Մարտ 03, 2017 07:24 Asia/Yerevan

Շինանյութերը, այդ թվում կերամիկաներն ու սալիկները Իրանի արտահանվող ոչ նավթային արտադրանքներից են։ Ներկայումս Իրանի տարբեր նահանգներում ավելի քան 300 արտադրական օբյեկտներ զբաղված են կերամիկաների ու սալիկների արտադրությամբ։ Այս հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք Իրանի կերամիկաների ու սալիկների արդյունաբերությունը։

Իրանում կերամիկաների ու սալիկների արտադրությունը ունի երկար պատմություն։ Նշված երկու արտադրանքները խեցեգործության արվեստի ոլորտից են, որը համարվում է մարդկային հնագիտական արվեստներից մեկը։ Իրականում խեցե իրերը մարդկային  կարիքների արդյունք են, որոնք բնության մեջ առկա նյութերի կիրառմամբ նախնադարյան ժողովուրդների կողմից ստեղծված ստեղծագործական ու արդյունաբերական առաջին արտադրանքներից են։ Խեցե իրերը պատրաստվում են թրծված կավից, իսկ թրծված կավե իրերի ու ամանեղենի պատրաստման արվեստն ու արդյունաբերությունը կոչվում է խեցեգործություն։ Պարզ չէ, թե առաջինը ո՞ր երկիրն ու ազգն է կարողացել ստեղծել խեցե իրեր։ Խեցե իրերի ստեղծման հումք են հանդիսանում հողը, ջուրը և կրակը։ Հետևաբար երկիր մոլորակի վրա ցանկացած բնակավայր կարող է լինել խեցե իրերի առաջացման վայրը։ Իրանի բարձրավանդակը այն տարածաշրջաններից է, որը իր բնակլիմայի բազմազանությամբ եղել է արևմտյան Ասիայում խեցեգործության առաջացման ու տարածման հիմնական ու կարևորագույն բնօրրաններից մեկը։ Այստեղ Իրանը իր յուրահատուկ աշխարհագրական դիրքի և տարբեր քաղաքակրթությունների հետ հաղորդակցվելու շնորհիվ աշխարհին է տվել խեցե իրեր կերտող ամենահմուտ վարպետները, այնպես որ հենց վերջերս Իրանի Լալջին քաղաքը ներկայացվեց որպես խեցե իրերի համաշխարհային մայրաքաղաք։

Հնադարյան Իրանում այս արվեստը տարածված էր Զագրոսի լեռնաշղթայի արևմտյան շրջանում (Լոռեստանի շրջանում), Գիլան և Մազենդերան նահանգներում՝ Կասպից ծովի հարավային ափամերձ շրջաններում, երկրի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Ատրպատականի նահանգում և Իրանի հարավ-արևելքում՝ Սիստան ու Բալուչեստան և Քերման նահանգներում։ Իրանում հնագիտական պեղումներից ձեռք բերված ամենահին խեցե իրերը հայտնաբերվել են Քերմանշահ նահանգի Թափե-գանջդառեհի շրջանում, որի պատմությունը վերաբերում է Մթա 8-րդ հազարամյակին։

Թափե-գանջդառեհում հնագիտական պեղումների ընթացքում ձեռք բերված, 10 հազարամյա խեցե բաժակները

Խեցեգործության անիվի հայտնագործությունը մեծ զարգացում առաջացրեց խեցեգործական արդյունաբերության ոլորտում։ Մի շարք հետազոտողներ գտնում են, որ Իրանի բարձրավանդակի նախնական բնակիչներն են հայտնագործել խեցեգործական անիվն ու կավի թրծումը։ Հազարավոր տարիներ խեցե իրերը օգտագործվում էին չթրծված կավի տեսքով։ Կավի թրծման առաջին հնոցիներից  պահպանված հուշարձանների պատմությունը վերաբերում է Մթա 6-րդ հազարամյակին։ Այդ հուշարձաններից շատերի մոտ եղած ոչ լիարժեք սիմետրիկությունը ցույց է տալիս, որ դրանց ստեղծման համար չեն կիրառվել խեցեգործական անիվներ, մինչդեռ Թափե-Սիալքում, Շուշ քաղաքի հարավային մասի հնագիտական հատվածներում, Պերսեպոլիսի մոտակայքում գտնվող Թալե-բաքունում և Չողամիշի հնագիտական բլրում հայտնաբերված խեցե իրերը լիովին սիմետրիկ են, ինչը նշանակում է, որ դրանց օգտագործման ժամանակ կիրառվել է խեցեգործական անիվ։

Թափե-Չողամիշում հայտնաբերված խեցե իրերը

Ժամանակի ընթացքում հնոցների և խեցե իրերի պատրաստման նյութերի փոփոխմամբ հնարավորություն ստեղծվեց խեցե իրերը ներկելու և էմալապատելու համար։ Էմալը ապակու պես բարակ շերտ է, որը էմալապատման գործընթացում ծածկում է խեցե առարկայի մակերևույթը։ Փաստորեն, խեցե առարկայի մակերևույթը փայլուն, հղկված, գեղեցիկ և ջրակայուն դարձնելու համար, սառեցնելուց հետո դրա երեսը ծածկում են էմալի բարակ շերտով։

Խեցե արտադրանքներից են նաև  սալիկները, որոնք բաղկացած են երկու մասից. Առաջինը խեցե հատվածն է, որը փաստորեն սալիկի հիմնական մասն է, իսկ երկրորդը էմալային մասն է, որը նստում է առաջին մասի վրա։ Իրանում խեցե սալիկների արտադրումն երկար պատմություն ունի։ Հնագիտական պեղումների արդյունքում Շուշ քաղաքում հայտնաբերվել են Աքեմենյան պալատներից պահպանված իրանական սալիկագործական արդյունաբերության որոշ նմուշներ, որոնց վաղեմիությունը վերաբերում է Մթ 400 տարի  առաջվան։

էմալապատ աղյուսներով Աքեմենյան զինվորականներ, որոնք այժմն պահվում են Փարիզի Լուվրի թանգարանում

Աշխարհի տարբեր կետերում իսլամի հայտնությունից և տարածումից հետո, որպես իսլամական ճարտարապետության առանձնահատկություններից մեկը տարածում գտավ սալիկների օգտագործումը դարպասների ճակատային մասերի, մզկիթների գմբեթների ու խորանների հարդարման ու զարդարման համար։ Իրանում տարբեր պատմական ժամանակաշրջաններից, այդ թվում Սեֆյանների ժամանակաշրջանից (1501-1722թթ.) պահպանված հուշարձաններում օգտագործված սալիկները եզակի են գեղեցկության ու գույների կայունության առումով։ Այդ տեսակ սալիկապատման օրինակներից կարելի է տեսնել Սպահանի Շեյխ Լոթֆոլլահի մզկիթում, որը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ խճանկարչությունը։

Ներկայումս սալիկների արդյունաբերությունն ունի տարբեր տեսակներ։  Էմալի օգտագործումը կամ չօգտագործումը համարվում է սալիկների տարբեր տեսակների առանձնացման կարևորագույն գործոնը։ Էմալի ստեղծման նյութը բավականին փափուկ փոշի է, որով պատվում է առարկայի մակերևույթը։ Այնուհետև առարկան թրծվում է հնոցի մեջ, որպեսզի ձեռք բերի խտություն, կարծրություն, հղկված, նուրբ և հարթ մակերևույթ, իսկ գունափոշու օգտագործման դեպքում՝ գունային երանգներ։  Սալիկի էմալը բարձրացնում է դրա դիմացկունությունը բակտերիաների ու սնկերի աճի, ինչպես նաև քիմիական լուծույթներից բաղկացած մաքրող պարագաների քայքայիչ ազդեցության նկատմամբ։ Սալիկների տարանջատման այլ հատկանիշներից են դրանց գույնն ու նախշը։ Գույնը էմալապատ սալիկներում կարող է ներթափանցել սալիկի հյուսվածքում։ Այս դեպքում գույնը կարող է լինել կավահողի բնական գույնը կամ գունափոշին, որը կավահողին ավելացվում է սալիկի թրծումից առաջ։ Որոշ դեպքերում էմալապատ սալիկում գույնը, որը սովորաբար կապարի սիլիկատի ու գունափոշու խառնուրդ է, թրծումից հետո է հայտնվում էմալապատ մակերևույթի վրա։ Այնուհետև ներկը մակերևույթի հետ միաձուլվելու համար սալիկը կրկին թրծվում է հնոցի մեջ։ Էմալապատ սալիկները, առանց էմալի սալիկների հետ համեմատած,  ունենում են բազմազան գույներ, նախշեր ու մակերևութային հյուսվածքներ։ Այն սալիկը, որի էմալը կերամիկայի նյութից է, կոչվում է կերամիկական սալիկ կամ կերամիկա։

Իրանական սալիկներ

Կավահողի զտության աստիճանը, թրծումների քանակը և հնոցի ջերմաստիճանը գործոններ են, որոնք ազդեցություն ունեն սալիկի որակի ու գնի որոշման հարցում։ Սալիկի որակը պետք է լինի այնպես, որ սալիկը լավագույնս դիմակայի 20-100 ցելսիուսի ջերմաստիճանային կտրուկ փոփոխություններին և որևէ ճաք չհայտնվի նրա մարմնի կամ էմալի վրա։ Սալիկները կիրառվում են շենքերի ներքին ու արտաքին հարդարման, հիգիենիայի պահպանման նպատակներով, ինչպես նաև դրանց ջերմային ու էլեկտրական բարձր դիմացկունության շնորհիվ տարբեր հատվածներում, այդ թվում սանհանգույցներում, խոհանոցներում, լաբորատորիաներում և քիմական գործարաններում։

Իրանում առաջին ժամանակակից սալիկների արտադրման գործարանի հիմնադրումից անցել է ավելի քան կես դար։ Իրանում արդյունաբերական մեթոդներով առաջին սալիկ արտադրողը գրանցվել է 1957թ. և երեք տարի անց հանձնվել շահագործման։ Այսօր Իրանում աշխատում են սալիկ և կերամիկա արտադրող տասնյակ ձեռնարկություններ։  Սալիկների արդյունաբերության ամենահայտնի բրենդներից կարելի է նշել Սպահան, Ալվանդ, Փարս, Հաֆեզ, Սինա, Նիլու, Սաադի, Գրանիտե-Բեհսարամ, Թաքսարամ, Չինիե Իրան բրենդները։ Մրցակցային մի շարք առավելությունների, այդ թվում արհեստավարժ աշխատուժի, էներգակիրների բավարար ռեսուրսների և հասանելի հումքային նյութերի առկայությունը, սալիկների ու կերամիկաների արդյունաբերության տեղային լինելը, տեխնոլոգիաների, ժամանակակից մեխանիզացիաների ու սարքավորումների կիրառումը, ինչպես նաև Իրանում սալիկ և կերամիկա արտադրելու համար զգալի ներդրումները պատճառ են դարձել, որ վերջին տարիներին այս ոլորտում առկա ձեռնարկությունների արտադրման թողունակությունը հասնի 700միլիոն քմ-ի, ինչի արդյունքում սալիկների արտադրման առումով Իրանը աշխարհում զբաղեցրել է 4-րդ տեղը։

 

Իրանի տարածքում անհրաժեշտ հիմնական ռեսուրսների առկայության պատճառով այս արդյունաբերության արտադրանքն ունի բավականին բարձր ավելացված արժեք։ Այնպես որ այս ոլորտի հումքի 70-100 տոկոսը արտադրվում է երկրի ներսում։ Ներկայումս իրանական ընկերությունները տարեկան շուրջ հարյուրավոր միլիոն քմ սալիկ և կերամիկա են արտադրում և ներկայացնում ներքին ու արտաքին շուկաներ։ Միջին Ասիայի երկրները, Պակիստանը, Աֆղանստանը, հյուսիսային Իրաքը, Արաբական Միացյալ Էմիրությունները իրանական սալիկների ու կերամիկաների արտահանման նպատակային երկրներից են։  Անցյալ տարի 2016թ. այս արտահանումից բխող եկամուտը կազմել է ավելի քան 400 միլիոն դոլար։

Սալիկների ու կերամիկաների արտադրման ոլորտում Իրանի տարբեր նահանգների միջև բևեռային է համարվում Յազդ նահանգը։ Սալիկների ու կերամիկաների արտադրման ոլորտը Յազդ նահանգի հին ու խոշոր արդյունաբերություններից մեկն է։ Յազդ նահանգում սալիկագործության արվեստը 700 տարվա պատմություն ունի։ Այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ այս արդյունաբերությունը Յազդ նահանգի տեղական արդյունաբերությունն է, որը ժամանակի ընթացքում տեխնոլոգիաների զարգացմամբ ստացել է նորովի ու ժամանակակից տեսք։ Յազդ նահանգում արտադրվում է իրանական սալիկների ու կերամիկաների մոտ 50 տոկոսը, որը ներքին շուկայի մի մասը բավարարելուց բացի արտահանվում է նաև այլ երկրներ։ Այս նահանգում առկա հանքերից ձեռք բերված գործարանների արտադրական հոսքագծի անհրաժեշտ հումքի օգտագործումը, արտադրական օբյեկտում արտադրանքի փաթեթավորման գործընթացի իրականացումը, ներքին ու արտաքին շուկաներում մրցակցելու ունակ բազմատեսակ արտադրանքների արտադրումը, սալիկների ու կերամիկաների վրա բազմազան նախշերի նախագծումն ու տպագրումը, արդյունավետության մակարդակի բարձրացումը և հետազոտման ու զարգացման բնագավառի ակտիվացումը գործողություններ են, որոնք իրանակացվել են Յազդ նահանգում արտադրանքի որակը բարձրացնելու և նպատակային շուկաներ արտահանելու նպատակով։

Մի քանի նմուշներ Յազդ նահանգում արտադրված սալիկների նախշերից