Դեկտեմբեր 13, 2023 14:01 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ոչ նյութական ժառանգության ցանկում գրանցվել է Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի կողմից համատեղ ներկայացված «Իֆթարի և նրա սոցիալական մշակութային ավանդույթները»։

Իրանը ներկայացրել է «Թազհիբ» կոչվող գրքերի նախշազարդման ու  ոսկեզօծման արվեստը ոչ նյութական ժառանգության ցանկում Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի հետ համատեղ գրանցելու նպատակով, ընդորում «Թազհիբի» հայտը ևս միաձայն ընդունվել է համապատասխան կոմիտեի անդամների  կողմից համաշխարհային գրանցման համար։

Իֆթարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու մասին հայտում նշվում է, որ մուսուլմանների շրջանում Իֆթարի ավանդույթը (Ռամադան ամսում ամենօրյա ծոմի ավարտը) փոխանցվում է սերնդեսերունդ։ Իֆթարն իրականում նրանց մշակույթի ու ինքնության անբաժանելի մասն է, թե՛ ծոմ պահողների, թե՛ չպահողների:

Իֆթարը մուսուլմանների երեկոյան ընթրիքն է Ռամադան ամսվա ընթացքում՝ Մաղրիբի ազանի (Երեկոյան աղոթքի) կանչից հետո: Նրանք փորձում են միասին նշել իրենց պահքը։

Ինչ վերաբերում է Թազհիբին, այն կարելի է համարել որպես ինքնատիպ և գեղեցիկ նախշերի հավաքածու, որոնք նկարիչներն ու Թազհիբի արվեստի վարպետները օգտագործում են Ղուրանի, կրոնական, մշակութային, պատմական և պոեզիայի գրքերն ավելի գեղեցիկ դարձնելու համար:

«Հոզե Մաշղ» հրատարակչության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին  Գոլեստան մշակույթի տանը, տեղի ունեցավ «Հոզե Մաշղ» հրատարակչության  «Տարվա գիրք» չորրորդ մրցանակաբաշխությունը՝ Իրանում Հայատանի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի և Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի ներկայացուցիչ' Տեր Մեսրոպ քահանա Ռաթևոսյանի ներկայությամբ։

 Միջոցառմանը ներկա էին նաև Գոլեստան մշակույթի տան ղեկավար կազմի ներկայացուցիչը, մի խումբ գրողներ, հետազոտողներ, բանաստեղծներ,  հայ և պարսիկ հայրենակիցներ։  Այս մասին հաղորդում է ANA լրատվական գործակալությունը։ 

Միջոցառման ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Արսեն Ավագյանը հանդես եկավ ելույթով։  Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, դեսպան Ավագյանն ասաց,-«Իրանի և Հայաստանի հարաբերությունները հազարամյակների երկար պատմություն ունեն, երկու պետությունները ոչ միայն հարևան, այլև բարեկամ և եղբայրական պետություններ են, որոնք մշտապես միմյանց աջակցել են հատկապես պատմության ծանր ժամանակներում։ Շատ կարևոր  և գնահատելի է, Իրանի Իսլամական Հանրապտության դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անփոփոխության և այլ տարածաշրջանային գործընթացների  վերաբերյալ։Իսկ Իրանի իսլամական Հանրապետության  վերաբերմունքը Իրանահայ համայնքի  և հայկական պատմական  մշակութային ժառանգության նկատմամբ, օրինակելի է բոլորի համար։Երբ խոսում ենք մեր դարավոր պապերի համագործակցության մասին տարբեր բնագավառներում, այդ կարևոր բնագավառներից հանդիսանում են մշակույթը և գիտությունը»։ 

Դեսպան Ավագյանը  հավելեց,-«Շնորհավորում եմ «Հոզե Մաշղ» հրատարակչությանը, միայն  այս տարի մոտ 1500 անուն գիրք  հրատարակելու կապակցությամբ և  առանձնահատուկ հաճելի է,երբ  այդ 1500 գրքերի մեջ տեղ են գտել հայերենից պարսկերեն և պարսկերենից հայերեն թարգմանված գրքերը»։ 

Իր ելույթում դեսպան Ավագյանը նշեց,որ «Հոզե Մաշղ» հրատարակչության  հրատարակած գրքերից են՝ Գրիգորիս Պալաքյանի «Հայ Գողգոթան», Սերո Խանզադյանի «Շուշի», և Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» գրքերը,որոնք պարսկերենի է թարգմանել Նորիկ Մեհրաբյանը։Առանձնահատուկ հիշատակման արժանի է  Վահագն Աֆյանի հեղինակած Դիվանագիտական բառարանը»։

Նշենք,որ այս մշակութային միջոցառման ժամանակ տեղի ունեցավ Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աֆյանի հեղինակած «Հայերեն-պարսկերեն և պարսկերեն-հայերեն»  դիվանագիտական բառարանի շնորհանդեսը։

Գիրքը տպագրվել է  Իրանահայ  գործարար և բարերար՝  Հենրիկ  Տեր Ղուկասյանի և նրա տիկնոջ՝ Ադրինե Տեր Ղուկասյանի մեկենասությամբ։ 

Միջոցառման վերջում  գնատագրերով պարգևատրվեցին գրողներ, բանաստեղծներ և հետազոտողներ։

 

Դեկտեմբերի 4-ից 9-ը Կասանե քաղաքում (Բոտսվանա) ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակու­թային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմի­տեի 18-րդ նստաշրջանի ընթացքում կոմիտեն որոշում է կայացրել Գյումրիի դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու վերաբերյալ։

Դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել, սակայն որպես քաղաքային արհեստ՝ իր լիարժեք արտահայտումը ձեռք է բերել Գյումրիում և ծաղկուն շրջան ապրել 19-րդ դարում: Սերնդեսերունդ փոխանցվող այս ազգային ավանդույթի գրանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում առանցքային նշանակություն ունի դրա կենսունակության ապահովման, արժևորման և հանրահռչակման համար։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006թ․։ Հաջորդող տարիներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվել են «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017թ․), «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2018թ.), ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» (2020թ.) տարրերը։

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ նոեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Ռուբեն Եսայանի հեղինակած «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը, որը հայկական գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է:

Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն երկրորդ տեղում է։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը․ հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը տասնամյակներ անց: 

Գոհար Նավասարդյանի «Երեք սեր» գիրքը երրորդ տեղում է։ Գիրքը սիրո, հիասթափության, չվերջացող կարոտի, զղջման ու կնոջ ուժեղ տեսակի մասին է։ 

Չորրորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: 

Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ»-ը հինգերորդ տեղում է։ Մ.թ.ա. առաջին դարում համաշխարհային տիրապետության ձգտող Հռոմը ցանկանում էր զավթել Փոքր Ասիան, բայց հռոմեական նվաճումների շղթան չէր ամբողջանում, որովհետև իրենց անկախության ու ազատության համար հերոսական պայքարի են ելնում Պոնտոսը, Հայաստանը և Պարթևստանը: Հայրենի երկիրը հռոմեական ավարառուներից պաշտպանելու համար ոտքի է կանգնում նաև հայ ժողովուրդը և ապրելու ու գոյատևելու իր իրավունքը պաշտպանում զենքի ուժով: Արքայից արքա Տիգրան Բ Մեծի գլխավորությամբ Հայաստանը դառնում է աշխարհի հզոր տերություններից մեկը: Այդ դարաշրջանի գեղարվեստական պատկերն է  արտացոլվում անվանի արձակագիր, պետական մրցանակի դափներկիր Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ» պատմավեպում:

Մուշեղ Գալշոյանի «Ձորի Միրոն» վեցերորդ տեղում է։ Ժողովածուում տեղ են գտել հեղինակի «Ձորի Միրոն» վիպակը, «Մարութա սարի ամպերը» պատմվածքաշարը և «Ագռավաքար» էսսեների և ակնարկների շարքը, որոնք իրենց ասելիքով արդիական են ցայսօր: Գալշոյանի հերոսներն անվախ են, ժամանակի հոսանքին հակառակ լողացող, անգամ ժամանակից դուրս, ազնիվ և առնական, իրենց հոգու երազը չկորցրած մարդիկ են, որոնք Էրգրում են թողել իրենց երիտասարդությունը, հիշողությունը և արյան կանչով հասել են Արաքսից այս կողմ ու դեռ հաշտ չեն աշխարհի հետ... հարց ունեն աշխարհին տալու. Ինչո՞ւ...

Յոթերորդ հորիզոնականում է Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ –1» գեղարվեստական վեպը, որը պատմում է Արցախյան երեք պատերազմների ու մեր օրերն ընդգրկող ժամանակների մասին։

Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքը ութերորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: 

Բյուրակն Իշխանյանի «Կտորե տոպրակը» իններորդ տեղում է։ Սիրանուշն Օրհուս տեղափոխվեց օգոստոսի վերջին։ Եկավ մի ճամպրուկով՝ Բեռլինի բնակարանը հանձնելուց առաջ դեն նետելով բոլոր հին իրերը։ 

Տասներորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։