Դեկտեմբեր 29, 2016 04:58 Asia/Yerevan

Քանի որ կրոնը աղավաղումից ու խեղաթյուրումներից պաշտպանելու պարտականությունը տրված է իմամին ու նաև նա ստանձնել է կրոնական ժողովրդի առաջնորդությունը, հիշյալ երկու առաքելությունների և կրոնական իդեալների իրագործումը պայմանավորված է նրանով, որ իմամը զերծ լինի սխալներից ու շեղումներից: Հատկապես որ առաջնորդությունը միայն խոսքով չի սահմանափակվում, այլև իմամի պահվածքն ու վերաբերմունքը նրա խոսքի համեմատությամբ առավել մեծ ազդեցություն կարող է ունենալ հասարակության վարքագծի ուղղորդման կապակցությամբ:

 

Եթե հիշեք ասացինք, որ իմամն ընտրվում ու նշանակվում է Աստծո կողմից, ոչ թե հանրության ձայնին դիմելով: Ասացինք, որ իսլամն ընդունում է խորհրդի ու ընտրությունների գործընթացը, որի միջոցով պարզվում է հասարակության մեծամասնության տեսակետն ու կամքը, Աստված Ղուրանի «Ալե Օմրան» սուրայի 159-րդ այաում մարգարեն հորդորում է տարբեր հարցերում խորհրդակցել ժողովրդի հետ:

Վստահաբար ընտրությունները, հանրաքվեն ու հանրային ձայնին դիմելը որոշ հասարակական ու հանրային հարցերի կարգավորման համար հարմար այլընտրանք է համարվում, սակայն դա չի տարածվում իմամաթի պարագային: իմամաթը մի տեսակ աստվածային ուխտ ու դաշինք է և այդ դաշինքի մի կողմում Աստված է: Այս միջոցին իմամի ընտրության հարցում անհատների խորհրդակցությունը նրանց սահմանափակ գիտության պատճառով չի կարող որևէ հարց լուծել և հիմնականում հարմար մեթոդ չի համարվում: Այպես որ «Բաղարա» սուրայի 124-րդ այաի համաձայն Աբրահամն աստվածային փորձություններից պարզերես դուրս գալով Աստծո կողմից ժողովրդի իմամ է ընտրվում:

Քանի որ իմամն օժտված է որոշ յուրահատկություններով և Աստծուց բացի ուրիշ մեկն այդ յուրահատկություններին չի տիրապետում ժողովրդին առաջնորդելու համար արժանավոր անհատի ընտրությունն Աստծո պարտականությունն է:

Աստված «Լայլ» սուրայի 12-րդ այաում ասում է. «Ահա ժողովրդի առաջնորդությունը մեր պարտականությունն է»: Ժողովրդին ներքին խոհեմության ու արտաքին մարգարեների միջոցով ղեկավարելն Աստծո հստակ ավանդույթներից է: Մարգարեից հետո էլ այս ավանդույթը պահպանվում է  և Աստված մարգարեներին փոխարինող իմամներ միջոցով ժողովրդին առաջնորդում է ճիշտ ուղղությամբ: իմամի պարտականությունները նույն մարգարեի պարտականություններն են, ինչը ժողովրդի մտավոր ու հոգևոր դաստիարակությունը և ճամփան նրանց ցույց տալն է: Հենց այն պատճառով, որ մարդկությունը կարիք ունի մարգարեի, իր ճամփան շարունակելու համար կարիք ունի նաև իմամի և հենց այնպես որ նշանակվում են մարգարեները, իմամների նշանակումն էլ նույն ձևով է տեղի ունենում:

Այլ խոսքով, հենց այնպես որ մարգարեն ընտրվում է Աստծո կողմից, իմամաթի հարցն ու իմամի նշանակումն էլ, որ առնչվում է ժողովրդի առաջնորդության հետ և աստվածային դաշինքներից է համարվում պիտի տնօրինվի Աստծո կողմից: Իրանցի հայտնի գիտնական, փիլիսոփա Ավեցինան այս կապակցությամբ ասում է. «Իմամը պիտի լինի անմեղ և օժտված պիտի լինի աստվածային ամենավեհ արժանիքներով: Նման յուրահատկություններով մարդու օժտվածությունը հասարակ մարդը չի կարող պարզել ու եթե մի բան էլ հասկանա, դա կլինի թերի: Հետևաբար ամենագետ ու հնարամիտ Աստված պիտի ընտրի իմամին: Քանի որ նա տեղյակ է մարդկանց գաղտնիքներից: Գաղտնիքների աշխարհը պատկանում է նրան: Ճանաչում է մարդկության երջանկության իրական ուղին և աշխարհը նա է տնօրինում»:

Իմամաթը հասարակության առաջնորդության ու ղեկավարման պաշտոնն է: Նա ով ստանձնում է այդ բարձր պաշտոնը պիտի օժտված լինի բարոյական ամենավեհ հատկանիշներով:

Իմամի կարևոր յուրահատկություններից մեկն անմեղությունն է: Անմեղությունը ներքին կանխարգելող ուժ է, որն ակունք է առնում հավատքից, բարեպաշտությունից և խոր գիտակցությունից և մարդուն ապահովագրում է ցանկացած տեսակի մեղքի, նեխածության ու շեղման դիմաց: Այս ներքին յուրահատկությունն այնպես է, որ մարդուն հեռու է պահում բարձրյալն Աստծո դեմ ըմբոստացումից:

Եթե ասում ենք, որ մեղք ու նեխածության հրահրիչ գործոններն անմեղ մարդու մոտ գոյություն չունեն, դա այն իմաստով չէ, որ Արարչի կամքով ներքին կամ արտաքին մի ուժ պարտադիր կերպով իմամին հեռու է պահում մեղքից ու աղտերից կամ նրան զրկում է մեղք գործելու կարողությունից: Հարցն այդպես չէ: Անմեղ մարդը գործի ու կամքի լիարժեք ազատություն ունենալով հրաժարվում է մեղքի անդունդը գլորվելուց:

Ընդհանուր առմամբ անվայել գործերը կարող է, որ տվյալ աշխատանքի գեշության կամ վնասաբեր հետևանքների մասին անտեղեկության պատճառով կատարվեն: Որոշ դեպքերում էլ մարդը գիտակցում է իր արարքի գեշությունը և ներքին մի ուժ նրան ազդարարում է մեղքից հեռու մնալու կապակցությամբ, սակայն կրքերի ու ցանկությունների դիմաց հանձնվելով անհատը մեղավոր արարք է կատարում:

Մարգարեներն ու իմամները տեղյակ են մեղքի ավերիչ ու վնասաբեր հետևանքների մասին: Այդ պատճառով էլ ոչ թե պարտադիր կերպով այլ իրենց կամքով ու ցանկությամբ ամենափոքր քայլը չեն վերցնում մեղքի ուղղությամբ: Հետևաբար անմեղությունը պարտադիր կերպով մեղքից հրաժարվելու իմաստով չէ: Հարցը պարզաբանելու համար խոսենք օրինակով: Արդյոք հնարավոր է, որ խելոք մարդն առանց անկարգելի կամ ապահովական հարմարանքների իրեն վայր նետի բարձր լեռան կատարից կամ մահաբեր թույն խմի: Վստահաբար նա այդպես չի վարվի: Արդյոք նրան պարտադրում են այդ հարցում, թե նա դիմելով իր գիտակցությանն ու մտքին հրաժարվում է այդ գործերից:

Անկասկած հեռատեսությունը և բարձրությունից ցատկելու կամ թույն խմելու սարսափելի հետևանքների մասին տեղեկությունը մարդուն հրաժարեցնում է նման անխոհեմ քայլի դիմելուց: Մեկ այլ օրինակ բերենք: Իմաստուն ու զգաստ մի օդաչու երբևե չի թռչի մի ինքնաթիռով, որի մեջ ռումբ է տեղադրված և ամեն պահ հնարավոր է, որ դա պայթի: Օդաչուն լիազորված է այդ ինքն ինքնաթիռով թռչել կամ չթռչել: Սակայն թռիչքից նրա հրաժարումը պայմանավորված է այդ թռիչքի սարսափելի հետևանքի մասին հստակ տեղեկությամբ և տրամաբանությունը նրան թույլ չի տալիս այդ քայլին դիմել: Այստեղ պարզվում է, որ բարձր գիտակցությունը ինչ աստիճան կարող է կանխարգելիչ ուժ ունենալ: Անմեղ ու մաքուր մարդը լիարժեքորեն տեղյակ է մեղքի դառն ու տհաճ արդյունքի մասին: Մարգարեների ու իմամների անմեղությունը նրանց յուրահատուկ գիտության արդյունքն է, որի օգնությամբ իրատեսորեն նկատում են մեղքի արդյունքներն ու հետևանքները: իմամը հասել է գիտակցության այնպիսի մակարդակի, որ նրա պարզ ու վճիտ մտքում նույնիսկ մեղքի պատկերացում էլ չի կարող լինել:

Այդուհանդերձ ոմանց մոտ մեղքի հետևանքների մասին գիտակցությունն ինքնին այնքան ազդեցիկ չէ, որ նրանց հեռու պահի մեղքերից ու ներքին գայթակղություններից: Մեր շրջապատում կարող ենք հանդիպել այնպիսի անձանց ովքեր տեղյակ են իրենց որոշ արարքների հետևանքների մասին, այդուհանդերձ այդ գիտակցությունը կանխարգելիչ դեր չի կատարում: Շատերը գիտակցում են ալկոհոլի, ծխախոտի ու թմրադեղերի վնասակար հետևանքների մասին, այդուհանդերձ սարսափելի կերպով մոլի են դրանց: Ուրեմն մեղքի ու նեխածության հետևանքների մասին տեղեկությունը կարող է ազդեցիկ լինել, բայց շատ պարագներում որևէ հարց չի կարող լուծել:

Անաղարտ ու աստվածաճանաչ մարդկանց պարագային հարցը լիովին տարբերվում է: Նրանք տեղյակ են մեղքնի ավերիչ ու կործանարար լինելու մասին: Բացի այդ, նրանց մեղքից հեռու է պահում նրանց հավատքն ու գոյության աշխարհի միակ Արարչի հանդեպ խոր ճանաչողությունը: Նրանք իրենց խորաթափանց հայացքով ըմբռնում են գոյության աշխարհում Աստծո հզորությունն ու եզակի ներկայությունը և իրենց շարունակ գտնում են ամենագետ ու իմաստուն Արարչի դիմաց: Հետևաբար հեռացնում են այն ամենն ինչ ոչ-աստվածային համ ու բույր ունի:

Ղուրանում Աստված հրահանգում է հետևել նրանց: «Նեսա» սուրայի 59-րդ այաում կարդում ենք. «Ով դուք հավատացյալներ: Հետևեք Աստծուն և հետևեք մարգարեին ու մարգարեին փոխարինողներին»:

Այս այան մարդկանց կոչ է անում հետևել Աստծուն, մարգարեին և աստվածային առաջնորդներին ու իմամներին: Ինչպես նկատվում է այս այաից այս հնազանդությունն առանց նախապայմանի ու բացարձակ է: Եթե մարգարեներն ու իմամները տարբեր շեղումների ու մեղքերի կապանքներում լինեին Աստված նրանց հանդեպ հնազանդությունը կպայմանավորեր: Այլ խոսքով երբ մարգարեների ու իմամների կատարած գործերը ճիշտ ու կշռադատված են, ժողովուրդը պիտի նրանց հետևի ու եթե նրանք սխալ թույլ տան հրաժարվի նրանց հրամանները կատարելուց:

Հարցը պարզաբանելու համար ակնարկում ենք ծնողների պարագային Ղուրանի դիրքորոշմանը: Ղուրանը մեծարում է ծնողների դիրքը և հանձնարարում է նրանց հարգել ու երախտագետ լինել: Թեև ծնողի դիրքն Աստծո կողմից մեծարված է, նրանց հանդեպ հնազանդությունը պայմանավորված է: Աստված «Լողման» սուրայի 15-րդ այաում հայտարարում է, որ եթե ծողներն իրենց զավակներին անաստվածության կամ գեշ արարքներ կատարելու մեջ պարտադրեն, չպիտի նրանց հնազանդվել: Նկատում ենք, որ Ղուրանում ծնողների հանդեպ հնազանդությունը պայմանավորված է, սակայն մարգարեի ու իմամների հանդեպ հնազանդությունը ներկայացված է բացարձակ կերպով: Հետևաբար կարելի է եզրակացնել, որ նրանք գտնվում են մաքրության ու անաղարտության այնպիսի մակարդակում, որ նրանց հետևելու համար որևէ նախապայման չի ներկայացվում: Քանի որ նրանց հնազանդվելը Աստծո և մարգարեի հնազանդության ուղղությամբ է: Մարդը նրանց ուրվագծած ճամփին հետևելով ավելի է մոտենում երջանկությանն ու բարօրությանը:  

 

 

 

Պիտակ