Դեկտեմբեր 25, 2023 12:36 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։ Մինաս Ավետիսյանի 95-ամյակին նվիրված «Գույներ կերտող նկարիչը» խորագրով ցուցահանդեսը բացվել է համայնքապետարանի ցուցասրահում։

Ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի հայտարարած «Գույներ կերտող նկարիչը» խորագրով հոբելյանական միջոցառումների դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:

«Համայնքային ցուցասրահի համար ամբողջ տարին եղել է ակտիվ գործունեության տարի և մեզ համար անչափ կարևոր է տարին եզրափակել Մինաս Ավետիսյանի 95-ամյակին նվիրված ցուցահանդեսով: Այս ցուցահանդեսը բացառիկներից է: 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվում Մինաս Ավետիսյանի գործերը»,- ցուցահանդեսի բացմանը նշեց Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ գյումրեցիներին ու   բոլոր հյուրերին հրավիրելով ցուցադրության։

Հայաստանի ազգային պատկերասրահի ոսկե ֆոնդից նկարչի 28 աշխատանք է ներկայացված ցուցադրությանը, որոնք Գյումրիում կմնան ավելի քան մեկ ամիս։ 

 

 

Վերջին տարիներին ֆիզիկական և թվային փորձառությունների համադրությամբ ի հայտ է եկել «ֆիջիթալ» տերմինը՝ պատրաստ լինելու ապագայի շարժիչը: Մի շարք ոլորտներում սա նոր հնարավորությունների սկիզբ է: Մեծ աղմուկ բարձրացրած NFT-ների աշխարհը նույնպես այս ֆիջիթալ հեղաշրջման մասն է:

Այդ ինքնատիպ NFT-ներն իրենց արտահայտումն են գտել ֆիջիթալ սրահներում, որոնցից մեկն այժմ գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ մոլում: Երկրորդ նորաբաց սփեյսը գործում է Հայաստանում՝ Arhvestanots by Door-ում:

Հայաստանում բլոկչեյն էմբասի հանդիսացող ftNFT ֆիջիթալ սփեյսը NFT պատկերասրահ է, որտեղ ներկայացված են եզակի արվեստի գործեր՝ և՛ թվային, և՛ ֆիզիկական ձևաչափով: Ստեղծարարները, գործարարները և բոլոր հետաքրքրված անձինք, որոնք ուզում են մուտք գործել NFT-ների յուրահատուկ աշխարհ, այստեղ կարող են ներկայացնել սեփական գործերը: Ցուցադրված NFT-ները հնարավոր է վաճառել ՀՀ դրամով:

Սրահում տեղադրված են նորագույն սարքավորումներ՝ 3D պրինտեր, NFT տերմինալ, կա հանդիպումների առանձին սենյակ և հատուկ քոուորքինգ սփեյս՝ նախատեսված հարմար ու հաճելի միջավայրում աշխատելու համար: Պատկերասրահում հնարավոր է նաև կազմակերպել տարբեր միջոցառումներ ու ցուցադրություններ:

ftNFT ֆիջիթալ սփեյսում ցուցադրված են Akneye-ի, Funky Bunch-ի, Արթուր Սարյանի, Դավիթ Գալստյանի և այլ տաղանդավոր արտիստների ստեղծած հավաքածուների բացառիկ նմուշները:

 

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացրել  է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է նոյեմբերի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականում է Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը»: Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող:

Երկրորդ հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց...» վեպը: Այն հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ:

Երրորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Անվերջանալի գիշեր»-ը։ Ագաթա Քրիստիի «Անվերջանալի գիշեր» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1967 թվականին։

Ագաթա Քրիստիի «Էրքյուլ Պուարոյի Սուրբ Ծնունդը» չորրորդ տեղում է։ Քրիստիի «Էրքյուլ Պուարոյի Սուրբ Ծնունդը» ընթերցողին արդեն քաջ հայտնի բելգիացի մասնավոր խուզարկուի մասնակցությամբ հերթական դետեկտիվ վեպն է։

Հինգերորդ տեղում է Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» գիրքը: 2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով:

Քրիստիի «Բացելով խաղաքարտերը»  վեցերորդ տեղում է։ «Բացելով խաղաքարտերը» վեպն առաջին անգամ տպագրվել է 1936թ.:

Ագաթա Քրիստիի «Մոռացված սպանությունը» յոթերորդ տեղում է։ «Մոռացված սպանությունը» Ագաթա Քրիստիի հերթական վեպերից է, որում հանդես է գալիս միսս Մարփելը:

Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» գիրքը ութերորդ տեղում է։ «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վիպակը համարվում է Ագաթա Քրիստիի լավագույն ստեղծագործություններից մեկը։

Իններորդ տեղում է Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը։  44-օրյա պատերազմը փոխեց հայկական իրականությունը։ Պարզ էր, որ 2020-ից հետո ամեն ինչ նախկինի պես չի լինելու։

Տասներորդ հորիզոնականում է Ջորջ Օրուելի «1984» վեպը: 1949 թ. հրատարակված «1984» հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.։

 

Ռուս նշանավոր բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, հայ ժողովրդի բարեկամ Վալերի Բրյուսովի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 13-ին Հայաստանի ազգային գրադարանում անցկացվել է հանրային դասախոսություն «Վալերի Բրյուսովը և «Հայաստանի պոեզիան»» թեմայով։

Բանաստեղծի 150-ամյակի առթիվ կազմակերպված տարվա վերջին բանախոսությունը վարել է Ազգային գրադարանի տնօրեն, բրյուսովագետ, Բրյուսովի թանգարանի հիմնադիր Աննա Չուլյանը։

«Բանախոսը ներկայացրեց Վալերի Բրյուսովի կյանքը և գործունեությունը, մասնավորապես, անդրադարձավ Բրյուսովի՝ 1916 թվականին Մոսկվայում հրատարակված «Հայաստանի պոեզիան» (Поэзия Армении с древнейших времен до наших дней) ժողովածուի կազմման պատմությանը։ Աննա Չուլյանն ընդգծեց, որ «Հայաստանի պոեզիան» լույս աշխարհ եկավ հայ ժողովրդի համար օրհասական ժամանակամիջոցում։ Բրյուսովը, համախմբելով ռուս առաջավոր մտավորականության մի խումբ ներկայացուցիչների, նրանց հետ միասին թարգմանեց և կազմեց մինչև օրս չգերազանցված մի ժողովածու։ Բանախոսը շեշտեց, որ հայ պոեզիայի գոհարները՝ սկսած վաղ միջնադարից, մինչև 20-րդ դարասկզբի հեղինակների երկեր, առաջին անգամ ներկայացվեցին ռուսերեն։

Բրյուսովն առաջինն էր, որ, անդրադառնալով Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, հրապարակեց մեկ ու կես միլիոն զոհերի թիվը։ Բրյուսովն էր, որ առաջին անգամ տարանջատեց արևելահայ և պոլսահայ գրողներին։

Ըստ աղբյուրի՝ ուշագրավ դասախոսության ընթացքում մասնակիցների համար շատ բացահայտումներ եղան։

 

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը բուհում դեկտեմբերի 13-ին  կայացած դասախոսության շրջանակում մանրամասներ է ներկայացրել Հորդանանի Շոուբակ ամրոցի արշավախմբի հնագիտական հետազոտությունների արդյունքում հայտնաբերված նորահայտ հայերեն արձանագրություններով սալաքարերի վերաբերյալ։

«Հորդանանի նորահայտ հայերեն արձանագրությունները» խորագրով դասախոսությանը նա նշել է, որ անձամբ հրավիրվել է 12-րդ դարով թվագրվող ամրոցի պեղման աշխատանքներն իրականացնող Ֆլորենցիայի համալսարանի արշավախմբի կողմից,  ծանոթացել է խաչակիրների կառուցած  եկեղեցու բակում հայտնաբերված հայերեն արձանագրություններով երկու սալաքարերին, ուսումնասիրել  հայտնաբերման հանգամանքները։

«Մենք արդեն 10 տարուց ավելի է համագործակցում ենք Ֆլորենցիայի համալսարանի Միջնադարյան հնագիտության բաժնի հետ։ Մենք հետազոտել ենք Մետաքսի ճանապարհի վայոցձորյան հատվածը։ Շուտով լույս կտեսնի մեր «Եղեգիս» գիրքը՝ նվիրված մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում  Վայոց Ձորի առանձնահատուկ դերակատարմանը։ Որպես Մետաքսի ճանապարհի կարևոր կենտրոն կենտրոնացել ենք նաև Դվին քաղաքի պեղումների վրա։ Հայ-իտալական արշավախումբը արդեն երրորդ տարին է համատեղ պեղումներ է անցկացնում նաև Դվինում։ Քանի որ մեր գործընկերները նաև Ֆլորենցիայի համալսարանի Պետրա-Շոուբակ հնագիտական արշավախմբի  անդամներն են,  մենք շատ սերտ կապերի մեջ ենք, և մի անգամ չէ, որ խոսել ենք հատկապես խաչակիրների ժամանակաշրջանի հայ Կիլիկիայի հարաբերությունների, այդ տարածքներում հայերի դավանական, մշակութային ներկայության մասին։ Շատ ուրախալի էր, որ մեր հնագետները Շոուբակի պեղումների ժամանակ պատահաբար՝ ոչ մշակութային շերտում, թափվածքը հեռացնելիս գտել են սալաքար՝ հայերեն արձանագրություններով»,-մանրամասնեց Պետրոսյանը՝ հավելելով, որ այնտեղ են մեկնել հնագետ, Դվինի արշավախմբի անդամ Տատյանա Վարդանեսովայի հետ։

 

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում դեկտեմբերի 12-ին բացվել է «Մունք. Քաշաթաղ» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպվել է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ։

ցուցահանդեսին ներկայացված էին Քաշաթաղի (Լաչին)  շրջանի պատմամշակութային հուշարձանների, այդ թվում՝ հնամյա կամուրջների, եկեղեցիների, խաչքարերի, ամրոցների ու բերդերի լուսանկարներ, որոնք հեղինակել է շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր, լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանը։

Ցուցահանդեսի բացմանը, Քաշաթաղի վարչակազմի նախկին ղեկավար Ալեքսան Հակոբյանը, նախ նշեց, որ այս տարի լրանում է շրջանի ստեղծման 30-ամյակը՝ համոզմունք հայտնելով, որ այն Արցախյան շարժման ծնունդ էր։

«Այն, ինչ կորցրել ենք, դա մնացել է մեր հոգիներում, մնացել է մեր հիշողության մեջ։ Թարմ է, բայց հետո տարիներ էլ անցնեն, միևնույնն է, կմնա մարդկանց հիշողության, հոգու մեջ, կհարատևի պատմության մեջ»,-ասաց նա։