Նոյեմբեր 22, 2023 08:42 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության փոխտնօրեն Ալի Ասղար Շալբաֆյանը հայտարարելով, որ 13-րդ կառավարության քաղաքականության օրակարգում օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը երկիր դյուրացնելու հարցն է, հավելել է. «Մինչ այժմ Իրաքի ու Թուրքիայի զբոսաշրջիկների համար հնարավոր է եղել անձնական մեքենաներով մուտք գործել Իրան, առաջիկա ամիսներին նման հնարավորություն կունենան նաև հայ զբոսաշրջիկները»:

Շիրազ քաղաքում հյուրանոցի բացման միջոցառման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում, Շալբաֆյանը նշել է, որ վերջին 7 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների 40 տոկոս աճ, հավելելով, որ այս պահին շինարարության ընթացքում են ավելի քան 2500 զբոսաշրջային և հյուրանոցային համալիրներ:  Նշելով, որ 13-րդ կառավարությունը վերջին երկու տարում զբոսաշրջության ոլորտում ներգրավել է 291 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ, Շալբաֆյանը հավելել է. «Այս նախագծերից մի քանիսն իրականացվել են արտասահմանում գտնվող իրանցիների կողմից, ովքեր հետաքրքրված են ներդրումներ կատարել զբոսաշրջության ոլորտում»:

Հանուն խաղաղության, արդարության և գլոբալ անվտանգության՝ հակաապարտեիդ համաշխարհային գիտական կոալիցիայի համաժողովի նախագահը տեղեկացրել է առաջիկա տարում Իրանում այդ կոալիցիայի միջազգային նիստի անցկացման մասին։

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, համաժողովի նախագահ՝ Սաիդ Ամերին Թեհրանի համալսարանում կայացած համագումարի ընթացքում ասել է․- «Իսլամական հեղափոխության դիսկուրսը արդարության դիսկուրսն է, և Իրանի գիտական ​​կենտրոնները կարող են լինել գիտական ​​արդարության և խաղաղության դրոշակակիրն աշխարհում»:

Ամերին նշել է, որ հաջորդ տարվանից արդար խաղաղության համար ժողովրդական մրցանակը կշնորհվի աշխարհի առաջատար քաղաքական գործիչներին, լրատվական ու մեդիա մշակութային և հետազոտությունների ոլորտի գործիչներին։

Հանուն խաղաղության, արդարության և գլոբալ անվտանգության՝ հակաապարտեիդ համաշխարհային գիտական կոալիցիայի համաժողովի նախագահն այսօրվա համագումարի մասին ասել է․- «Այս հանդիպումը կայացել է հարգելու խաղաղությունը և ապահովելու ավելի ազատ ու բարգավաճ աշխարհի կառուցումը։ Գիտական ​​ապարտեիդը փակել է գիտության կառուցողական ճանապարհն աշխարհում և բախվել հսկայական մարտահրավերների»:

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է օկուպացված Արցախի Հադրութի շրջանում գտնվող հայկական եկեղեցու ավերման մասին, ինչը փաստում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման խախտման մասին։

2022 թվականի ամռանը Caucasus Heritage Watch-ը արձանագրել էր 2020 թվական 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իրավասության տակ անցած Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի գրեթե ամբողջական ավերումը։ Հիմնովին ավերված կառույցների թվում էր նաև Մոխրենեսի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը կառուցվել էր 18-19-րդ դարերում։

Սակայն, ինչպես նշված է հրապարակման մեջ, Սուրբ Սարգիս եկեղեցու քանդումը, ըստ ամենայնի, վերջին քայլը չէր ադրբեջանական միջամտության առումով, քանի որ կազմակերպությունն իր շարունակական դիտարկման ընթացքում փաստագրել է ապացույցներ հետագա շինարարական աշխատանքների վերաբերյալ։

Կազմակերպությունը հիշեցնում է, որ Ադրբեջանը պարտավոր է պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը և կանխել Մոխրենեսում հայկական դարավոր մշակութային և կրոնական կյանքը ջնջելու ցանկացած փորձ։

«2022 թվականին եկեղեցու ավերումը Միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի միջանկյալ միջոցի առաջին փաստագրված խախտումն է»,- ասված է կազմակերպության հրապարակման մեջ: Ըստ Caucasus Heritage Watch-ի՝ հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարձագանքի Արդարադատության միջազգային դատարանը իր վճիռների խախտումներին և դրանք քողարկելու փորձերին:

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին որոշում էր կայացրել՝ պարտադրել Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:

Կիևի Շևչենկովսկի շրջանում նոյեմբերի 15-ին ապամոնտաժվել է ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի արձանը։ Դեռևս հայտնի չէ, թե որտեղ է այն պահվելու։ Այս մասին հաղորդում է OBOZ.UA-ի թղթակիցը։Նշվում է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում ապառուսականացման գործընթացը շարունակվում է:«Պատերազմի երկրորդ տարվա վերջ միայն Նախարարների կաբինետը հասկացավ, որ Պուշկինը ուկրաինական մշակույթի մաս չէ, և պաշտոնյաները համաձայնեցին այս արձանը քանդելու նախաձեռնությանը: Եվ շնորհակալություն դրա համար։ Մենք այն քանդում ենք»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Կիևի քաղաքային խորհրդի պատգամավոր Դմիտրի Բելոցերկովեցը։

Ռուս մեծ բանաստեղծ և արձակագիր Ալեքսանդր Պուշկինի ծոռի ծոռը՝ Ալեքսանդր Պուշկինը, արձագանքել է այսօր Կիևում գրողի արձանի ապամոնտաժմանը, ինչն իրականացվել է ապառուսականացման ծրագրի շրջանակում:Ինչպես գրում է News.ru-ն, Պուշկինի խոսքով՝ Կիևի իշխանությունները «ԱՄՆ-ի կոշիկների տակ գտնվող հիմարներ են», որոնց հետ «անօգուտ է խոսել»:«Ես չեմ հասկանում, թե ինչպես են մարդիկ դա անում: Սա Պուշկինն է, սա մշակույթ է, սա կապ չունի ռազմական գործողությունների կամ քաղաքականության հետ։ Չի կարելի ամեն ինչ խառնել, բայց այս հիմարները խառնում են: Մեր ընկերներն ապրում են Տալլինում, որտեղ նույնպես ապամոնտաժվել է Պուշկինի արձանը, ամո՛թ է, ամո՛թ։ Մարդիկ ոչինչ չեն հասկանում և նման հիմարություններ են անում»,- ասել է Պուշկինը։

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքների։

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքն առաջին տեղում է։ 1936 թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: 

Երկրորդ հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց...» վեպը: Այն հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: 

Երրորդ հորիզոնականում է Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը»: Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: 

Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» չորրորդ տեղում է։ Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: 

Ագաթա Քրիստիի «Ծռմռված տունը» հինգերորդ տեղում է։ «Ծռմռված տունը» համարվում է Ագաթա Քրիստիի ամենախճճված վեպը: Հրատարակվել է 1949 թ. հետպատերազմյան Անգլիայում: Քրիստիի ամենասիրելի տասը գրքերից մեկն է և այն քչերից, որ գոհացրել են հեղինակին: 

Լոնդոնյան արվարձաններից մեկում գտնվող իր տանն առեղծվածորեն մահանում է հույն մեծահարուստ Արիստիդ Լեոնիդիսը: Ընտանիքի անդամներից ոչ ոք չունի ո՛չ նրան սպանելու շարժառիթ, ո՛չ էլ ալիբի: 

Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» գիրքը վեցերորդ տեղում է։ Այն համարվում է Ագաթա Քրիստիի լավագույն ստեղծագործություններից մեկը։

Քրիստիի «Բացելով խաղաքարտերը»  յոթերորդ տեղում է։ «Բացելով խաղաքարտերը» վեպն առաջին անգամ տպագրվել է 1936թ.: Վեպում Էրքյուլ Պուարոյի հետ միասին հետաքննությունը վարում են Արիադնե Օլիվերը, ավագ տեսուչ Բաթլը և գնդապետ Ռեյսը, որին հանդիպել եք Ագաթա Քրիստիի այլ գործերում: 

Ութերորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Անվերջանալի գիշեր»-ը։ Ագաթա Քրիստիի «Անվերջանալի գիշեր» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1967 թվականին։ 

Իններորդ հորիզոնականում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ստեղծագործությունը: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը հաղթել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել: Թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյան:

Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը տասներորդ տեղում է։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։