Հոլիվուդի և քաղաքականության երկկողմանի կապը՝ Միացյալ Նահանգներում
(last modified Sun, 10 Nov 2019 15:54:02 GMT )
Նոյեմբեր 10, 2019 19:24 Asia/Tehran

Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանությունն անցած շաբաթ մամուլում ամենաշատը քննարկված թեմաներից էր: Անկախ բոլոր քաղաքական շրջանակներում տարածված լուրերից, կարելի է ասել, որ այս իրադարձության մեջ չի կարելի անտեսել հոլիվուդյան ֆիլմերի հետքը: Այս հաղորդման ընթացքում կխոսենք այդ մասին և թե ինչպիսի ազդեցություն ունեն ամերիկյան դիվանագետները հոլիվուդյան ֆիլմերի վրա:

Ամերիկյան ԶԼՄ-ները հայտարարեցին, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացված հատուկ գործողության ընթացքում, սպանվել է ԻԼԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին: ԶԼՄ-ները հաղորդեցին, որ գործողությանը մասնակցել են 8 ուղղաթիռներ, որոնք Իրաքի Արբիլից իրականացրել են թռիչք և 70 րոպե անց վայրէջք կատարել Սիրիայի հյուսիս-արևմուտքում: Այս շրջանն այնքան էլ հեռու չէ Թուրքիայի սահմանից  և գտնվում է Ալ Ղաիդային կապված խմբերի վերահսկողության տակ: Ալ-Բաղդադիի բնակավայրի վրա օդային հարձակումից հետո, տեղի է ունեցել 2 ժամ տևողությամբ ցամաքային բախում: Արդյունքում, ալ-Բաղդադին պայթեցրել է իր վրա ամրացված պայթուցիկ ժիլետն ու ինքնասպան եղել: Հատուկ ջոկատի՝ գործողության վայրը լքելուց հետո, ինքնաթիռներն այդ բնակավայրը հավասարեցրել են հողին:

ալ-Բաղդադիի սպանության վայրը

 

 

Ամերիկյան լրատվամիջոցների ու պաշտոնյաների ներկայացրած պատմությունների մեջ քիչ թվով տարբերություններ կան: Որոշ աղբյուրներ նշում են, որ ալ-Բաղդադին, իր երեք երեխաներին տարել է թունելի մեջ, նրանցից օգտվելով որպես մարդկային վահան: Երբ նա պայթեցրել  է ժիլետը, երեխաները մահացել են նրա հետ միասին: Սակայն մի շարք այլ աղբյուրներ հայտարարում են, որ ալ-Բաղդադիի հետ սպանվել են նրա  երկու կանայք:

Ամերիկացի լրագրող Սեյմոր Հերշը, 2007թ The New Yorker-ում հրապարակված հոդվածում գրել էր, որ ԱՄՆ կառավարությունը Սիրիայի կառավարության ու նրա դաշնակիցների դեմ պայքարելու նպատակով, զինում է  ծայրահեղականներին: Այսպիսով, կարելի է ասել, որ լավագույն դեպքում, եթե ալ-Բաղդադին սպանվել է վերջին հարձակման ժամանակ, ԱՄՆ-ը հոլիվուդյան ֆիլմի սցենարով իրականացրած գործողության ժամանակ, պարզապես զոհել է իր գործակալներից մեկին՝ իր հաղթանակը հայտարարելու համար:

Ուշագրավ է այս կապակցությամբ Թրամփի հայտարարությունը և այն թե ինչ ոգևորությամբ էր ներկայացնում ալ-Բաղդադիի կյանքի վերջին րոպեները: Տպավորություն է ստեղծվում, թե Թրամփն անձամբ է ներկա եղել գործողության ժամանակ: Հրապարակելով Սպիտակ Տանից գործողությանը հետևելու իր պատկերը, նա նշել է, որ գործողությանը հետևել է որպես մի հոլիվուդյան ֆիլմի:

Եթե հիշում եք, «Դատարկ տուն» սերիալում, Ֆրանկ Անդերվուդն արեց ամեն ինչ՝ նախագահի պաշտոնը ստանձնելու համար ՝ սուտ խոսեց, մեղադրանքներ ուղղեց, կաշառք բաժանեց և անգամ արյուն թափեց: Անդերվուդի քաղաքականության մեջ, արտաքին քաղաքականությունը կարևոր էր միայն այն ժամանակ, երբ դա բխում էր իր ներքին հարաբերությունների շահից: Ընտրություններում պարտությունից խուսափելու համար, Անդերվուդը ԻԼԻՊ-ին, որը սերիալում ներկայացվում է որպես AYCO, ներկայացրեց որպես անվտանգության պահպանման պատրվակ, որպեսզի կարողանա դրանից օգուտ քաղել: Սերիալի 5-րդ մասում, Անդերվուդի դերակատարը, նայելով տեսախցիկին, ասում է . «Բարի գալուստ բանականության մահի ժամանակաշրջան»: Հենց այս դեպքից հետո, տեսնում ենք Անդերվուդի սկանդալային գործողությունները: Նրա նախադասությունը հիշեցնում է ԱՄՆ-ի վերջին մի քանի ամիսների իրադարձությունները՝ Թրամփի անկանխատեսելիությունը, անհիմն թուիթները, անսպասելի պաշտոնանկությունները: Այս բոլոր որոշումները զուրկ են բանականությունից: Մեծ թվով փորձագետներ նշում են, որ բանականության բացակայությունն այսօր ԱՄՆ-ի 45-րդ նախագահի կառավարման ամենալուրջ խնդիրն է: Որոշ հոգեբաններ նշում են, որ Թրամփն ունի հոգեկան խանգարումներ և նրանից ամեն օր պետք է սպասել անկախնատեսելի քայլեր, որոնք որևէ առընչություն չունեն բանականության հետ:

Ֆրանկ Անդերվուդ

 

 

Դոնալդ Թրափի վարքագծից բացի, որը նման է հոլիվուդյան հերոսների վարքագծին, ամերիկյան ԶԼՄ-ներում ալ-Բաղդադիի սպանության վերաբերյալ մեկնաբանությունները նույնպես շատ հոլիվուդյան են: Յուրաքանչյուր մարդ, ով կարդում է դրանք, հիշում է 2011թ. Պակիստանում Բեն Լադենի սպանության գործողությունը և Բարաք Օբամայի ժեստերը:

Իրականում, Դոնալդ Թրամփի շոուն շատ նման էր Բեն Լադենի ժամանակվա շոույին: Չնայած Թրամփը շատ զգայուն է Օբամայի անվան հարցում, բայց ալ-Բաղդադիի սպանությունը շատ նման էր Բեն Լադենի սպանությանը: Նման էին նույնիսկ այս կապակցությամբ ԶԼՄ-ների հրապարակած նյութերն ու լուսանկարները: Հատկանշական է, որ Բարաք Օբամայի ժամանակ տեղի ունեցած գործողությունն իրականացվեց  նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ և անշուշտ, Թրամփը ենթադրում է, որ  ալ-Բաղդադիի սպանությունը նույնպես կարող է համարվել հաղթաթուղթ՝ ընտրություններում հաղթելու համար, հատկապես հաշվի առնելով, որ նրա վարած արտաքին քաղաքականությունը մինչ այժմ հաջողություն չի ունեցել: Հետաքրքիր է, որ Դոնալդ Թրամփն ինքը խոստովանել է, որ այս ամենը շոու է: Նա նշել է, որ Սպիտակ Տան գործողությունների սենյակում այս գործողությանը հետևել է ինչպես մի հոլիվուդյան ֆիլմի:

Թրամփը և Օբաման՝ Սպիտակ Տան գործողությունների սենյակում

 

Իսկապես, ամեն ինչ տեղի է ունեցել դրամատիկական մոտիվներով: Սակայն կարևորն այն է, որ ամեն ինչ անիրական է  թվում: Նախ՝ այն, որ գործողությունների նման հաջորդականությունը հանդիպում է  մեծ թվով հոլիվուդյան ֆիլմերում: Ամերիկացի զինվորականները ֆիլմերում կայծակի նման հարձակվում են թշնամու վրա, ու ոչնչացնում նրան: Միևնույն ժամանակ, քաղաքական ու ռազմական բարձրաստիճան պաշտոնյաները, մի քանի կմ հեռավորությունից, հետևում են իրադարձություններին: Այժմ հարց  է ծագում, թե ինչպե՞ս է հնարավոր կենդանի հեռարձակմամբ հետևել գործողությանը, սակայն որևէ լուսանկար և կամ տեսանյութ չհրապարակել դրանից:  

Երկրորդ հերթին, ԱՄՆ նախագահը Սպիտակ Տանը հետևում է գործողությանը: Դա այն դեպքում, երբ ըստ New York Times-ի, չկա ուղիղ եթեր և այն ինչ գտնվում է ԱՄՆ նախագահի տրամադրության տակ, մոնտաժված պատկերներ են: Իսկ ֆիլմերը նկարահանվում են զինվորների գլխարկներին ամրացված տեսախցիկներով: Այս ամենը պահանջում է ժամանակ և դժվար թե հնարավոր լինի գործողության ընթացքում նյութն անմիջապես մոնտաժել և միաժամանակ ապահովել ուղիղ հեռարձակում: Այս իրարամերժ լուրերը հիշեցնում են հոլիվուդյան մեկ այլ ֆիլմ՝ Wag the Dog: Այն նկարահանվել է 1997թ. և նկարագրում է ԱՄՆ-ի նախագահին, ով նախքան սեռական սկանդալի մեջ հայտնվելը, պատերազմի հրաման է  արձակում, որպեսզի հասարկության ուշադրությունը շեղի սկանդալից: Ֆիլմի սցենարիստները հիմնվել են ԱՄՆ քաղաքականության մեջ կրկնվող մի իրականության վրա: Իսկ 1983թ Գրենադայի վրա հարձակումը, հռչակվեց որպես «անհրաժեշտ զայրույթ»: Եվ չնայած Վաշինգտոնի հայտարարություններին, այդ գործողության իրական պատճառը հասարակության ուշադրությունը շեղելն էր Բեյրութում ամերիկյան ծովուժի իրականացրած սահմռկեցուցիչ գործողությունից: Ֆիլմի էկրան բարձրանալուց մի քանի ամսիս անց, Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ ֆիլմի հիմքում ընկած էին Սպիտակ Տան քաղաքական իրադարձությունները:

 

ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնն իր անվան շուրջ սեռական սկանդալի բարձրանալուց հետո, ԱՄՆ-ի դեսպանատների վրա Ալ Ղաիդայի հարձակումները որպես պատրվակ ծառայեցնելով, որոշում կայացրեց ռմբակոծել Սուդանում ու Աֆղանստանում ահաբեկիչների հենակայանները: Դեսպանատների վրա հարձակումները տեղի էին ունեցել Նայրոբիում ու Դար օլ Սալամում:

Ավելի  ուշադիր քննելով իրադարձությունները, կարելի է հասկանալ, որ նման դեպքերը Սպիտակ Տանը բազմիցս կրկնվել են և ամենից շատը Դոնալդ Թրամփն է «շարժել շանը», որպեսզի շրջանցի ճգնաժամերն ու մարտահրավերները: ԱՄՆ 45-րդ նախագահի քաղաքականությունները, հատկապես միգրացիոն քաղաքականությունը, իրականացվում են այն ժամանակ, երբ նա հայտարարում է, թե նպատակ ունի լուծել Կորեական թերակղզու ճգնաժամը և մյուս կողմից, դա տեղի է ունենում սեռական սկանդալի ժամանակ: Այս բոլոր քաղաքականությունները իրագործվում են հանրային կարծիքը շեղելու նպատակով: Պետք է նշել, որ ալ-Բաղդադիի ոչնչացման վերաբերյալ Թրամփի նոր հայտարարությունը  Wag the Dog ֆիլմի նոր տարբերակն է, չնայած այն այդքան էլ մեծ նվաճում չի եղել իր համար: Այն, թե ալ-Բաղդադիի սպանության խաղաքարտը մինչև երբ Թրամփի կողմից կօգտագործվի հանրային կարծիքը շեղելու համար, հնարավոր չէ ասել: Սակայն դժվար թե դա երկար տևի, քանի որ նա դժվար ճանապարհ ունի անցնելու՝ ընտրություններում հաղթելու և իմպիչմենտից խուսափելու համար: Հենց այդ պատճառով էլ, դժվար թե ալ-Բաղդադիի սպանության մասին հոլիվուդյան մեկնաբանությունները կարողանան նրան օգնել: