Դեկտեմբեր 08, 2021 10:52 Asia/Yerevan

Իրանահայ աստղաֆիզիկոս, Թեհրանի համալսարանի առաջին կին դասախոս և Իրանի աստղագիտության մայր Ալենուշ Տերյան․

Գիտությունն այն լույսն է, որ գերում է ոմանց: Գտնվում են մարդիկ, որ իրենց կյանքը կապում են գիտության հետ և ամբողջ կյանքում այդ ճանապարհով ծառայում են իրենց երկրին և ինչու չէ նաև ողջ մարդկությանը: Ծառայում են, քանի որ նրանք եկել են այն համոզման, որ մարդկային կյանքը իմաստավորվում է մարդկությանը օգտակար հանդիսանալու մեջ: Նրանք կյանքում հավատարիմ են մնացել այդ համոզմանը և այդ ուղղությամբ քայլել են անշեղ: Նրանք ոչ մեկից ոչ մի բան չեն ակնկալել և հենց այդքան, որ կարողացել են հասնել իրենց համամարդկային վեհ նպատակներին խորին համոզմամբ կյանքից ստացել են իրենց գնահատականը:

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: «Իրանահայ հանրահայտ գործիչներ» հաղորդաշարի այս համարը նվիրված է  Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր, ֆիզիկայի առաջին կին-պրոֆեսոր  Ալենուշ Տերյանին:

Ալենուշ Տերյանը,ով առավել հայտնի է «Իրանի աստղագիտության մայր», «Իրանի արևային մայր» անուններով,  ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 9-ին Թեհրանում, հայ մտավորականների ընտանիքում: Մայրը սովորել է Շվեյցարիայում և եղել է ֆրանսերենի ուսուցչուհի, իսկ հայրը Նոր Ջուղայից էր՝ գրող, թարգմանիչ, թարգմանել էր Ֆիրդուսու մի շարք բանաստեղծություններ:

Ալենուշ Տերյանն իր ծնողների մասին ասել է.« Ծնողներս շատ լուսավոր ու ժամանակակից մտածելակերպ ունեին, և նրանք այն ծնողները չէին, որ արգելեին ինձ սովորել կամ պարտադրել իրենց ուզած մասնագիտությունը ստանալ, բայց քանի որ իրենք արվեստագետներ էին, և ես նաև գրելու փորձ ունեի, նրանք նախընտրում էին գրականության գծով կրթություն ստանամ, բայց երբ իմացան, որ ուզում եմ շարունակել ուսումս ֆիզիկայում, չընդդիմացան իմ ցանկությանը և այս ճանապարհին միշտ քաջալերեցին ու աջակցեցին ինձ»:

Ալենուշի սերն ու ընդունակությունները ճշգրիտ գիտությունների հանդեպ դրսևորվել են դեռ մանկուց։ 1947 թվականին նա ավարտել է ուսումը Թեհրանի համալսարանի գիտության ֆակուլտետում ու աշխատանքի անցել ֆիզիկայի լաբորատորիայում: Ընդամենը մեկ տարի անց նա արդեն լաբորատորիայի ղեկավարն է դարձել:

Ֆիզիկան Ալենուշի մեծ սերն էր, նա ցանկանում էր շարունակել կրթությունը, հնարավորություն ստանալ ավելին բացահայտելու։ Նրա մեծ երազանքն էր սովորել Եվրոպայում: Տերյանը փորձում է համոզել իր դասախոս Մահմուդ Հեսաբիին, որ օգնի իրեն կրթաթոշակ ստանալ՝ Ֆրանսիայում ուսումը շարունակելու համար, սակայն մերժվում է կին լինելու պատճառով։ Հեսաբին վստահ էր, որ որպես կին նա արդեն մեծ հաջողությունների էր հասել, այդքանն էլ բավական էր: Բայց Տերյանի համառությունը հաղթում է: Հոր ֆինանսական աջակցությամբ նա հասնում է իր մեծ երազանքին, մեկնում Փարիզ և շարունակում կրթությունը Սորբոնի հեղինակավոր համալսարանի Մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում: 1956 թվականին ստանում է ասպիրանտուրայի աստիճան և սկսում դասախոսել Սորբոնում:

Ահա թե ինչ է նա պատմում Փարիզի համալսարանում սովորելու իր հիշողությունների մասին.«Ֆրանսիայում սովորելու ընթացքում ունեցածս լավագույն հիշողություններից էր իմ կարճատև ծանոթությունը հայտնի գիտնական Մարի Կյուրիի դստեր՝ Իռեն Կյուրիի հետ։ Մարի Կյուրին միշտ եղել է իմ ամենամեծ օրինակը մանկուց: Նրա դստեր հետ լաբորատորիայում աշխատելը, թեկուզ կարճ ժամանակով, մեծ պատիվ էր ինձ համար»:

 Եվրոպայում երկար չի մնում, որովհետև գիտեր՝ իր ստացած գիտելիքները պետք են ծննդավայրին, որտեղ ինքը դեռ շատ անելիք ուներ: Շուտով վերադառնում է Իրան և Թեհրանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում սկսում դասավանդել թերմոդինամիկա: Շուտով, Ալենուշ Տերյանի առջև ճակատագիրն ու գիտությունը նոր հնարավորությունների դռներ են բացում։

Նրան հաջողվում է կրթաթոշակ շահել և մեկնել Գերմանիա: Արևային ֆիզիկայի աստղադիտարանում 4 ամիս սովորելուց հետո վերադառնում է Իրան և 1964 թվականի մայիսի 30-ին արժանանում պրոֆեսորի կոչման՝ դառնալով Իրանի առաջին կին պրոֆեսորը ֆիզիկայի բնագավառում:

Իր հարցազրույցներից մեկում Դոկտոր Ալենուշ Տերյանն ասել է.« Ուսմանս հենց սկզբից նպատակս եղել է ծառայել իմ երկրին՝ Իրանին։ Այդ պատճառով ես հրաժարվեցի Ֆրանսիայում աշխատանքի հնարավորություններից ու վերադարձա Իրան։ Ես ուզում էի մնալ Իրանում և այն ամենը ինչ սովորել էի տարիների ընթացքում սովորեցնել իրանցի ուսանողներին»:

Երկու տարի անց նա ընտրվում է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ, հետո նշանակվում Երկրաֆիզիկայի հիմնարկի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ, ապա սկսում աշխատել արևային ֆիզիկայի աստղադիտարանում, որի հիմնադրման գործում մեծ դերակատարում հենց ինքն էր ունեցել:

«Դստերս անունն Արեգակ է, իսկ որդունս՝ Լուսին»,- ասում են` այս խոսքերը հաճախ էր հնչեցնում Ալենուշ Տերյանը: Նա երբեք չի ամուսնացել և սեփական ընտանիք չի ունեցել, փոխարենը շատ է սիրել իր ուսանողներին։ Նրա մեծ սերը գիտությունն էր, իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էր հետազոտությունների և դասավանդման վրա։

Տերյանն իր կյանքի ընթացքում բազմաթիվ պարգևների է արժանացել. Իրանի հեռուստատեսությամբ հեռարձակվող «Իմաստուններ» ծրագրի կողմից ճանաչվել է գիտության ոլորտի մնայուն դեմք։ 2003 թվականին նրա կյանքի մասին «Դեպի արև» վերնագրով վավերագրական ֆիլմ է նկարահանվել, իսկ 2006 թվականին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից հատուկ շքանշանի է արժանացել։

Ալենուշ Տերյանը թոշակի է անցել 1979 թվականին։ Կյանքի վերջին տարիներին նա ծերանոցում էր ապրում: Հենց այնտեղ են անկողնում գամված պրոֆեսորին արժանացրել կյանքի վերջին պարգևին՝ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին։

Ալենուշ Տերյանն իր ողջ կյանքի ընթացքում ոչ միայն զգալի գիտական հայտնագործություններ է կատարել, այլև իր ներդրումն է ունեցել իրանական աստղաֆիզիկոսների մի քանի սերունդների կրթման գործում: Տերյանը ապացուցեց, որ անհնարին ոչինչ չկա, եթե կա նպատակ և դրան հասնելու մեծ ցանկություն և կամք:

Մի անգամ նրան հարցնում են, որ Ձեզ գնահատված եք զգում Ձեր ցուցաբերած ծառայությունների համեմատությամբ թէ՞ ոչ: Նա պատասխանում է.«Նայած թե դուք ինչպես եք մեկնաբանում գնահատված լինելը: Իմ կարծիքով, հենց այն որ կարողացա մեկնել Ֆրանսիա՝ կրթությունս շարունակելու արդեն իսկ գնահատվել եմ։ Կարողացա 30 տարվա ընթացքում իմ սովորածը փոխանցել իմ երկրի ուսանողներին, արդեն իսկ գնահատված եմ։ Ես մրցանակի կամ հռչակման ակնկալիք չունեմ: Իմ նպատակն էր ծառայել իմ երկիր Իրանին, որին, կարծում եմ, հասել եմ։ Երբ ես տանն էի, ինձ մի քանի անգամ այցելեցին իմ ուսանողները, որոնցից յուրաքանչյուրն այժմ դարձել է երևելի դեմք: Շատ լավ է, որ ուսուցիչը երկար տարիներ անց տեսնի իր աշակերտին և իմանա, որ իր ջանքերն ապարդյուն չեն անցել։ Դա իմ գնահատականն է ինչին ձգտել եմ և ստացել եմ»:

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն 2019թ. Արեգ Միքայելյան Ուժեղ կանայք հաղորդման մեջ այսպես է արտահայտվել Ալենուշ Տրյանի մասին: 

Իրանագետ Նունիկ Ղարիբյանը Ուժեղ կանայք հաղորդման մեջ այսպես է արտահայտվել Ալենուշ Տերյանի մասին: 

Ալենուշ Տերյանը իր մահկանացուն կնքեց 2011թ. մարտի 4-ին Թեհրանի Թոհիդ ծերանոցում։ Կտակի համաձայն` մահից հետո նրա բնակարանը նվիրվել է Ջուղայի հայ համայնքին, որպեսզի այն ծառայի իբրև հանրակացարան` բնակվելու տեղ չունեցող ուսանողների համար:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: