Դեկտեմբեր 26, 2021 12:25 Asia/Yerevan

Իրանահայ հայտնի բարերար և Ռաշտի Քարուն շուրջօրյա դեղատան հիմնադիր և «Գլիանի Քրիստոս» անվամբ հայտնի Արսեն Մինասյան.

Ավելի քան 40 տարի է անցել, սակայն Իրանի Ռաշտ քաղաքի բնակիչների շրջանում դեռևս վառ է մնացել հիշողությունները այն մարդու մասին, որ անսահման սիրով էր նայում մարդկությանը: Նրա բարի ու խորաթափանց աչքերը դեռևս ժպտում են իր իսկ հիմնած շուրջօրյա դեղատան յուրաքանչյուր այցելուին: Ասես նրա աչքերը դիմացել են գիշերային անքնություններին և նա դեռ շարունակում է մտածել ինչպես աջակցել այն հիվանդներին, որոնք աղքատության պատճառով չեն կարողանում համապատասխան բուժում ստանալ: Նա մինչև գիշերվա ուշ ժամերին արթուն էր մնում, որպեսզի դեղեր պատրաստի: Երկրորդ աշխարհամարտի օրերին տարածվող հիվանդությունների և մահացության բազում դեպքերը նրա մեջ առաջացրեցին մի դեղատուն հիմնադրելու միտքը, որպեսզի կարողանա անվճար դեղ տրամադրել ֆինանսական լավ վիճակ չունեցող հիվանդներն: 

Բարև Ձեզ հարգելի ունկնդիրներ: Իրանահայ հանրահայտ գործիչներ հաղորդաշարի այս համարը նվիրված է իրանահայ հայտնի բարերար և Ռաշտի Քարուն շուրջօրյա դեղատան հիմնադիր և «Գլիանի Քրիստոս» անվամբ հայտնի Արսեն Մինասյանին:

Արսեն Մինասյանը ծնվել է 1916թ. Իրանի Ռաշտ քաղաքում: Նա մանուկ հասակից էլ բարի սիրտ ուներ: Նրա մասին գրել են, որ մանուկ հասակում, երբ տեսնում է պատառոտված հագուստով մի ուրիշ մանկան, նա իր բաճկոնը հանում ու նվիրում է նրան:

Արսեն Մինասյանը տարրական ու միջնակարգ կրթությունը ստացել է իր ծննդավայր Ռաշտ քաղաքում: Մինասյանը Ղազվին քաղաքում սովորել է դեղագործություն: Երիտասարդ հասակում նա երկու տարի ապրել է Ղազվին քաղաքում: Հենց այս քաղաքում էլ մի դեղատան մեջ սովորել է դեղագործություն:

Ղազվինից Ռաշտ վերադառնալուց հետո նա զբաղվում է դեղագործությամբ: Դեղեր էր պատրաստում ու բավականին ցածր գնով վաճառում էր աղքատներին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Գիլանում տիֆ ու այլ հիվանդությունները սանձարձակորեն վարակում էին մարդկանց, Արսենը մինչև ուշ ժամ  արթուն էր մնում ավելի շատ դեղեր պատրաստելու համար, երբեմն գիշերները գալիս էր Թեհրան՝ դեղորայքի համար անհրաժեշտ հումքը ստանալու համար։ Նրա գործադրած ջանքերի արդյունքում Ռաշտում շատերը փրկվեցին Երկրորդ աշխարհամարտի հետևանքով տարածված հիվանդությունից:

Սակայն այդ տարիներին մի խումբ չարակամ մարդիկ խնդիրներ են առաջացնում Արսեն Մինասյանի համար: Այն հասարակության մեջ, որում շատերը մրցում են ավելի շատ շահույթ ստանալու համար, եթե մեկը հոսանքի հակառակ է լողում հայտնվում է զրպարտությունների թիրախում: Արսենը նույնպես գտնվում էր մյուս դեղագործների ճնշման տակ: Այն ժամանակ, երբ Արսեն Մինասյանն իր պատրաստած դեղերը անվճար կերպով տրամադրում էր ժողովրդին ու այդ գործի համար ահագին պարտքեր ուներ, որոշ դեղագործներ նրա դեմ բողոքում են նահանգապետին ու այլ պատասխանատու անձանց, առ այն, որ Արսենը խախտել է նահանգի առևտրի բնականոն հոսանքը և նրա քայլերը մյուս դեղագործներին դեպի սնանկություն են տանում: Բայց հետաքրքիր է, որ հենց այս դեղագործները երբ հանդիպում էին Արսենին ու տեսնում նրա բարի ու անմեղ հայացքը հրաժարվում էին բողոքելուց և դժգոհելուց:

Նրա մարդասիրական ծառայությունների բերումով Թեհրանի պետական համալսարանը նրան շնորհեց դեղագործության պատվո դոկտորի աստիճան: Դրանից հետո նա կարողացավ 1940թ. հիմնադրել «Քարուն» կոչվող առաջին շուրջօրյա դեղատունը: Նա «Քարուն» դեղատան հարուստ եկամուտը նվիրաբերեց կարիքավորներին։ Արսենի անմնացորդ բարությունը բազմաթիվ բարերարների ու վաճառականների դրդել էր նրան տալ կանխիկ գումար և նվիրատվություններ անել, որպեսզի նա ծախսեր իր  մարդասիրական աշխատանքների համար:

Արսեն Մինասյանի անվերջ բարեգործությունները պատճառ են դառնում քաղաքի բնակիչները նրան ընտրեն որպես քաղաքային խորհրդի անդամ, նույնիսկ մի ժամանակ շշուկներ էին տարածվում Արսենին նշանակեն քաղաքապետի պաշտոնում, սակայն Արսեն Մինասյանը ինքը չի ընդունում: Ժամանակ առ ժամանակ նրան դիմող և հարազատներ չունեցող տարեց կանանց ու տղամարդկանց վիճակը պատճառ է դառնում, որ Արսենը մտածի ծերանոց կառուցելու մասին: Արսեն Մինասյանը առաջինն էր, որ ծերանոց կառուցելու նախագիծը ներկայացնում է Դոկտոր Հաքիմզադեին: Այն ժամանակ, երբ դեռ Թեհրանում ծերանոց չկար Ռաշտ քաղաքը այդ երկու մարդասերների օգնությամբ, Այաթոլլահ Զիաբարիի և հայտնի առևտրական Չինիչյանի աջակցությամբ ունեցավ առաջին ծերանոցն ու հաշմանդամների ու հոգեկան հիվանդների առողջարանը, որը կառուցվեց հանգուցյալ Հաջի Էսթեղամաթի տրամադրած հողամասում Ռաշտ քաղաքի Սոլեյմանդարաբ թաղամասում: Այս ծերանոցի կառուցումից հետո Արսեն Մինասյանն իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր այդտեղ գտնվողներին ծառայելով:

Արսեն Մինասյանը տասնյակ երիտասարդ աղջիկների իր նվիրած օժիտով ամուսնացրել է:

Ժամանակի Ռաշտ քաղաքում տեղի ունեցան հրդեհներ: Այդ հրդեհների ժամանակ էլ Արսեն Մինասյանը ներկա էր ժողովրդին օգնելու  առաջնագծում: Նրան տեսնում էին, որ հրշեջ փրկարարի նման տանիքից տանիք էր գնում հրի ու ծխի մեջ ու օգնում  էր մարդկանց: Գիլանի ջրհեղեղի ժամանակ նույնպես Արսենը առաջնագծում էր կանգնած և օգնում էր ժողովրդին:

Գիլան նահանգի ժողովուրդը հիշում է այն օրերը, երբ մեշոկագործության գործարանի աշխատավորները իրենց ընտանիքներով հանդերձ, իրենց իրավունքներն ստանալու համար հացադուլի էին դիմել Ռաշտի «Շահրդարի» հրապարակում: Հրապարակի շուրջը լցված էր զինվորներով ու ոստիկաններով: Ոչ ոք չէր համարձակվում մոտենալ բողոքարարներին: Միայն Արսեն Մինասյանն էր, որ Արմավով, հաց ու պանրով ու կաթի շշերով լցված զամբյուղներով գնում է դեպի բողոքարարները և ոչ ոք չի համարձակվում կանգնեցնել նրան:

Առաջին օրը ոստիկանությունը Արսենին խնդրեց, որ չմնա բողոքարարների մեջ, բայց Արսեն Մինասյանը սառնասրտությամբ ասում է.«Իմ դեմ բողոքիր քաղաքապետին և նրան ասա, որ Արսենը հրապարակում կանգնած երեխաների համար կաթ  է տարել»:

Իր կենդանության օրոք Արսեն Մինասյանը մեծ թվով կարիքավորների ու անօթևանների հոգևոր հայրն էր: 1974թ. երբ նա Քարուն դեղատան տնօրինությունը հանձնում է ուրիշ մեկի և իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր ծերանոցում և ծառայում էր ծերերին ու հաշմանդամներին: Այն ժամանակ, երբ Թեհրանում Քահրիզաքի ծերանոցն ու առողջարանը կառուցելու համար դոկտոր Հաքիմզադեն Թեհրան է հրավիրվում Ռաշտի ծերանոցի տնօրինությունը հանձնվում է Արսեն Մինասյանին:

Արսեն Մինասյանի բարությանն ու մարդասիրությանը ականատես եղած մարդիկ շատ հուշեր են պատմել, որ այստեղ հնարավոր չէ անդրադառնալ բոլորին: Նա մինչև իր կյանքի վերջին վայրկյանները անշահախնդիր կերպով ծառայում էր ժողովրդին առանց որևէ ակնկալիքի:

1977թ. նովռուզյան արձակուրդներից հետո, իրանական ֆարվարդին ամսի 14-ի գիշերվա 10-ին Ռաշտ քաղաքը իր կյանքի ամենադառը դեպքերից մեկի ականատեսը եղավ: Մինասյանը, որ արդեն վաղուց պայքարում էր ինչ-որ հիվանդության դեմ այդ գիշեր կնքում է իր մահկանացուն ու հեռանում է կյանքից: Նրա հուղարկավորությանը մասնակցում էր մեծ բազմություն: Ժողովուրդը սգում էր Ռաշտ քաղաքի մեծ բարերարի ու իր հոգևոր հոր ու աջակից եղբոր մահը: Նա հողին է հանձնվել Ռաշտ քաղաքի հայկական դպրոցի բակում:

Արսենը գնաց սակայն նրա հիշատակը միշտ կմնա բոլորի սրտերում: Ռաշտում դեպի ծերանոց տանող պողոտան անվանակոչվել է նրա անունով: Ամեն տարի, դեղագործության օրվա կապակցությամբ, Գիլանի քաղաքների դեղագործները հարգանքի տուրք են մատուցում Արսեն Մինասյանի հիշատակին և համախմբվելով, դեղեր են ուղարկում նահանգի կենտրոն` Ռաշտ քաղաքի հաշմանդամների առողջարան:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

--- 

Բարեկամներ դոկտոր Բեհզադին ժամանակին տպագրել է իր հուշերի գիրքը, որտեղ «Չասված խոսքեր Արսեն Մինասյանի մասին» խորագրով առանձին բաժնում անդրադարձել է Արսեն Մինասյանին։ Գրքի նախաբանը կարդում է Նասեր Բեհզադին, որտեղ լայն անդրադարձ է կատարվում Արսեն Մինասյանի ու նրա գործը հավերժացնելու վերաբերյալ:

 

«Չասված խոսքեր Ռաշտ քաղաքի դեղագործ Արսեն մինասյանի մասին, ով իր կատարած մարդասիրական ծառայությունների դիմաց արժանացավ Պատվո Դոկտորի կոչումին:

Հուշապատում գրքի առաջին հատորի հրատարակությունից հետո գրքով հետաքրքրվողներն ու գիրքը կարդացած անձինք տարբեր կարծիքներ էին հայտնում գրքում տեղ գտած անհատականությունների մասին, շատերը ճիշտ էին, որոշ կարծիքներն էլ առաջացել էին ճաշակի տարբերություններից, բայց մի դեպքում՝ Ռաշտի հայ փորձարարական դեղագործ Արսեն Մինասյանի բեղմնավոր կյանքի մասին բոլորը համակարծիք էին: Ինձ հետ Արսենի մասին խոսողներից շատերն ասում էին, որ հուզմունքից արտասվել են: Ես Արսենի կենսագրությունը չեմ գրել, որ մարդիկ լաց լինեն, սակայն այդ հիշողությունները գրելիս շատ անգամներ արցունքներս սեւացնում էին գրվածքներս, երբեմն թուղթը մի կողմ էի շպրտում, քանի որ շատ էի տխրում, և ասում էի ով մարդ, ինչո՞ւ միայն մեկ հոգի էիր։ Ինչո՞ւ հազարավոր մարդիկ քեզ նման չեն այս աշխարհում որպեսզի իրենց բարությամբ աշխարհը տանելի դարձնեն: Ինչո՞ւ բեղմնավոր կյանքդ այդքան կարճ էր։ Այս վաղաժամ մահվան դեմ ի նշան բողոքի, ես ձայնակցում էի իրանական գրականության մեծ բանաստեղծ Նասեր Խոսրովին, թե ինչու է այդքան կարճ սիրամարգի ու փասիանի կյանքը և ագռավն ու անգղը այդքան երկար են ապրում: Իրանի տարբեր շրջանների զգայուն ժողովրդից բացի,  Ռաշտ քաղաքի մի խումբ ուսանողներ ինձանից խնդրեցին մի գիրք գրել Արսենի մասին: Ես նրանց ասացի, որ ուրիշ շատ ճաշակով գրողներ կան ավելի լավ է նրանց դիմեք: Այն բծախնդրությամբ, որ ունեմ իմ երկերը ստեղծելու մեջ նման մի գիրք, որ արժանի լինի Արսեն Մինասյանի վեհությանն ու մարդկային բարձր արժանիքներին նվազագույնը 2 տարի ժամ կպահանջի: Նման գործ անելու համար պետք է այս ժամանակվա ընթացքում ես ինքս էլ գնամ այն ճանապարհներով, որ Արսենը կտրել անցել է մարդկությանը ծառայելու համար, տեսնեմ ու զրուցեմ այն կանանց ու տղամարդկանց հետ, որ Արսենը ծառայել է նրանց: Այս ամենով հանդերձ ես կկարողանամ գրի առնել Արսենի՝ այս մեծ մարդու կատարած գործերի միայն 10 տոկոսը: Իհարկե ես էլ ձեզ պես համոզված եմ, որ քանի դեռ չի ուշացել պետք է կազմել Արսենի լիակատար կենսագրությունը, այն էլ նրանց օգնությամբ, ովքեր կարողացել են հասկանալ այս մարդուն: Այնպես ինչպես արտասահմանցիները այս կարգի մարդկանց մասին գրքեր են գրում ու ֆիլմեր են նկարում: Այսօր տարիներ է անցնում Արսենի մահվանից: Շատ  երիտասարդներ նրան չեն ճանաչում շատ չանցած մենք և ուրիշները, որ նրան հասկացել ենք կհեռանանք կյանքից և աստիճանաբար նրան ճանաչող մարդկանց թիվն ավելի ու ավելի կպակասի: Ուրեմն ժամանակը քիչ է , պետք է մի գործ անել և ոչ թե Արսենի համար, որ գնաց, այլև այն Արսենների համար, որ պետք  է լցնեն նրա դատարկ մնացած տեղը»: