Հոկտեմբեր 24, 2023 14:42 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

Թվականիս հոկտեմբերի 17-ին, երեքշաբթի օրը Հայաստանի պետական ​​համալսարանի ուսանողները այցելել են Երևանի Կապույտ մզկիթում կազմակերպված մշակութային ցուցահանդես:

Այս  ցուցահանդեսում  ի ցույց են դրվել  պարսկերեն և հայերեն գրքեր՝ մշակութային տարբեր թեմաների, այդ թվում՝ սրբազան պաշտպանության տարիներին՝ Իրաքի բաասական ռեժիմի  կողմից Իրանին պարտադրված պատերազմի ժամանակ դիմադրության, քաջության և զոհաբերության մշակույթի,և  1979  թվականին Իսլամական հեղափոխության հաղթանակի մասին: Ցուցադրվել են նաև   ժամանակակից գրականության և Իրանի ու Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ գրքեր: 

Նշենք, որ Երեւանի Կապույտ մզկիթում Իրանի մշակութային ցուցահանդեսն արժանացել է հայ ուսանողների ուշադրությանն ու ջերմ ընդունելությանը։ Այս ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում Իրանի  Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և Երևանի Կապույտ մզկիթի գրադարանի համատեղ ջանքերով։

Իրանի արևմուտքում գտնվող գեղատեսիլ և զբոսաշրջային Մարիվան քաղաքում անցած երեքշաբթի օրը մեկնարկեց Իրանի փողոցային թատրոնի 16-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցում էին արվեստագետներ՝ ամբողջ Իրանից և 15 խմբեր արտասահմանից, այդ թվում՝ Հայաստանից։

Այս փառատոնի քարտուղար՝ Ռահման Հոշիարիի խոսքով, փառատոնի այս շրջանում ներկա են օտարերկրյա խմբեր 11 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Թուրքիայից և Իրաքից։

Հոկտեմբերի 17-ին մեկնարկած փողոցային թատերական 16-րդ փառատոնը շարունակվել է  մինչև հոկտեմբերի 21-ը: Փակման արարողությանը ներկա էր նաև Իրանի Իսլամական  մշակույթի և  առաջնորդության նախարարը։

Այս փառատոնն անվանելով «մշակութային մեծ իրադարձություն» , Հոշիարին հավելել է.-«Մարիվան փողոցի 16-րդ թատերական փառատոնը լուսաբանում են ավելի քան 45  տեղական և արտասահմանյան լրագրողներ»։

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ մեկնարկեց 16-րդ միջազգային թատերական փառատոնի «Ուրախության կառնավալը», որի մասնակից թատերախմբերը ամբողջ Իրանից և արտասահմանից իրենց տարազներով ու երաժշտական  ​​գործիքներով ներկայացան Մարիվանի փողոցներում։

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է սեպտեմբերի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց...» վեպը: Այն հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ «Տասը փոքրիկ սևամորթներ» վերնագրով: 

Երկրորդ տեղում է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: 

Ագաթա Քրիստիի «Ծռմռված տունը» երրորդ տեղում է։ «Ծռմռված տունը» համարվում է Ագաթա Քրիստիի ամենախճճված վեպը: Հրատարակվել է 1949թ. հետպատերազմյան Անգլիայում: Քրիստիի ամենասիրելի տասը գրքերից մեկն է և այն քչերից, որ գոհացրել են հեղինակին: 

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը չորրորդ տեղում է։ 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: 

Հինգերորդ տեղում է Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը։ 44-օրյա պատերազմը փոխեց հայկական իրականությունը։ Պարզ էր, որ 2020-ից հետո ամեն ինչ նախկինի պես չի լինելու։ Բայց մի բան է, երբ մենք ենք դրա մասին խոսում, գրքեր գրում՝ մեկ այլ բան, երբ այսքան կարևոր թեմայի անդրադառնում են այլազգի գրողները։ Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը գեղարվեստական ստեղծագործություն է, որի առանցքում 44-օրյա պատերազմն է։ Վեպ, որտեղ կգտնեք հուզիչ սիրային պատմություն, տաքուկ մարդկային հարաբերություններ, բայց նաև  պատերազմի դաժան իրականություն, որը անտարբեր ոչ ոքի չի թողնի։ Գրքում պատմվում է Մոսկվայում բնակվող ընկերների մասին։ Նրանցից երկուսը հայ են, մեկը վրացի, մյուսն էլ ադրբեջանցի։ Ընկերներից մեկը Մարատը 44-օրյա պատերազմի օրերին հայտնվում է Արցախում։ Թարգմանությունը՝ Նորայր Ենգիբարյանի։

Վեցերորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» գիրքը։ Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերիկիզակետում:

Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» գիրքը յոթերորդ տեղում է։ «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վիպակը համարվում է Ագաթա Քրիստիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ 

Ութերորդ հորիզոնականում է Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը»: Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից:

Մարկ Լեւիի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» իններորդ տեղում է։ «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» վեպը (2011) ֆրանսիացի հայտնի ժամանակակից գրող Մարկ Լեւիի հայերեն թարգմանված առաջին ստեղծագործությունն է: 

Ագաթա Քրիստիի «Կապույտ գնացքի առեղծվածը» տասներորդ տեղում է։ Մեծահարուստ տիկնոջը դաժանորեն խեղդամահ են արել գնացքի իր խցիկում, իսկ նրա թանկարժեք սուտակներն անհետացել են: 

Նյու Յորք, Նյու Ջերսի, Ֆիլադելֆիա, Վաշինգտոն և Լոս Անջելես քաղաքներում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանական կազմը հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 5-ը կներկայացնի Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վիպակի բեմականացված տարբերակը։

«Թատրոնի ամերիկյան հյուրախաղերի կազմակերպման ուղղությամբ աշխատանքը սկսել էինք դեռ տարեսկզբից։ Մինչև Միացյալ Նահանգները, արցախցի դերասանները մեծ հաջողությամբ հանդես էին եկել նաև ՀՀ-ում և արտերկրում»,- նշեց ներկայացման ռեժիսոր նյույորքաբնակ Կարինե Քոչարյանը:

2021-ին ժամանակավորապես հաստատվելով Ստեփանակերտում՝ Վահրամ Փափազյանի անվան թատրոնում մի քանի ամսվա աշխատանքի արդյունքում նա Նարինե Աբգարյանի վերը նշված գիրքն ադապտացրել էր թատերական ներկայացման համար ու բեմականացրել նախ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում, ապա թատերական խմբի հետ հյուրախաղերով մեկնել Ֆրանսիա, Բելգիա, Ավստրիա, Գերմանիա և Ռուսաստան։ 

«Եթե օրինակ Մոսկվայում մենք 6-ի փոխարեն 16 ներկայացում խաղայինք, սրահները միևնույն է կշարունակեին լեփ լեցուն լինել։ Այս հաջողությունների արդյունքում ծագեց նաև խումբն ԱՄՆ բերելու գաղափարը»,-նշեց Քոչարյանը։

Արցախից ժամանած 12 դերասանները ներկայացումը խաղում են հայերեն` լուսագրերի միջոցով զուգահեռ ընթացող անգլերեն թարգմանությամբ։

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն»-ը հոկտեմբերի 22-28-ը անցկացնում է  «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը։

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:30-ին, Հայաստանի կինոգործիչների միությունում  (Վարդանանց 18), որտեղ անցկացվելու են նաև մրցութային ծրագրերը: «Ռետրոսպեկտիվ» հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան «ԹՈՒՄՈ» կենտրոնում։

Այս տարի «ՌեԱնիմանիա» փառատոնը նշում է իր հիմնադրման 15-ամյակը. այն  նվիրված է Հայկական անիմացիայի 85 և Հայ կինոյի 100-ամյակներին:

2009 թվականից անցկացվող «ՌեԱնիմանիա» փառատոնը սկիզբ է դրել Հայաստանում անիմացիոն կինոարվեստի  զարգացմանը։ Փառատոնը  հիմնադրել է երգիծանկարիչ, գեղանկարիչ և մուլտիպլիկատոր Վրեժ Քասունին: Որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենամեծ անիմացիոն իրադարձություն՝ «ՌեԱնիմանիան» տարեկան ցուցադրում է ավելի քան 400 ֆիլմ և ներգրավում է շուրջ 10.000 հանդիսատեսի, հյուրերի և մասնակիցների ամբողջ աշխարհից: Այս ցուցանիշը տարեցտարի շարունակում է աճել:

Փառատոնի նպատակն է նպաստել հայկական անիմացիայի զարգացմանն ու տարածմանը, ինչպես նաև հայ մասնագետների համար փորձի փոխանակման, միջազգային կապեր ձեռք բերելու և սեփական նախագծերը կյանքի կոչելու հնարավորությունների հարթակի ստեղծմանը։

Փառատոնն այս ուղղությամբ առաջին քայլերը կատարել է դեռևս 2010 թվականին՝ ստեղծելով «MarAni» անիմացիոն շուկայի հարթակը։ Որոշակի դադարից հետո, «ՌեԱնիմանիա» 15-րդ հոբելյանական փառատոնին կից կրկին կգործարկվի «MarAni» հարթակը՝  կատարելագործված և նոր ձևաչափով։

«MarAni» հարթակի շրջանակում հոկտեմբերի  27-ին և  28-ին  «ԹՈՒՄՈ» կենտրոնում (Երևան, Հալաբյան 16) կանցկացվեն վարպետաց դասեր, աշխատարաններ, պանելային քննարկումներ՝ միջազգային լավագույն մասնագետների մասնակցությամբ. կխոսվի վիզուալ էֆեկտներից, AI, VR կիրառությունից, անիմացիայում դերասանական հմտություններից և այլն։ Հարթակը հյուրընկալելու է Դիսնեյից, «Սարդ մարդը» ֆիլմում աշխատած պրոֆեսիոնալների և այլ աշխարհահռչակ դեմքերի։ Զուգահեռ գործելու է համարտադրության (coproduction) հարթակը, որտեղ հայ անիմատորները միջազգային համարտադրողներին կներկայացնեն իրենց նախագծերը: Կքննարկվեն համագործակցության հնարավոր ուղիները, որով հիմք կդրվեն համատեղ արտադրությունների կազմակերպմանն ու իրականացմանը: