Նոյեմբեր 12, 2016 15:21 Asia/Tehran

Մինչ ամերիկացի պաշտոնյաները ջանում են ներկայացնել ընտրությունները որպես ժողովրդավարական գործընթաց, ԱՄՆ-ի մի շարք օրենքներ ազգային փոքրամասնություններին և աղքատներին զրկում են ընտրելու իրավունքից: Այս օրենքները բացասաբար են անդրադառնում հասարակական արդարության վրա և դեմ են ժողովրդավարական հիմնարար սկզբունքներին, որոնց մասին խոսում են ամերիկացի քաղաքական գործիչները:

Չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընտրական մթնոլորտը շիկացած էր թեկնածուների վիճահարույց ելույթներով ու հայտարարություններով, այնուամենայնիվ երկու տարի տևած ուժեղ մրցակցությունից հետո վերջապես կայացան ընտրությունները: Ընտրությունները, որում մրցակցում էին դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն ու հանրապետական՝ Դոնալդ Թրամփը տեղի ունեցան 2016 թ.-ի նոյեմբերի 8-ին. արդյունքում Թրամփը դարձավ ԱՄՆ-ի նախագահ:   

  Թրամփ

Հրապարակված տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում 218 միլիոն 959 հազար մարդ է քվեարկելու իրավունք ունեցել, սակայն նրանցից միայն 146 միլիոն 311 հազարն է գրանցվել ընտրություններին մասնակցելու համար: Տվյալները վկայում են այն մասին, որ մոտ 72 միլիոն 650 հազար մարդ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին չի մասնակցել: Ընտրողների 60-65 տոկոսի՝ մոտ 120-130 միլիոն մարդու  մասնակցությամբ է որոշվել, թե ով պետք է դառնա ԱՄՆ-ի նոր նախագահը: Բազմաթիվ սոցհարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ 2016 թվականի նախագահական ընտրությունների Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների թեկնածուները ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում առաջադրված ամենամերժելի թեկնածուներն են եղել:

Ընտրությունները երկրի քաղաքական կյանքին մարդկանց մասնակցության և ժողովրդավարության գերագույն խորհրդանիշն են համարվում: Առանց ընտրական համակարգի անիմաստ է դառնում ժողովրդավարության և քաղաքացիական իրավունքների  մասին  խոսելը: Եվ իսկապես, երկրի իշխանությունն իրականացնող մարմիններին ընտրելու իրավունքը քաղաքական կողմնորոշման ազատության իրավունքից է բխում: Մարդիկ ընտրում են իրենց երկրի ղեկավարներին ելնելով այն բանից, թե որքանով է այս կամ այն թեկնածուն հետագայում ուշադրություն դարձնելու իրենց խնդիրներին: Այսպես ժողովուրդը օգտվում է սեփական ապագան որոշելու իր անօտարելի իրավունքից: Հետևաբար կարևոր է նշել, որ ընտրությունները պետք է կազմակերպվեն ազատության և հավասարության սկզբունքների հիման վրա:

    Ընտրություններ

 

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 21-րդ հոդվածի առաջին կետում քվեարկության վերաբերյալ նշված է.«Յուրաքանչյուր ոք անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով իր երկրի կառավարմանը մասնակցելու իրավունք ունի»: Ըստ նույն հոդվածի 3-րդ կետի.«Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը. այդ կամքն իր արտահայտությունը պիտի գտնի պարբերական և առողջ ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի պայմաններում, գաղտնի կամ քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ձևերի միջոցով»:

Հետևաբար ընտրելու իրավունքը, որը բխում է մարդու ազատության ու անկախության գաղափարից, ժողովրդավարական հասարակության կայացման անհրաժեշտ նախապայմաններից է: Հենց այս իրավունքն է, որ մարդկանց պատասխանատու է դարձնում երկրի ղեկավարի ընտրության հարցում, քանի որ նրանք են իրենց ձայնը տալիս այն թեկնածուներին, ում արժանի են համարում:

Սակայն այս ընտրություններում պետք է ուշադրություն դարձնել  շատ կարևոր հանգամանքների վրա. դրանցից մեկը քաղաքացիների մի մեծ զանգվածի ընտրության իրավունքից զրկված լինելն է: Տվյալները վկայում են այն մասին, որ թեև թեկնածուների նախընտրական պայքարի ընթացքում ծախսվել են միլիարդավոր դոլարներ, այնուամենայնիվ ավելի քան 6 միլիոն ամերիկացիներ զրկված են եղել ընտրություններին մասնակցելու իրավունքից: Եվ իրոք, միջինում ԱՄՆ-ի քաղաքացիներից յուրաքանչյուր 40-րդը դատվածություն ունենալու և մեկ տարուց ավելի բանտում անցկացնելու պատճառով իրավունք չի ունեցել մասնակցելու սույն տարվա ընտրություններին: ԱՄՆ-ի ավելի քան 12 նահանգներ ցմահ զրկում են ընտրության իրավունքից այն քաղաքացիներին, ովքեր կրել են օրենքով սահմանված իրենց պատիժն ու ազատ են արձակվել:           

     ԱՄՆ-ի ընտրություններն ու քաղաքացիների զրկվածությունը ընտրության իրավունքից

        

Շատ երկրներում գոյություն ունեցող որոշ օրենքներ քողարկված կերպով զրկում են քաղաքացիներին երկրի քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքից: Կարևոր է նշել, որ  ընտրության իրավունք չունեցող մարդկանց մեծամասնությունը պատկանում է երկրի ռասայական փոքրամասնություններին: Սա նշանակում է, որ հասարակության անդամներից մի մեծ զանգված ազգայնամոլության հետևանքով ենթարկվում է բազմատեսակ խտրականությունների: Այս մարդիկ իրենց մաշկի գույնի պատճառով շատ հաճախ զրկվում են երկրի քաղաքական կյանքին մասնակցելու հնարավորությունից: ԱՄՆ-ի 4 նահանգներում, աֆրիկական ծագում ունեցող ամերիկացիներից յուրաքանչյուր 4-րդը անցյալում կատարած հանցագործության համար ընտրելու իրավունք չի ունեցել: Օրինակ՝ Ֆլորիդա նահանգում ավելի քան 1.5 միլիոն մարդիկ, չնայած այն հանգամանքին, որ օրենքի համաձայն պարտավոր են հարկեր վճարել, իրավունք չեն ունեցել մասնակցել ընտրություններին:  

  ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի զեկույցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկույցում քննադատվել է աֆրիկական և իսպանական ծագում ունեցող ամերիկացիների ընտրական իրավունքի երաշխավորված լինելուն ոչ բավարար ուշադրություն դարձնելը: Զեկույցում ներկայացված տվյալների համաձայն մինչև 2010 թվականը ԱՄՆ-ի ավելի քան 5 միլիոն 850 հազար  քաղաքացիներ, քրեական դատվածություն ունենալու պատճառով, զրկվել են ընտրության իրավունքից, իսկ ավելի քան  երկու միլիոն աֆրոամերիկացիներ անձի ինքնության հաստատման օրենքի հետ կապված բազմաթիվ խնդիրների են բախվել ընտրության ընթացքում:

Հանցանքը միակ պատճառը չէ, որի միջոցով Ամերիկայում մարդկանց զրկում են ընտրության իրավունքից: Այս քաղաքացիական հիմնարար իրավունքից զրկվել են նաև ԱՄՆ-ում ապրող մոտ կես միլիոն անտուն մարդիկ, ովքեր չեն կարողացել գրանցվել ընտրություններին մասնակցելու համար: Այս ամենի հետ մեկտեղ ընտրական իրավունքից զրկվել են նաև այն մարդիկ, ովքեր նույնականացման քարտ չեն ունեցել:

ԱՄՆ-ի 50 նահանգներից 33-ում այս տարվա ընտրությունների ընթացքում գործում էր հատուկ օրենք, որի համաձայն ընտրողներից յուրաքանչյուրը պետք է ընտրության ներկայանալու ժամանակ իր հետ ունենա լուսանկարով հատուկ ընտրական քարտ, որը նախօրոք տրամադրվել է պետության կողմից:  Հաշվարկների համաձայն ԱՄՆ-ի մեծահասակ բնակչության յուրաքանչյուր 10 հոգուց առնվազն 1-ը չունի այդ քարտից: Սա մեկ այլ  հանգամանք է, որի պատճառով քաղաքացիների ևս մեկ խումբ ընտրություններին չի մասնակցել:

    Խտրականությունը  ԱՄՆ-ի սևամորթների նկատմամբ

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոքրամասնությունները՝ աֆրոամերիկացիներն ու աղքատները այս օրենքների գոյության պատճառով զրկվում են իրենց իրավունքներից: Ամերիկայի տիրապետության տակ գտնվող տարածքներում՝ Պուերտո Ռիկոյում, Գուամում, Հյուսիսային Մարիաննայի, Վիրջինիայի և Սամոայի կղզիներում ապրող մոտ 4 միլիոն մարդկանցից ոչ-ոք ԱՄՆ-ի ընտրություններին մասնակցելու իրավունք չունի: Եվ սա այն դեպքում, երբ այդ տարածքների բնակչության 98 տոկոսը ազգային ու ռասայական փոքրամասնությունների ներկայացուցիչներ են: Թեև այս մարդիկ  ապրում են ԱՄն-ում, բայցևայնպես ԱՄՆ-ի քաղաքացիներ չեն:

Մինչ ամերիկացի պաշտոնյաները ջանում են ներկայացնել ընտրությունները որպես ժողովրդավարական գործընթաց, ԱՄՆ-ի մի շարք օրենքներ զրկում են ազգային փոքրամասնություններին և աղքատներին ընտրելու իրավունքից: Այս օրենքները բացասաբար են անդրադառնում հասարակական արդարության վրա և դեմ են ժողովրդավարական հիմնարար սկզբունքներին, որոնց մասին խոսում են ամերիկացի քաղաքական գործիչները:

   ԱՄՆ-ի ընտրություններն ու հասարակական արդարության խախտումը

 

Մյուս կողմից ուշադրության են արժանի ԱՄն-ի ընտրական համակարգի շուրջ ընթացող վիճաբանությունները: Շատերը կարծում են, որ դա ժողովրդավարական համակարգ չէ: ԱՄՆ-ի ընտրական համակարգը հիմնված է էլեկտորալ կոլեգիայի վրա: Սա մյուս դեմոկրատական երկրներում գործող համակարգերից տարբերվող ինստիտուտ է: Ըստ այս համակարգի Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահը որոշվում է ընտրական երկու փուլերի միջոցով: Իրականում ընտրական գործընթացի երկու փուլից բաղկացած լինելու հանգամանքը և էլեկտորալ մարմիների առկայությունը ամեն նահանգում պատճառ են հանդիսանում, որպեսզի ընտրություններում հաղթեն կամ դեմոկրատները, կամ  հանրապետականները: Ընտրական գործընթացի խճճվածություններից մեկն էլ այն է, որ տասնյակ տարբեր կուսակցությունների միջև է ընթանում պայքարը, սակայն ԱՄՆ-ի նախագահի ընտրության օրը սովորաբար դեմոկրատները կամ հանրապետականներն են հաղթանակ տանում:

Ինչպես գիտենք աշխարհի շատ երկրներում նախագահ են ընտրվում մարդկանց անմիջական ձայների միջոցով, սակայն ԱՄՆ-ում պատկերը փոքր ինչ այլ է: Կուսակցությունների ներկայացուցիչների ձայների միջոցով է ընտրվում նախագահը: Այս համակարգը շատ անարդար է  ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ընթացող մրցակցության տեսանկյունից. դեմոկրատները կամ հանրապետականները, և ոչ մի այլ կուսակցություն, սա է համակարգի կարգախոսը:  Մարդիկ գնում են դեպի քվեատուփերը և քվեարկում իրենց նախընտրած թեկնածուի օգտին, սակայն նրանց քվեները չեն, որ որոշում են, թե ով է դառնալու նախագահ: Ամեն ինչ տեղի է ունենում հետևյալ կերպ. յուրաքանչյուր նահանգում առանձին որոշվում է թե, որ թեկնածուն է հաղթել: Ամեն նահանգ ունի իր քվոտան ընտրություններում, որը որոշվում է տվյալ նահանգի բնակչության թվի միջոցով: Այնուհետև նահանգների էլեկտորալ ձայների միջոցով ընտրում են երկրի նախագահին: Նման գործընթացի արդյունքում բոլոր այն ձայները, որոնք տրվել են չհաղթած թեկնածուին, փոխանցվում են հաղթողի հաշվին: Ինչպես նշվեց ԱՄՆ-ի էլեկտորալ կոլեգիայի համակարգը բավականին թույլ կողմեր ունի: Ամերիկացիների մեծամասնությունը համոզված է, որ այն թեկնածուն պետք է նախագահ դառնա, ով հավաքում է ամենաշատ քանակությամբ ձայները: Անմիջական ընտրական համակարգը ավելի համապատասխան է ժողովրդավարական սկզբունքներին, քան այն ամենն ինչ իր տեսնում ենք էլեկտորալ կոլեգիայի համակարգում:

ԱՄՆ ընտրական համակարգը

 

Մյուս կողմից նախընտրական արշավների և գովազդների թանկությունը և անվճար հեռուստատեսային գովազդների հնարավորության բացակայությունը  թույլ չեն տալիս, որպեսզի այն մարդիկ ովքեր չունեն կապիտալի մեծ պաշարներ մասնակցեն որոշումների կայացման գործընթացներին: Քանի որ ԱՄՆ-ում գովազդների ու ԶԼՄ-ների համար պահանջվող գումարը քիչ չէ, հետևաբար, եթե որևէ մեկը չունի այդ գումարը կամ չունի հովանավորներ որոնք պատրաստ են տրամադրել այն, չի կարող առաջադրվել որպես թեկնածու: Նախընտրական ծախսերը Ամերիկայի Միացյալ Նահանգներում  հաճախ հասնում են միլիոնավոր դոլարների յուրաքանչյուր թեկնածուի համար: Այս ծախսերի մեծ մասը վճարվում է հեռուստատեսություններին ու ԶԼՄ-ներին իրենց մատուցած ծառայությունների դիմաց: Ժողովրդավարությունը Ամերիկայում նշանակում է փող, դոլար և ոչ մի այլ բան: Բնական է, որ նման պայմաններում ժողովրդական թեկնածուները հաղթելու քիչ հնարավորություն ունեն: Այս ամենի մեջ պետք է նշել նաև Սիոնիստական ռեժիմի ազդեցության հանգամանքը, որը մեծ նշանակություն է ունեցել ամերիկյան ընտրական համակարգի ձևավորման, ԶԼՄ-ներից շատերի և տնտեսական կենտրոնների վերահսկման վրա:                                                                                                                                  

 

Պիտակ