Գեղարվեստական հաղորդում (395)
Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի կենտրոն Թավրիզ քաղաքում կայացել է«Յալդայի գիշերվա»(Շաբ-ե Յալդա)»-ի ազգային ավանդույթների պահպանման ցուցահանդեսը։
Պատմական և զբոսաշրջային Թավրիզ քաղաքում կայացած այս ցուցահանդեսի նպատակն է պահպանել այս ավանդույթները և ներկայացնել հատուկ Յալդայի գիշերվա համար նախատեսված ուտելիքները, չարազը և մրգերը։ Ցուցահանդեսը տևել է մեկ շաբաթ։
Յալդայի գիշերվա ավանդույթների պահպանման մշակութային միջոցառումը մեծ ընդունելության արժանացավ Թավրիզում, և այս միջոցառումը շարունակվեց մինչև չորեքշաբթի գիշեր։
Յալդայի գիշեը կամ (Շաբ-ե չելլեն) Իրանի ժողովրդի հնագույն տոներից մեկն է։
Դեկտեմբերի 21-ին,Իրանի ժողովուրդը նշում է «Յալդայի գիշերը», որը տարվա ամենաերկար գիշերն է։
Իրանական ընտանքիները Յալդայի գիշերը սովորաբար հավաքվում են իրար շուրջ և մինչև լուսաբաց միասին են անցկացնում։
Դարեր շարունակ իրանցիներն ու իրանական մշակույթի ազդեցության տակ գտնվող տարածաշրջանի այլ ժողովուրդները ուրախությամբ են նշել այս տոնը։
Տարվա ամենաերկար գիշերը իրանցիների շատ գեղեցիկ ավանդույթներից է՝ հարազատներին և ընտանիքի մեծերին այցելելը,որի ընթացքում ողջ գիշերն արթուն են անցկացնում և աշնան վերջին գիշերը դարձնում հիշարժան և անմոռանալի հուշերով լի գիշեր։
Յալդայի գիշերվա ազգային ավանդույթների պահպանման ցուցահանդեսի մի շարք այցելուներ Թավրիզում Iran press-ի թղթակցին տված հարցազրույցում Յալդայի գիշերը անվանել են մեծերին այցելելու լավագույն առիթը և ասել են,որ Յալդայի գիշերը մեծերին այցելելը և հարգելը իրանցիների կարևորագույն ավանդույթներից է համարվում:
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեի Լահուտի թատերական համալիրում կայացել է ԵԱՏՄ երաժշտական ավանդույթների և ժողովրդական արվեստի միջազգային փառատոնը:
Iran Press-ի փոխանցմամբ՝ Տաջիկստանի մշակույթի նախարար Զոլֆիե Դոլաթզադեն և երկրի մի խումբ պաշտոնյաներ ու արվեստագետներ, ԵԱՏՄ երկրների դիվանագետների, այդ թվում՝ Տաջիկստանում ԻԻՀ դեսպան Ալիռեզա Հաղիղյանի հետ միասին, ներկա են գտնվել փառատոնին:
Փառատոնի շրջանակներում կազմակերպվել է նաև Տաջիկստանի և մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Իրանի ժողովրդական արվեստի և ձեռարվեստի ցուցահանդես։
Իրանական «Դարուգ» երաժշտական խումբը հանդես է եկել ելույթով և կատարել «Շահնամե» պոեմի Ռոստամի և Սոհրաբի մասին պատմությունից մի հատված:
Հայաստանից ֆիլմեր կմասնակցեն Իրանի «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնին։
«Ֆաջր» միջազգային կինոփառատոնի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել է,որ 42-րդ փառատոնի միջազգային բաժնում կմրցեն 621 ֆիլմ 87 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։
Ասիական-իսլամական երկրների կինոմրցույթը այս տարվա փառատոնի մրցութային ենթախմբերի մաս է կազմելու:
«Ֆաջր» միջազգային 42-րդ կինոփառատոնը 10 օրով կանցկացվի 2024 թվականի փետրվարի 1-ից 11-ը (Բահման ամսի 12-ից 22-ը) ։
Ֆաջր միջազգային կինոփառատոնի մրցութային բաժիններում մասնակիցները մրցելու են հատուկ մրցանակի համար, որը կոչվում է «Բյուրեղյա Սիմորղ»։ Պատվո դիպլոմը և ոսկե մեդալը այս փառատոնի մյուս մրցանակներն են։
Բացի Իրանից և Հայաստանից, 86 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մյանմարը, Մալայզիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Թուրքիան, Իտալիան, Եմենը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մոլդովան, Լիտվան, Արգենտինան, Իսպանիան, Գերմանիան, Մեքսիկան, Ալբանիան, Չինաստանը, Բրիտանիան ներկայացրել են իրենց ֆիլմերը «Ֆաջր» կինոփառատոնի միջազգային բաժնին մասնակցելու համար։
Փառատոնի սկզբում տեղի է ունենում մի արվեստագետի մեծարմանը նվիրված արարողություն, իսկ վերջում հատուկ մրցանակներ են շնորհվում ժողովրդի քվեներով ընտրված ֆիլմին։
«Ֆաջր» միջազգային կինոփառատոնը միշտ ոգեւորությամբ է ընդունվել կինոգործիչների ու կինոսերների կողմից։
Ռեժիսորներ Բեն Փրաուդֆութի և Քրիս Բաուերսի «Վերանորոգման վերջին խանութը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը հայտնվել է Ամերկյան կինոակադեմիայի 96-րդ «Օսկար» մրցանակաբաշխության շորթլիստում՝ ընտրված 15 ֆիլմերի հետ միասին։
Ֆիլմի առանցքում ընկած է հայ կերպար։ Ֆիլմը պատմում է չորս նվիրյալ արհեստավորների մասին, որոնք լավ վիճակում են պահպանում ավելի քան 80 000 ուսանողական երաժշտական գործիքներ Լոս Անջելես քաղաքում։ Նրանց գլխավոր մենեջերը Սթիվ Բաղրամյանն է, որը 1980-ականներին Ադրբեջանում ենթարկվել է էթնիկ հալածանքների:
Ֆիլմը «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգի շորթլիստում է հայտնվել` ընտրվելով այս անվանակարգում առաջադրված 114 ֆիլմերից։
«Վերանորոգման վերջին խանութը» հասանելի է առցանց Los Angeles Times-ի YouTube ալիքում:
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և «Անտարես» հրատարակչության համատեղ ջանքերով հրատարակվել է Եղիշե Չարենցի «Երկերի ժողովածուի» ակադեմիական նոր՝ 13 հատորյա հրատարակության 1-ին հատորը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ սույն թվականի դեկտեմբերի 21-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Գրականագետ Հայկ Համբարձումյանի խոսքով՝ առաջին հատորի լույս ընծայումը, որն ընդգրկում է Չարենցի 1912-1922 թվականների ստեղծագործությունները, իրականություն դարձավ նաև հայտնի չարենցագետների ակտիվ համագործակցության շնորհիվ։
Եղիշե Չարենցի «Երկերի ժողովածուի» ակադեմիական հրատարակության առաջին հատորի խմբագրական խորհրդի անդամ, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը ներկայացրեց նախաձեռնության մտահղացումը, իրականացված աշխատանքի մանրամասները։
Նրա խոսքով՝ հիմք ունենալով Չարենցի գործերի նախկին ակադեմիական հրատարակությունը, կրկին ուսումնասիրվել է բանաստեղծի յուրաքանչյուր տպագիր գործ։ Գրականագետի հավաստմամբ՝ ակադեմիական նոր հրատարակության առաջին հատորը, որում ընդգրկված են նաև Չարենցի նախկինում չտպագրված 15 նոր բանաստեղծություն, առանձնանում է նախևառաջ բովանդակային տեսանկյունից։
Բավականին մեծածավալ ուսումնասիրություն, համեմատություններ և աշխատանք է իրականացվել նաև կապված բանաստեղծի ձեռագրերի հետ։
Ըստ այդմ՝ որոշ բառեր և կետադրություններ, որոնք նախկին հրատարակություններում այլ կերպ են մեկնաբանվել՝ ճշգրտվել և համապատասխանեցվել են ձեռագրերին, ինչը ևս բովանդակային, կառուցվածքային նոր իմաստ է հաղորդել որոշ ստեղծագործությունների։
Չարենցի գործերի ակադեմիական նոր հրատարակության առաջին հատորն արժևորեցին և կարևորեցին նաև Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։
«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ նոյեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
Երկրորդ տեղում է Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների միջոցով:
Երրորդ տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին:
Խնկո Ապոր առակներն ամփոփող «Առակներ» ժողովածուն չորրորդն է։ Առակների հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։
Հինգերորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը՝ այս անգամ մեկ այլ հրատարակության լույսընծայմամբ։
Վեցերորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ:
Լիզ Փիշընի «Թոմ Գեյթս. հիանալի արդարացումներ» յոթերորդ տեղում է։
Թոմ Գեյթսն ապրում է սքանչելի կյանքով ոչ պակաս սքանչելի իր աշխարհում: Նա այնքան էլ օրինակելի կերպար չէ, բայց վստահաբար ստիպելու է մանուկ ընթերցողին ագահորեն թերթել այս զվարթ հատորյակի էջերն ու սրտի ուզածի չափ ծիծաղել:
Ութերորդ տեղում է «Նապաստակի երգը»։ Գիրքը զարգացնում է երեխայի լսողական հիշողությունն ու բանավոր խոսքը: Բաղկացած է ամուր, որակյալ թերթերից, գունավոր պատկերազարդ նկարներից:
Իններորդ տեղում է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» բալլադը: Բալլադը պատմում է մի խորամանկ աղվեսի և միամիտ կկվի մասին. վերջինս հավատում է աղվեսի ստին և զոհաբերում իր ձագերին, որպեսզի աղվեսը չքանդի նրա բույնը:
Տասներորդ հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին: