Ելք դեպի լույս 695
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ղեսաս սուրահի 5-6-րդ այաներ
Մենք ցանկացանք հարստությամբ ողողել նրանց, որոնք հարստահարված էին՝ դարձնելով (մարդկանց) առաջնորդներ ու (երկրի) ժառանգորդ:
Մենք ցանկացանք աշխարհի վրա հաստատել նրանց տիրապետությունը և փարավոնին ու Համանին, ինչպես նաև բանակին ցույց տալ այն ամենը, ինչից սոսկում էին:
Այս այաները խոսում են այն մասին, որ փարավոնը կարծում էր, թե իշխանությունը մշտապես լինելու է իր ձեռքում ու նա անելու է այն, ինչ ցանկանա: Նա թերևս չգիտեր, որ Աստված կամենում է բռնատերերին հենց այս աշխարհում նվաստացնել ու չարքաշներին իշխանություն տալ: Փարավոնն ու նրա նախարար Համանը մշտապես վախ ունեին, որ Իսրայելի ժողովուրդը կարող է ապստամբել ու տապալել իրենց իշխանությունը: Ուստի Իսրայելի ժողովրդին ենթարկում էին խոշտանգումների, իսկ երիտասարդներին՝ սպանում: Սակայն այն, ինչ փարավոնի աջակցների սարսափի պատճառ էր դառնում, Աստծու կամոք իրենց հասավ: Իսրայելի ժողովուրդը, Մովսեսի ղեկավարությամբ, հաղթեց նրանց ու տիրրացավ նրանց հարստություններին ու պալատներին: Իհարկե Աստծու կամքը հենց այնպես չի կատարվում: Եթե մի ժողովուրդ ցանկանա գնալ փրկության ճանապարհով, Աստված նրան հաղթանակ կպարգևի: Այսպես է եղել պատմության ողջ ընթացքում: Եվ քանի դեռ ժողովուրդները չեն ցանկանում փոփոխել իրենց կյանքն այն չի փոխվելու: Իսլամական որոշ աղբյուրների համաձայն, երբ գա աշխարհի վերջը, մարգարեի ժառանգորդներից իմամ Մահդին գալու է և բռնատերերին հաղթելով, չարքաշներին իշխանություն է տալու, որպեսզի արևելքում ու արևմուտքում խաղաղություն հաստատվի։
Այս այաներից սովորում ենք.
1. Աստծու կամքն է, որ բռնատերերը վերանան ու չարքաշներն իշխանության գան:
2. Բռնատեր իշխանությունները գործունյա ուժերին ոչնչացնում են, որպեսզի կարողանան իշխել ժողովուրդների վրա:
3. Աշխարհի ապագան չարքաշներինն է և այս պատգամն Աստված նրանց տվել է, որպեսզի ապագայի նկատմամբ հույսով պայքարեն:
4. Բռնատեր ուժերը ոչ միայն հանդերձյալ կյանքում, այլ հենց այս աշխարհում կարժանանան աստվածային պատժին և հավատացյալների ձեռքով կկորցնեն իրենց ուժը:
Ղեսաս սուրահի 7 և 8-րդ այաներ
Մենք ներշնչեցինք Մովսեսի մորը. «Նրան կաթ տուր ու եթե վախենում ես, որ նա չապրի, Նեղոսը նետիր: Ոչ մի բանից մի վախեցիր, որովհետև նրան մի օր քեզ կվերադարձնենք ու մարգարե կհռչակենք»:
Փարավոնի ընտանիքը (Նեղոս գետից) գտավ նրան, որ մի օր պիտի դառնար իր թշնամին և դառը վիշտ պատճառեր, որովհետև փարավոնը, Համանն ու նրանց բանակն ամբարիշտ էին:
Այս այաները պատմում են Մովսեսի ծնունդի ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին: Դրանք ցույց են տալիս, որ Աստծու կամքն իրականություն է դառնում և չարքաշները հաղթում են բռնատերերին: Այդ մասին խոսվել է նաև այլ այաներում։
Մոգերը փարավոնին ասել էին, որ իր երկրում ծնվելու է մի տղա, որը ոչնչացնելու է իր իշխանությունը: Փարավոնը հրամայեց, որ իսրայելցիների բոլոր նորածին տղաներին սպանեն: Այդ ժամանակ, ծնվեց նաև Մովսեսը: Աստված Մովսեսի մորն ասաց, որ նրան կաթ տա, այնուհետև դնի տուփի մեջ ու գցի Եփրատ գետը և Աստված նրան պահապան կդառնա: Մայրն այդպես արեց, չնայած մտահոգ էր Մովսեսի ճակատագրով: Նույն ժամանակ, Փարավոնն ու նրա կինը, նստած էին գետի ափին ու տեսան արկղը, որը լողում էր ջրի մեջ: Փարավոնը հրամայեց արկղը դուրս բերել ջրից: Եվ երբ այն բացեցին, տեսան նորածնին, որի հետ չգիտեին ինչ անել: Մի կողմից փարավոնը հրամայել էր սպանել իսրայելցիների տղա երեխաներին, ու պարզ էր որ այս երեխան էլ իսրայելցի է: Մյուս կողմից, փարավոնը տղա չուներ և նրա կինը Ասիեն, ցանկացավ որդեգրել երեխային: Սակայն դրանից ավելի վեր, Աստծու կամքն էր, որը Մովսեսի մորը հրամայեց երեխային ջուրը նետել: Իսկ մյուս կողմից, Աստված փարավոնի կնոջ սրտում սեր դրեց այդ երեխայի նկատմամբ: Այսպիսով, Մովսեսը մեծանում է իր թշնամու տանը, ապահով միջավայրում, որպեսզի հետագայում վերջ տա փարավոնի բռնատեր իշխանությանը:
Այս այաներից սովորում ենք.
1. Փակուղիների ժամանակ, Աստված հավատացյալների ամենալավ առաջնորդն է և ցույց է տալիս ճիշտ ճանապարհը:
2. Աստծուն ապավինելու հետ միասին, պետք է օգտվենք մեր բոլոր հնարավորություններից՝ մեր պարտավորությունները ճիշտ կատարելու համար:
3. Չնայած Աստծու պատվիրանների մեծ մասը չգիտենք, սակայն դա չպետք է պատճառ դառնա, որ թերանանք Աստծու հրամանները կատարելիս, քանի որ այն հրամանները, որ Աստված է տվել, գաղտնիքներ են և Նրա ոչ մի վճիռն անիմաստ չի կարող լինել: