Հունվար 24, 2024 12:31 Asia/Yerevan

Բարի երեկո հարգարժան բարեկամներ։ Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

Գործադիր հարցերով ԻԻՀ նախագահի տեղակալ և նախագահի աշխատակազմի ղեկավար՝  Մոհսեն Մանսուրին քրիստոնյա նահատակների ընտանիքների և Իրանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է․- Իսլամական Հանրապետության 13-րդ կառավարությունը առանց խտրականության ձգտում է լուծել կրոնական փոքրամասնությունների խնդիրները։

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կիրակի օրը կայացած այս հանդիպմանը ներկա էին Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության պատգամավոր՝ Արա Շահվերդյանը, թեմական խորհրդի և Պատգամավորական Ժողովի ատենապետները, հոգևորականներ, նահատակների և անձնուրացների հարազատներ, արվեստագետներ, մարզիկներ և հայ ուսանողներ։

Հանդիպմանը գործադիր հարցերով ԻԻՀ նախագահի տեղակալ և նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ նախագահը հատուկ ուշադրություն է դարձնում տարբեր կրոնների հետևորդներին։ Այաթոլլահ Ռայիսին ոչ խտրական, դրական  տեսակետ ունի կրոնական փոքրամասնությունների հիմնախնդիրները կարգավորելու հարցում։

Հարգելով Իրանի քրիստոնյա նահատակների հիշատակը, Մանսուրին հավելեց. -Հայ նահատակների, անձնուրացների և նրանց ընտանիքների զոհողությունն առանձնահատուկ արժեք է ներկայացնում։

Ընդգծելով, որ կառավարությունը վճռական է լուրջ և ջիհադական աշխատանքներ իրականացնելով կարգավորել խնդիրները, ԻԻՀ նախագահի տեղակալն ասել է․- Այսօր իսլամական հասարակությունների հիմնական խնդիրն արդարի ու անարդարի պայքարն է․ Դիմադրության շարժմանն աջակցելու հարցում, համակարծիք ենք բոլոր աստվածային կրոնների հետ։

Իրանի Իսլամական Հանրապետության Ռադիոհեռուստատեսության Հայերեն Ռադիոժամի աշխատակից՝ Ժորժ Աբրահամյանը թարգմանել է Իրանցի մեծ բանաստեղծ՝ Հաֆեզի ընդգրկուն ժողովածուն,որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։

Նոր տարում  «Զանգակ» հրատարակչությունը ընթերցողի սեղանին է դրել պարսկական քնարերգության մեծագույն վարպետներից մեկի՝ Հաֆեզի ընդգրկուն ժողովածուն, որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։ Գրքում տեղ գտած գազելներներից շուրջ 300-ը և  ավելի քան 20 քառյակներ հայերեն թարգմանվել են առաջին անգամ։ 

Հաֆեզի Գազելները թարգմանել է  Իրանի Ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների Սահաբ ցանցի Հայերեն Ռադիոժամի աշխատակից Ժորժ Աբրահամյանը և այն հրատարակել է Հայաստանի «Զանգակ» հրատարակչությունը։ 

Այս հրատարակչությունը նպատակ ունի աշխարհի հայերին  հայերենով ներկայացնել պարսից պոեզիայի ու գրականության  մեծ բանաստեղծների ստեղծագործությունները։ 

Հրատարակչությունը մտադիր է առաջիկայում հրատարակել Մոլավիի ստեղծագործությունները նույն թարգմանչի թարգմանությամբ։  

Նշենք,որ անցած տարիներին Իրանում  Հաֆեզի գազելները թարգմանել են Լևոն Մինասյանը և Ազատ Մաթյանը և հրատարակել  առանձին գրքերով։ 

Երևանի Կապույտ մզկիթում ավարտվել են պարսից լեզվի դասընթացների ավարտական քննությունները:

Հայաստանում Իրանի մշակութային կցորդը ներկա է գտնվել քննությանը և զրուցել դասընթացի մասնակիցների հետ:

Նա նշել է, որ Հայաստանում Իրանի մշակույթի կենտրոնի առաջիկա ծրագրերից է պարսից լեզուն ուսումնասիրող ուսանողներին և այն դասավանդող ուսուցիչներին Իրան հրավիրելը՝ գիտելիքի ամրապնդման դասընթացների մասնակցելու համար:

Դասընթացի մասնակիցները նշել են, որ լեզուն ուսումնասիրելու կարևորագույն պատճառներից մեկը երկու երկրների միջև պատմական ու խորը հարաբերություններն են:

Իրանի «Ֆաջր» 42-րդ միջազգային թատերական փառատոնի քարտուղարն ասել է, որ Հայաստանն այս տարվա փառատոնում հանդես կգա 3 ներկայացումներով:

Փառատոնի հանդիպմանը, ներկայացնելով ծրագրերը, փառատոնի քարտուղար Համեդ Սաղայանը նշել է. «Հայաստանն այս տարի փառատոնին կներկայանա 3 ներկայացմամբ»:  Նա հավելել է, որ Իրանը փառատոնին կմասնակցի 34 ներկայացումներով: Փառատոնի քարտուղարը նշել է. «Փառատոնի այս շրջանում կունենանք 5 պիես գեներալ Սոլեյմանիի (ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նահատակ հրամանատար) մասին, 8 պիես Գազայի հատվածի թեմայով, մեկ ստեղծագործություն Հաքիմ Նիզամիից (իրանցի հայտնի բանաստեղծ) և մեկ պիես Քերմանի ահաբեկչության կապակցությամբ»: Կիրակի օրը Թեհրանի քաղաքային թատերական համալիրում կայացել է Իրանի «Ֆաջր» 42-րդ թատերական փառատոնի հանդիպումը։ Հանդիպման սկզբում  ներկայացվել է Համեդ Մողարուրիի հեղինակած՝ 42-րդ փառատոնի պաստառը։ Փառատոնի այս շրջանի բեմական մասը կմեկնարկի հաջորդ շաբաթ։

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է դեկտեմբերի վաճառքների հիման վրա:

Ագաթա Քրիստիի «Էրքյուլ Պուարոյի Սուրբ Ծնունդը» առաջին տեղում է։ Քրիստիի «Էրքյուլ Պուարոյի Սուրբ Ծնունդը» ընթերցողին արդեն քաջ հայտնի բելգիացի մասնավոր խուզարկուի մասնակցությամբ հերթական դետեկտիվ վեպն է: 

Երկրորդ տեղում է Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը» վիպակը: Ամեն տարի Սուրբ Ծննդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: 

Քրիս Յուանի «Տան որսը» երրորդ տեղում է։ Հայերեն թարգմանված այս նոր անգլիական դետեկտիվը՝ Քրիս Յուանի կատարմամբ, արդեն իսկ խոստանում է դառնալ ամենամեծ գրքային իրադարձություններից մեկը Հայաստանում:

Գերլարված, խելացի մտածված և անսպասելի հանգուցալուծումներ ունեցող սյուժեն կստիպի ձեզ մոռանալ բոլոր այլ գործերի մասին և կգամի ձեզ գրքի էջերին: Թարգմանիչ՝ Էլմա Վարդանյան։

Չորրորդ հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց...» վեպը: Այն հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: 

Ագաթա Քրիստիի «Կարիբյան գաղտնիքը» հինգերորդն է։ 1964 թվականին հրատարակված «Կարիբյան գաղտնիքը» վեպը միակն է միսս Մարփլի մասնակցությամբ պատմություններից, որի գործողությունները տեղի են ունենում Անգլիայից դուրս:

Արև, լողափ, արմավենիներ. թվում է՝ ոչինչ չի կարող խաթարել Կարիբյան ծովի դրախտային կղզիներից մեկի անդորրը, և ծեր մայոր Փելգրեյվի մահն ընդամենը ժամանակավոր ստվեր է գցել հանգստացողների միապաղաղ առօրյայի վրա:

Ագաթա Քրիստիի «Վարագույր. Պուարոյի վերջին գործը» վեցերորդ տեղում է։ «Վարագույր. Պուարոյի վերջին գործը» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1975թ. Մեծ Բրիտանիայում: 

Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» յոթերորդ տեղում է։ Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի:

Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» գիրքը ութերորդ տեղում է։ «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վիպակը համարվում է Ագաթա Քրիստիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ 

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքն իններորդ տեղում է։ 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է:  Շադոյանի։

Տասներորդ հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» գիրքը։ Անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» վեպը միսս Մարփլի մասնակցությամբ ստեղծագործությունների շարքից է: 

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ մեկնարկում է «Գրքապտույտ» մրցույթը, որն իրականացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործընկեր հրատարակիչների՝ «էդիթ պրինտ»-ի,  «Անտարես մեդիա հոլդինգ»-ի, «Բուկինիստ»-ի, «Newmag»-ի, «Զանգակ»-ի հետ համատեղ։

Մրցույթը բաղկացած է մի քանի փուլից: Մեկ ամիս «Արմենպրես»-ի «Ֆեյսբուք»-ի էջում լինելու են տարբեր առաջադրանքներ ու գլուխկոտրուկներ, ճիշտ պատասխանողները կստանան նվերներ՝ գրքերի տեսքով։

Յուրաքանչյուր ուրբաթ «Արմենպրես»-ի ֆեյսբուքյան էջում կհրապարակվի մրցույթի առաջադրանքը: Առաջին առաջադրանքը կհրապարակվի այսօր՝ 16։00-ին։ Վերջինը նախատեսված է հրապարակել փետրվարի 2-ին՝ նույն ժամին։ Համակարգը ճիշտ պատասխաններից պատահականության սկզբունքով կընտրի մի քանիսը:  Արդյունքներն ամբողջությամբ կամփոփվեն փետրվարի կեսին։  Մրցույթի հետ համատեղ կամփոփվեն նաև «Երևանյան բեսթսելեր» նախագծի տարվա արդյունքները:

Այս նախաձեռնությունը միտված է գրքի հանրահռչակմանը՝ կարևորելով գիրքն ու ընթերցանությունը: Նման միջոցառումները նպաստում են գրքի նկատմամբ սիրո ամրապնդմանը, հրատարակիչների, նոր գրքերի վերաբերյալ ընթերցողներին ավելի շատ ինֆորմացիայի փոխանցմանը։