Գեղարվեստական հաղորդում (392)
Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի 95-ամյակը կնշանավորվի հոբելյանական գալա համերգով: Համերգային երեկոն նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 11-ին, սակայն այն հետաձգվել էր և կկայանա դեկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երեկոյին կհնչեն հայկական դուդուկի ջերմաշունչ մեղեդիները:
Հատուկ ծրագիր է մշակվել հոբելյանական համերգի համար: Հայկական ժողովրդական երաժշտությունից մինչև էթնո-ջազային կոմպոզիցիաներ, հանրահայտ ֆիլմերի սաունդթրեքեր. ահա այն երաժշտական բազմաժանր ստեղծագործությունները, որոնց կատարումներով երջանկահիշատակ Ջիվան Գասպարյանին շնորհակալություն են հայտնելու անվանի երաժիշտները` դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, թմբկահար Արտո Թունչբոյաջյանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը, «Գաթա» բենդի տաղանդաշատ երաժիշտ ստեղնաշարային գործիքահար Գարեգին Առաքելյանը, որը նաև նոր գործիքավորումներ է պատրաստել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի համատեղ կատարումների համար:
Ջիվան Գասպարյանը որպես դուդուկահար իր առաջին քայլերն արել է հենց այս անսամբլում և առաջին ելույթները եղել են «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երեկոյին կցուցադրվեն նաև արխիվային կադրեր Գասպարյանի կատարումներից:
Ջիվան Գասպարյանն աշխարհին դուդուկը ներկայացրել է նորովի և երկար տարիների համառ ջանքերի շնորհիվ այն ամրագրել է որպես հայկական երաժշտական գործիք: 2005 թվականին հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց և մակագրվել է 2008-ին: 2008-ին նաև մեծ հոբելյանական համերգով նշվեց Ջիվան Գասպարյանի 80-ամյակը, առաջին անգամ Հայաստան էին ժամանել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտներ ինչպիսիք են Պիթեր Գեբրիելը, Զուկեռոն, Ալան Փարսոնս Փրոջեքթը, Անդրեաս Վոլենվաիդեռը և այլք: Ջիվան Գասպարյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների և կոչումների: Նա 1956 թվականին ստանում է առաջին մրցանակը, 1959-ին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ միջազգային փառատոնում ՄԱԿԳՄԻ (UNESCO) հովանավորության ներքո։ Նույն մրցույթին մասնակցելով՝ 1962 թվականին ստացել է արծաթե մեդալ, 1973-ին՝ բրոնզե, 1973 թվականին արժանացել է ՀՀ ազգային արվեստագետի պատվավոր կոչմանը։ 1978-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ է ճանաչվել, 2000-ին՝ Երևանի պատվավոր քաղաքացի, 2001-ին ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» մեդալի է արժանացել, 2001-ին «Ոսկե գլոբուս» է ստացել, 2002-ին «Womex Award» միջազգային հեղինակավոր մրցանակին է արժանացել, 2006 թվականին ներկայացվել է ԱՄՆ «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակի, 2017-ին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան է ստացել:
Ջիվան Գասպարյանը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ: Նրանցից են Բրայան Ինոն, Բրայան Մեյը, Փիթեր Գեբրիելը, Լայոնել Ռիչին, Հանս Զիմերը, Ջերի Գոլդսմիթը, Գրեմ Ռեվելը, Լարա Ֆաբիանը, Կրոնոս կվարտետը և այլք: Ջիվան Գասպարյանի ձեռքբերումները կարելի է անվերջ թվարկել: Դուդուկի մեծ վարպետը տասնյակ տարիներ պատվով ներկայացրել է աշխարհին հայ մշակույթը, համերգներով հանդես է եկել աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր բեմերում՝ հավատարիմ մնալով հայ մշակույթին:
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել հայ դասական արձակի երևելիներից Մուշեղ Գալշոյանի ստեղծագործությունների ժողովածուն` «Ձորի Միրոն» վերնագրով՝ նվիրված հեղինակի 90-ամյակին։
Երեք բաժիններից կազմված ժողովածուում ընդգրկվել են հեղինակի «Ձորի Միրոն» վիպակը, «Մարութա սարի ամպերը» պատմվածաշարը և «Ագռավաքար» էսսեների ու ակնարկների շարքը։
«Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում կայացավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին գրողի ընտանիքի անդամներ, գրչընկերներ, բարեկամներ ու ընթերցասեր հասարակություն։ Երեկոն վարում էր «Էդիթ Պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրող Դավիթ Սամվելյանը, ով կազմել և հրատարակության է պատրաստել գիրքը:
Ի՞նչ է պատահում, երբ դասընկերուհիները, որոնք և՛ նման են, և՛ չափազանց տարբեր, որոշում են հանդիպել շոգեբաղնիքում, հաճելի ժամանակ անցկացնել, խոսել միմյանց առավելությունների և թերությունների, անձնական անհաջողությունների ու ցանկությունների մասին, ինչպես նաև հիշել դրվագներ դպրոցական տարիներից:
Հենց նման հանդիպում են կազմակերպում «Կին կոդ» զվարճալի ներկայացման հերոսուհիները, որոնց կապում է մեկ տղամարդ:
Ներկայացումը, որը տարիներ առաջ հասցրել է գրավել հանդիսատեսի ուշադրությունը, նոյեմբերի 29-ից երևանյան բեմ վերադարձավ վերաբեմադրված տարբերակով, նոր դերասանական կազմով, սցենարական ու երաժշտական լուծումներով ու շեշտադրումներով:
Ներկայացման ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանն ասաց, որ դրամատուրգիական գծի մեջ փոփոխություն չի եղել. որոշ չափով փոխվել են այն կերպարները, որոնց դերակատարները նոր են, ինչպես նաև այլ հերոսների վերաբերմունքն այդ կերպարների նկատմամբ:
«Նախորդ ներկայացման մեջ զբաղված դերասաններ Ստեփան Ղամբարյանն ու Ռոզի Ավետիսովան խաղում են իմ «No Makeup» բեմադրության մեջ, Անի Խաչիկյանը ևս գերզբաղված է… Որպեսզի նոր շունչ հաղորդենք «Կին կոդ» ներկայացմանը, այլ դերասանների հրավիրեցինք: Երբ դերակատարները փոխվում են, ներկայացումը նորից ես բեմադրում»,-նշեց նա:
Գոջամանյանի խոսքով՝ արվեստագետը երկու ուղղությամբ է աշխատում՝ բացառապես գեղագիտություն է ապահովում, կամ նաև հասարակական գործունություն է ծավալում: Նա երկրորդ դասին է պատկանում ու ասում, որ ներկայացումն ունի հստակ շեշտադրումներ ու հասցեատերեր, որոնք հայ կանայք ու հայ տղամարդիկ են:
«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքների։
Առաջին տեղում է Կարո Վարդանյանի «Առեղծվածային Հակոբ Հակոբյանը»։ Գիրքը ներկայացնում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադիր-ղեկավար Հակոբ Հակոբյանի հուշագրությունը։
Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը երկրորդ տեղում է։
Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» երրորդ տեղում է։ Սեթ Գոդինն առաջարկում է ոչ թե հնարքներ, այլ մարքեթինգի նոր՝ ավելի արտիստիկ ու խոր մոտեցումներ:
Չորրորդ տեղում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին:
Ա․ Նալչաջյանի «Հայ ազգի ծագումը» հինգերորդ տեղում է։ Հասկանալու համար՝ ով ես և դեպի ուր ես գնում, շատ կարևոր է հասկանալ, թե որտեղից ես գալիս:
Գարեգին Նժդեհի «Գլխովին կորչելու վտանգը» գիրքը վեցերորդն է։ Գրքում Նժդեհն անդրադառնում է Հայաստանի աշխարհագրական դիրքին, որն ավելի մտահոգիչ է, քան քաղաքական ճակատագիրը: Նա ասես կանխատեսել էր 44-օրյա պատերազմը՝ մատը դնելով պանթուրքիզմի նկրտումների վրա։ Խոսելով գլոբալիզմի մասին և դրա դեմ՝ Նժդեհը կարևորում է հայրենասիրությունը և սեփական ուժերին ապավինելու հանգամանքը։ Նա քննադատում է դժբախտություններն արտաքին պատճառների վերագրելու և փրկությունը դրսի ուժերից սպասելու մոլորությունը։ Նժդեհն աններելի է համարում պարտությունը՝ չընդունելով որևէ արդարացում. «Չէ՞ որ միշտ էլ երկու բերանով կարելի է ապացուցել, որ պարտության օրը հացը ժամանակին չհասավ, թշնամին թվական գերազանցություն ուներ...»։ «Չսարսափենք, բայց և առանց սին պատրանքների և ավելորդ նախապաշարումների ընդունենք այդ դառը ճշմարտությունը՝ մեր ապագան վտանգված է»,– սթափեցնում է զորավարը։
Ջորդան Բ․ Փիթերսոնի «Կյանքի 12 կանոն» գիրքը յոթերորդ տեղում է։ Ամբողջ աշխարհում այս պահին վաճառվել է այս գրքի 5 միլիոն օրինակ։
Կարլ Սյուելի և Փոլ Բրաունի «Հաճախորդներ ամբողջ կյանքի համար» գիրքը ութերորդն է։
Քեյթ Ֆերացիի և Ռալ Թեզի «Երբեք մենակ մի ճաշեք և նեթվորքինգի այլ կանոններ»-ը իններորդ տեղում է։ Կապերը որոշում են ամեն ինչ:
Սեթ Գոդինի «Մանուշակագույն կով»-ը տասներորդ տեղում է։