որպեսզի նրանք անպայման տիրապետեն մարդկային մարմնի անատոմիային և մշտապես գծագրեն ու հմտանան դասականի մեջ: Այս բաժինը գերազանց սովորելով նոր միայն կարող էին ուսանողները հեռանալ դասական ձևերից ու ստեղծագործել ազատ ոճով:

1974թ. Լիլիթ Տերյանը մեկնում է ԱՄՆ այդ ասպարեզում օգտագործվող տեխնիկական նոր մեթոդները ուսումնասիրելու համար: Այդ ուսումնասիրությունների արդյունքում Լիլիթ Տերյանը քանդակագործության բաժնում հիմնադրում է բրոնզի ձուլման արհեստանոցը:

Տերյանի հայտնի աշխատանքներից են Եփրեմ Խանի կիսանդրին, որ տեղադված է Ս. Մարմիամ Աստվածածին եկեղեցու բակում և Ս. Մեսրոպ Մաշտոցի կիսանդրին՝ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու բակում: Լիլիթ Տերյանը մասնակցել է Թեհրանում կանանց նվիրված միջազգային ցուցահանդեսին երեք աշխատանքներով: Չնայած որ Տերյանը հեղինակ է բազում աշխատանքների, սակայն իր կյանքում երբեք չի զբաղվել դրանց ցուցադրությամբ:

Լիլիթ Տերյանի հեղինակած՝ Մեսրոպ Մաշտոցի կիսանդրին՝ Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու բակում
Պատվանդանի նախագծող՝ ճարտարագետ Ալբերտ Աճեմյան
Մտահղացումը Թեհրանի թեմի ժամանակի առաջնորդ հոգելույս Արտակ Արք Մանուկյանի

Նա անդամակցել է մշակույթի ու արվեստի նախարարության հանձնախմբերի աշխատանքներին: 1980 թվականին երկրում տիրող պայմանների բերումով դադարել է դասախոսություններ կարդալ համալսարանում: Համալսարանում չդասավանդելու տարիներին Լիլիթ Տերյանը անխոնջ ու համառ, սիրով ու համբերությամբ ստեղծագործում էր իր սեփական արվեստանոցում, արարելով հարյուրավոր մեծ ու փոքր արձաններ: Նրա աշխատանքներում իհայտ են գալիս ոճական բազմաթիվ նորություններ, որոնք քանդակները դարձնում են ավելի խոսուն ու ազդեցիկ: Նրա ստեղծագործություններում օգտագործվող նյութերը անընդհատ փոփոխվում են: Նա օգտագործել է կավ, սպունգ, պարան, մետաղական լարեր, կավիճ: Դրանք նորանոր դրսևորումների հնարավորություն են տվել արվեստագետին, անկենդան քանդակներին շունչ ու ոգի տալու համար: Նա շարունակում է նկարել, բաթիք ոճով կերտում է բազմաթիվ կտավներ, որոնց մի մասը ցուցադրվում են «Հավթ Սամար» ցուցասրահում:

Լիլիթ Տերյանը կյանքի դժվարությունները դիմագրավում է աշխատանքով ու ժպիտով: Նա ասել է.«Տանը նկարում էի, միշտ էլ սիրել եմ նկարել: Պատերազմի տարիներին կորցրեցի մորս: Բարեբախտաբար մեր այս պարտեզն ու ծաղիկները կային և աշակերտներս ու ընկերներս այցելում էին ինձ»:

Եվ այսպես մի ամբողջ կյանք սիրով, համբերությամբ ու հավատով նվիրվեց արվեստին ու այդ ոլորտում դաստիարակեց բազում աշակերտների: Լիլիթ Տերյանը սիրվեց իր ուսանողների կողմից և իր լուրջ ավանդը բերեց Իրանում արձանագործության արվեստը ճանաչեցնելու, զարգացնելու և ուսուցանելու գործում: Թեև ինքը շատ չէր սիրում մասնակցել հարցազրույցների ու տարբեր ցուցահանդեսների, սակայն նրա գործերը չեն վրիպել շատերի հայացքներից: Այդ գործերը սիրվեցին ու արժևորվեցին: Ժամանակին Լիլիթ Տերյանին անվանեցին Իրանի արձանագործության մայրը:

2007 թվականի մարտ ամսին «Իմամ Ալի»-ի անվան թանգարանում տեղի ունեցավ Լիլիթ Տերյանի մեծարման երեկոն և ցուցահանդեսի բացումը: Այն կազմակերպվել էր նույն թանգարանի, Թեհրանի քաղաքապետարանի և Թեհրանի քանդակի միջազգային սիմպոզիոմի համատեղ ջանքերով: Այդ առիթով տպագրվեց «Թանդիս» հանդեսի Լիլիթ Տերյանին նվիրված համարը: Լույս տեսավ նաև Լիլիթ Տերյանի աշխատանքների ալբոմը, որտեղ երկու հոդվածներով անդրադարձ է կատարվել նրա դասախոսական ու ստեղծագործական բեղուն գործունեությանը:

Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Ուժեղ կանայք» հաղորդմանը տված հարցազրույցում բանասիրական գիտությունների թեկնածու՝ Նունիկ  Դարբինյանը Լիլիթ Տերյանի կյանքի ու գործունեության մասին այսպես է ասել.

Լիլիթ Տերյանը իր մահկանացուն  կնքեց 2019թ. մարտի 7-ին:

Լիլիթ Տերյանի Մահվանից հետո մի խումբ արվեստագետների ու նրա աշակերտների մասնակցությամբ տեղի է ունենում նրա հիշատակի մեծարման երեկոն, որին լայնորեն անդրադարձել է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը իրանական 1397թ. էսֆանդ ամսի 25-ին տպագրած հոդվածում: Հուշերեկոյի ընթացքում Տերյանի արվեստի ու անհատական առանձնահատկությունների մասին արտահայտվել են Իրանի անվանի արվեստագետներ ու Տերյանի աշակերտները այդ թվում Իրանահայ Դիրիժոր ու կոմպոզիտոր մայեստրո Լորիս Ճգնավորյանը, Տերյանի աշակերտներ՝ Մոհամմեդ Ռեզա Ասլանին և  Աբաս Մաշհադիզադեն, «Իրանի տուն» կենտրոնի գործադիր տնօրեն Մոհամմեդ Ռաջաբի Մեեմարը, նրա աշակերտուհի Սուդաբե Ֆազայելին, և «Թանդիս» պարբերականի տնօրեն Հասան Համեդին և ուրիշներ:

Երեկոյին իր խոսքերի ընթացքում Մայեստրո Լորիս Ճգնավորյանն ասել է.« Շատ տխուր եմ, որ կորցրինք այս մեծ վարպետին։   Իրանահայերը շատ մեծ ծառայություններ են մատուցել այս երկրին: Լիլիթ Տերյանը շատ լուրջ էր։ Հայ արվեստագետները հաջողության են հասնում, քանի որ հաճոյախոսություններ չգիտեն: Բոլորը գալիս ու գնում են, բայց արվեստագետները մնում են»։

Այդ հուշերեկոյին նրա աշակերտուհի Սուդաբե Ֆազայելին այսպես է արտահայտվել.«Այստեղ ես այլ բան չեմ ասելու, բացի Լիլիթի արվեստի մասին հիշողությունից։ Տերյանը առանձնահատուկ ու լուրջ մարդ էր: Ես նրա աշակերտն եմ 1345(1966) թվականից։ Ամեն անգամ, երբ վերադառնում էի Իրան, նա միակ դասախոսն էր, ում այցելում էի։ Ամեն անգամ, երբ տեսնում էր ինձ նա հիշում էր ինձ, թեև ես կարճ ժամանակ էի նրա աշակերտը եղել։ Նա բացառիկ հիշողություն ուներ, գիտեր իր աշակերտներից յուրաքանչյուրի անունը, և դա նրա բարության նշանն էր....»։

Նա գնաց ու հավերժացավ իր աշակերտների ու ընկերների հիշողության մեջ:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: