Ֆիդել Կաստրո՝ Կուբայի հեղափոխության հայր(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i45061-Ֆիդել_Կաստրո_Կուբայի_հեղափոխության_հայր(1)
Ֆիդել Կաստրոյի ընկերները նրան համարում էին հեղափոխականության խորհրդանիշ, իսկ թշնամիները դիկտատուրայի տարածող։ Ֆիդել Կաստրոյի մահը մեծ ցնցում էր կուբացիների համար։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 02, 2016 22:15 Asia/Tehran

Ֆիդել Կաստրոյի ընկերները նրան համարում էին հեղափոխականության խորհրդանիշ, իսկ թշնամիները դիկտատուրայի տարածող։ Ֆիդել Կաստրոյի մահը մեծ ցնցում էր կուբացիների համար։

Ֆիդել Կաստրոն՝ Կուբայի հեղափոխության առաջնորդը և նոր Կուբայի հայրը մահացավ 90 տարեկանում։ Նրա մահը սգում է ողջ Հավանան՝ Կուբայի մայրաքաղաքը, սակայն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի  Մայամիի անվանակից Փոքր Հավանա կոչվող թաղամասում բազմաթիվ կուբացի աքսորյալներ դուրս էին եկել փողոցներ` տոնելու Կաստրոյի մահը: Ֆիդել Կաստրոյի անունը մշտապես վառ կմնա աշխարհի բոլոր հեղափոխականների սրտերում։ Նա հայտնի է նաև, որպես ճնշումների դեմ պայքարող առաջնորդ։ Ֆիդել Կաստրոյի նման քիչ քաղաքական գործիչներ կան, ովքեր թշնամու հետ ճակատ առ ճակատ պայքար են մղել։ Ֆիդել Կաստրոյի հեղափոխությունը Կարիբյան ծովի փոքր կղզի Կուբայում պատմության կարևորագույն դեպքերից էր։ Կաստրոն այդ շարժման ընթացքում ձեռք բերեց բազմաթիվ ընկերներ և թշնամիներ։ Սակայն ի՞նչն էր այս հակամարտության և երկակիության գաղտնիքը։

Ֆիդել Ալեխանդրո Կաստրո Ռուզը, ով հետագայում ճանաչվեց Ֆիդել Կաստրո անունով, ծնվել է 1926 թվականի օգոստոսին Կուբայի Օրյենտե նահանգի Բիրան փոքր քաղաքում։ Նրա հայրը կղզու հարուստ մարդկանցից էր և իր ընտանիքը կարողացել էր ապահովվել անհրաժեշտ ամեն ինչով։ Ֆիդելը կրթություն է ստացել հատուկ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Հավանայի համալսարանի Իրավաբանական ֆակուլտետ։ Այդ ժամանակ Կուբայում իշխում էր ամերիկյան դրածո գեներալ Ֆուլխենսիո Բատիստան։ Վերջինս Կուբայում ամերիկյան բռնաճնշումների իրականացնողն էր և կամակատարը։ Այսպիսի իրավիճակ Կուբայում  տիրում էր դեռ շատ վաղուց, երբ այն բաժանվեց Իսպանիայից։ ԱՄՆ-ը այս կղզում մշտապես հետապնդել է իր շահերը։ Ամերիկյան ներդնողները կղզին խեղդել էին թղթախաղի և անառակության մեջ։ Միաժամանակ Կուբայի բնակչությունը ենթարկվում էր բազմաթիվ շահագործումների և մշտապես աղքատ էր։ Բանն այն է, որ կուբացիները զբաղվում էին շաքարագործությամբ, իսկ ամերիկացիները այն շատ էժան գներով արտահանում էին։ Կղզին լի էր նաև հանցագործ խմբավորումներով և մաֆիայով, որոնք խոչնդոտում էին զարգացմանը։

1902 թվականին Կուբան ԱՄՆ-ից ձևականորեն անկախացավ։ Ձևականորեն, քանի որ անկախացումից հետո ավելի քան կես դար ԱՄՆ դեռ շարունակում էր իր ձեռքում պահել Կուբայի արտաքին քաղաքականությունն ու միջամտություն ունենալ երկրի տնտեսական հարցերում։ Կուբայի ամերիկյան դրածո կառավարիչները գործում էին բացառապես ԱՄՆ  շահերի շրջանակներում։ Նրանք պարզապես գործիք էին հանդիսանում Վաշինգտոնի համար։ Նման քաղաքականության գլխավոր խնդիրն էր վերցնել Կուբայից այն ամենն ինչ ունի այդ փոքր կղզին և դրա սակավաթիվ բնակչությունը։ Կուբայի վերջին ամերիկյան դրածոն Բատիստան էր, ով 1952 թվականին հեղաշրջում կազմակերպեց և պետության ղեկը ամբողջապես կենտրոնացրեց իր ձեռքում։ Աշխատավոր և անկայունությանը ընտելացած կուբացիները այս հեղաշրջման նկատմամբ անտարբերություն ցուցաբերեցին։ Նման վերաբերմունքի գլխավոր պատճառն այն էր, որ Կուբայի ժողովուրդը այնքան էր հյուծվել քաղաքական ու տնտեսական թոհուբոհերի մեջ, որ այլևս կարևոր չէր թե ով է իրենց երկրի ղեկավարը։ Բատիստան շատ լավ գիտեր այս ամենի մասին, ուստի իր նպատակները իրագործելու համար ժողովրդի աջակցության կարիքը չուներ։ Նա հիմնվելով իր ամերիկացի կողմնակիցների վրա հեղաշրջում իրականացրեց և սկսեց կառավարել այնպես ինչպես ինքն էր ճիշտ գտնում՝ իր իշխանությունը բացարձակ համարելով։ Ակնհայտ է, որ նման կերպ շարունակելով նա չէր կարող երկար ժամանակ պահել իր իշխանությունը և պետք է արժանանար այն բախտին, որին գրեթե միշտ արժանանում են բռնապետները։ Երբ Բատիստան կարծում էր, որ այլևս ոչինչ չի կարող խանգարել իրեն, մի փոքրիկ իրադարձություն փոխեց Կուբայի պատմական զարգացման ուղղությունը։ Այդ իրադարձությունը հետևյալն էր մի քանի տասնյակ հեղափոխականներ Մեքսիկայից վերադարձան Կուբա, որպեսզի տապալեն Բատիստայի իշխանությունը։ Այդ հեղափոխականներից մեկը երեսնամյա երիտասարդ Ֆիդել Կաստրոն էր։

Ֆիդել Կաստրոն դեռևս Բատիստայի իշխանության գալուց առաջ ներգրավված էր քաղաքական գործունեության մեջ։ Նա Իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր, երբ  միացավ հեղափոխական մի խմբի։ 1947 թվականին նա փորձում է Դոմինիկյան Հանրապետությունում ապստամբություն կազմակերպել ընդդեմ գեներալ Ռաֆայել  Թրուխիլիոյի, սակայն դա նրան չի հաջողվում։ Այնուհետև1952 թվականին նա իր թեկնածությունն է դնում խորհրդարանական ընտրություններում, սակայն գեներալ Բատիստայի կազմակերպած հեղաշրջման արդյունքում Կուբայի պառլամենտը ցրվում է։ Հաջորդ տարվա հուլիսի քսանվեցին Կաստրոն  և իր մոտ հարյուր հիսուն կողմնակիցներ ի նշան իշխանության դեմ բողոքի հարձակվեցին Սանտիագոյում գտնվող Մոնկադայի կայազորի վրա։ Այս քայլը ոչ միայն չհանգեցրեց Բատիստայի ռեժիմի տապալմանը այլև հենց ինքը՝ Ֆիդել Կաստրոն ձերբակալվեց և տասնհինգ տարվա ազատազրկման դատապարտվեց։ Մոտ երկու տարի անց նա և իր փոքր եղբայրը  համաներման արդյունքում դուրս եկան բանտից և աքսորվեցին Մեքսիկա։ Այդ աքսորը փոխեց թե՛ Կաստրոյի, թե՛ Կուբայի և թե՛ ամբողջ աշխարհի ճակատագիրը։ Ֆիդել Կաստրոն իր մի քանի ընկերների հետ մեկնում է Մեքսիկա, որտեղ իր եղբայր Ռաուլը ընկերանում է մի արգենտինացի բժիշկ  Էռնեստո Չե Գևարայի հետ։ Ֆիդել Կաստրոյին նա դուր է գալիս, իսկ ավելի ուշ Կաստրոն, խոսելով նրա մասին, ասում է, որ նա ավելի առաջադեմ հեղափոխական էր, քան ինքը։ Կաստրոն շարունակում է կապ պահպանել Շարժման մասնակիցների հետ Կուբայում։ Ձեռք բերելով «Գրանման» զբոսանավը, 1956 թվականի նոյեմբերի 25 Կաստրոն ճամփա է ընկնում՝ իր հետ տանելով 81 զինված հեղափոխական։ Նոյեմբերի 30-ին նրանք հասնում են Կուբա։1957-1958  թթ-ին զինված պայքար է գնում։ Ժողովուրդը միանում է հեղափոխականներին  և վերջապես 1959 թվականի հունվարի մեկին  տապալվում է գեներալ Բատիստայի ռեժիմը։ 

Ֆիդել Կաստրոյի իրականացրած հեղափոխությունը բողոք էր միապետական կառավարման համակարգի դեմ։ Այդ համակարգն էր, որ Կուբան վերածել էր աղքատության, անբարոյականության և թղթախաղի կենտրոնի։ Այդ տարիներին  Կուբայի ժողովուրդը մի կերպ  դիմակայում էր աղքատությանը, քանի որ երկրի ամենաբերրի հողերը ամերիկացիների ձեռքերում էին։ Նրանք այդ հողերում շաքարի մշակաբույս էին աճեցնում, որից էլ հսկայական օգուտներ էին ստանում։ Կուբայի աղքատ ժողովուրդը ստիպված էր ստրուկների պես աշխատել ամերիկական ընկերությունների համար և ամերիկացիների ցոփ ու շվայտ կյանքի ականատեսը լինել։ Կուբայի երիտասարդ աղջիկները շատ հաճախ մարմնավաճառությամբ էին զբաղվում, իսկ տղամարդիկ ներգրավվում էին թմրադեղերի առք ու վաճառքի մեջ, քանի որ ապրուստ վաստակելու այլ տարբերակներ նրանց համար գոյություն չուներ։ 1959 թ. հունվարի սկզբին Ֆիդել Կաստրոյի գլխավորած հեղափոխական շարժումը Կուբայում պսակվեց հաջողությամբ։ Կաստրոյին այլ ելք չէր մնացել քան պայքարի ղեկը իր ձեռքը վերցնելը, քանի որ կուբացիների վիճակը գնալով բարդանում էր, աստիճանաբար անկում էր ապրում բնակչության կենսամակարդակը, քայքայվում էր տնտեսությունը և մեծանում էր արտաքին՝ մասնավորապես Ամերիկայի միջամտությունը Կուբայի ներքին գործերին։ Այս ամենին գումարած գեներալ Բատիստայի իրականացրած հեղաշրջման հետևանքով էլ ավելի էր ամեն ինչ բարդացել։

Երբ ԱՄՆ-ը Կուբայի հեղափոխությունը ճնշելու համար զորքեր ուղարկեց  այդ փոքր կղզի և իրականացրեց «Խոզերի ծոց»-ի անհաջող օպերացիան (Կուբայի  Խոզերի ծոցի աղետաբեր օպերացիայի ընթացքում Ֆիդել Կաստրոյի զորքերը ճնշեցին ԱՄՆ ԿՀՎ-ի կողմից ձեռնարկված նվաճման անհաջող փորձը,որը իրականացրել էին Կուբայի այլախոհները) , Կուբան իր կողմնորոշումը փոխեց դեպի սոցիալիզմ և հայտնվեց Խորհրդային Միության պաշտպանության տակ։

Հիսունհինգ տարի է անցել Կուբայի հեղափոխությունից։ Այս տարիների ընթացքում այդ երկիրը տնտեսական և հասարակական մեծ առաջընթաց է ապրել և իհարկե ունեցել է նաև քաղաքական ու տնտեսական բազմաթիվ խնդիրներ։ Այս խնդիրներից շատերը ներքին տնտեսական արմատներ ունեն, որոնք մեծապես առաջացել են Արևմուտքի պատժամիջոցների կիրառման հետևանքով։

Ամփոփելով նշենք, որ Կուբայի հեղափոխությունը դեռևս ոգեշնչում է աշխարհում շատերին։ ։ Ֆիդել Կաստրոյի անունը մշտապես վառ կմնա աշխարհի բոլոր հեղափոխականների սրտերում, անգամ հիմա, երբ այդ հեղափոխության մեծ առաջնորդ Ֆիդել Կաստրոն այլևս կենդանի չէ։