Գեղարվեստական հաղորդում (391)
Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը։ Այս մասին ահազանգում է Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպությունը։
«Ինչպես հստակ երևում է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) նախաձեռնության կողմից հրապարակված արբանյակային լուսանկարներից, օկուպացված Շուշի քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել են Շուշի քաղաքի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու մնացորդները։ Համաձայն 2023 թվականի նոյեմբերի 3-ին արված արբանյակային լուսանկարի՝ ադրբեջանական կողմը շրջակա տարածքների շինարարության ամբողջ շինաղբը ծանր տեխնիկայի միջոցով լցրել է եկեղեցու՝ դեռևս 2017 թվականի պեղումներով բացված հիմնապատերի և ծավալների վրա:
Դեռևս 2021 թվականից արբանյակային լուսանկարները փաստել են միայն տարածքի անխնամ և խոտածածկ դառնալը:
Մեղրեցոց Սբ. Ասվածածին եկեղեցին կառուցվել է 1838 թվականին Մահտեսի Հախումյանցի ծախսերով։
1960-ական թվականներին եկեղեցու ծավալների մեծ մասը քանդվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ հարմարեցվելով և վերածվելով ամառային բացօթյա կինոթատրոնի: Նշենք, որ սկսած 1960-ական թվականներից Ադրբեջանի իշխանությունները սկսեցին ակտիվորեն բռնայուրացնել Շուշի քաղաքի մշակութային ժառանգությունը՝ արհեստական կերպով փոխելով քաղաքի մշակութային կերպարը, այն վերածելով ադրբեջանական մշակութային կենտրոնի: Այս քաղաքականության արդյունքում զգալիորեն վնասվեց Շուշի քաղաքի հայկական թաղամասը և նրա հուշարձանները: Մասնավորապես, վթարային վիճակի հասցվեց Շուշի քաղաքի Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը, Կանաչ ժամ եկեղեցին վերածվեց հանքային ջրերի ըմպելասրահի: Իսկ Կուսանաց վանք և Ագուլեցոց Ամենափրկիչ եկեղեցիները հիմնահատակ քանդվեցին և ոչնչացվեցին: Այդ նույն տարիներին Ադրբեջանի իշխանությունների կողմից ավերվեց քաղաքի հայկական գերեզմանոցը: Մեղրեցոց եկեղեցու պարագայում Ադրբեջանի իշխանությունները պայթեցումներով քանդել են եկեղեցու պատերի մեծ մասը, իսկ մեկ մետրից բարձր պահպանված հիմնապատերը ներառվել են ասֆալտի տակ (Մկրտչյան 1980, 155-161, Պետրոսյան 2010, 137-148):
Մեղրեցոց եկեղեցու տարածքում 2017 թվականին պեղումներ է իրականացրել Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը (արշավախմբի ղեկավար պ. գ. թ. Երանյան Ն., ճարտարապետ Տիտանյան Մ.): Նախքան պեղումները տարածքն ամբողջովին ասֆալտապատ էր, տեղում երևում էին միայն խորանը և երկու ավանդատները (Երանյան 2021, 498-502): Պեղումների արդյունքում հեռացվել է ասֆալտի շերտը և բացվել են եկեղեցու հիմքերը։
Ադրբեջանի իշխանությունները 2020 թվականի նոյեմբերին քաղաքն օկուպացնելուց հետո ակտիվ կերպով շարունակում են դեռևս 1960-ական թվականներին սկսած Շուշի քաղաքի պատմության, մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությունը։
Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների ոչնչացման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․»։ Հավելենք նաև, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։
Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով», - ասված է կազմակերպության կայքում։
Նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան զուգահեռ, շաբաթ օրը Թեհրանի միջազգային գագաթնաժողովների դահլիճում մեկնարկել է Սիոնիստական ռեժիմի ցեղասպանության դեմ կանանց համաշխարհային համերաշխության՝ «Մարիամի արցունքները» խորագրով միջազգային համաժողովը՝ իրանցի և օտարերկրացիների հյուրերի, տարբեր երկրներից ժամանած մի խումբ միջազգային կին մտավորականների ու ակտիվիստների մասնակցությամբ։
Այս համաժողովում Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին ասաց. «Պաղեստինի ավելի քան հարյուրամյա դիմադրության պատմությունը լի է այս երկրամասի հզոր կանանց ներկայությամբ, և երբեք չի եղել ժամանակաշրջան՝ առանց կանանց և աղջիկների դերակատարության։
Էսմայիլին հավելեց. «Իհարկե, ոչ մի շարժում արդյունքի չի հասնի, քանի դեռ կանայք չեն կանգնել այդ շարժման կողքին։ Դիմադրության ոգին իմաստավորվում և էպիկական է դառնում կանանց ներկայությամբ»:
Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարն ընդգծեց, որ Սրբազան պաշտպանության օրերին մայրերը, կանայք և քույրերը Իսլամական հեղափոխության հաղթանակի հիմնական առանցքներն էին, քանի որ հենց այդ կանայք էին տղամարդկանց ուղարկում ռազմաճակատներ։
Էսմայիլին նաև հավելել է. «Այսօր, եթե Գազայի բնակիչները ապշեցրել են աշխարհի ժողովրդին իրենց դիմադրությամբ, ապա դա այդ ասպարեզում կանանց ներկայության բերումով է»:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ «Իմ երևակայության Խաչատրյանը» խորագրով ցուցահանդես-մրցույթի բացումը՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։
ՀՀ մարզերի, Երևանի և Արցախից տեղահանված շուրջ 39 արհեստագործ վարպետներ ներկայացրել են ձեռագործ աշխատանքներ, որոնք կրում են Խաչատրյանի ստեղծագործական ժառանգության ազդեցությունը:
Վարպետների պատրաստած արտադրանքը՝ դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, գեղանկար, գրաֆիկա, քանդակ, հուշամեդալներ, մանրադրամներ, զարդեղեն, հուշանվերային բնույթի իրեր, կտրամադրվեն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին՝ ցուցասրահում ներկայացվելու համար:
Միջոցառումը կնպաստի մշակութային ժառանգության կենսունակության պահպանմանը և արհեստագործական ներուժի ճանաչելիության բարձրացմանը:
Երեք անվանակարգում հաղթող ճանաչված մասնակիցները կստանան դրամական պարգևներ:
Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 27-ը։ Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գործընկերությամբ:
«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
Երկրորդ հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:
Էդգար Մեջինյանի «Գլոբրի» հեքիաթը երրորդ տեղում է։ Այն օրինակելի և կախարդական պատմություն է դպրոցական կյանքի մասին՝ անսպասելի ավարտով, որի էությունը ինքնավստահությունն է։
Չորրորդ հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է (մեկ այլ հրատարակչության): Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:
Հինգերորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ:
Խնկո Ապոր առակներն ամփոփող «Առակներ» ժողովածուն վեցերորդն է։ Առակների հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Ա
Շառլ Պերրոյի «Կոշկավոր կատուն» յոթերորդ տեղում է։ Գլխավոր հերոսների 3D փազլների օգնությամբ երեխան պատմում է հեքիաթը և բեմականացնում տիկնիկային ներկայացում:
Հովհաննես Թումանյանի «Սուտասանը և Ճամփորդները» ութերորդ տեղում է։ Գրքին ամրացված ձայնային մոդուլի օգնությամբ հնչում են Հովհաննես Թումանյանի «Սուտասանը և Ճամփորդները» ստեղծագործությունները:
Իններորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Երկնքում շատ աստղեր կան» պատմվածքների ժողովածուն։
Տասներորդ տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: