Դեկտեմբեր 05, 2016 14:58 Asia/Tehran

Նոռուզ իրանական տոնը որպես հույսի, իմաստության և բարեկամության խորհրդանիշ ՅՈՒՆԵՍԿO-ի տասնմեկերորդ նստաշրջանում ճանաչվել է որպես համաշխարհային ոչ նյութական ժառանգություն։ Այս տոնը Իրանի գլխավորությամբ տասներկու երկրների համատեղ տոն է ճանաչվել։

Նոռուզ տոնը

                                                         

Նոռուզը պատմության խորքերից մեզ հասած ամենահին տոներից մեկն է։ Նոռուզ տոնի առաջացումը վերագրվում է Փիշդադյանների դինաստիայի չորրորդ արքա Ջամշիդին, ով համարվում է Նոռուզի տոնակատարության հեղինակը։ Իրանցի հանճարեղ բանաստեղծ Ֆերդոսին Նոռուզի առաջացման մասին պատմության մեջ գրել է, որ երբ Ջամշիդը թողեց պետության ղեկավարումը բոլոր ազնվականները եկան նրա մոտ և շնորհակալություն հայտնեցին։ Այդ օրը ֆարվարդին ամսվա առաջին օրն է եղել։ Ջամշիդը այն Նոռուզ է անվանել և մեծ տոնախմբություն է կազմակերպել։

Իհարկե տարբեր գրողներ ու պատմագիրներ՝ ինչպես օրինակ Իբն Բալխին, Քրիստենսենը, Աբու Ռեյհանը և այլք տարբեր կերպ են մեկնաբանել այս տոնի ծագումը։ Տարբեր աղբյուրների հավաքական տվյալները վկայում են, որ Նոռուզը շատ հին արմատներ ունեցող տոն է, որը կապված է կյանքի վերածննդի, նոր օրվա սկզբի, բարության և երջանկության հետ։

 

Նոռուզ

Նոռուզ տոնը նշվում է իրանական արեգակնային տարվա առաջին օրը, որը համընկնում է ֆարվարդինի մեկի հետ։ Այդ օրը նշվում է որպես նոր տարվա առաջին օր։ Իրանական այս տոնը շատ հին արմատներ ունի, որոնք հասնում են մինչև պատմական Իրան։ Այդքան հին լինելով հանդերձ Նոռուզը ամեն տարի  նշվում է իրանցիների կողմից ջերմություն և սեր պարգևելով նրանց ընտանիքներին։ Նոռուզը Իրանում և Աֆղանստանում տարվա սկիզբն է համարվում, իսկ օրինակ Տաջիկստանում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ղազախստանում, Սիրիայում, Քրդստանում, Ադրբեջանում, Ալբանիայում, Չինաստանում, Թուրքիայում, Թուրքմենստանում, Հնդկաստանում, Պակիստանում և Ուզբեկստանում մարդիկ նշում են այդ օրը որպես տոն։

Անցած շաբաթ Նոռուզը ևս մեկ անգամ հաստատվեց որպես մշակութային ոչ նյութական ժառանգություն։ Իրանի պատմական կոթողների գրանցման գրասենյակի ղեկավարն հայտարարել է, որ իրանական բազմազգ Նոռուզ տոնը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿO-ի համաշխարհային ոչ նյութական ժառանգության ցուցակում: Նոռուզը Իրանի գլխավորությամբ տասներկու երկրների համատեղ տոն է հռչակվել։

 

 

Նոյեմբերի քսանութից դեկտեմբերի 2-ը Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի 11-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվել են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցվելու համար ներկայացված հայտերը։ Այս նստաշրջանում Նոռուզը ճանաչվեց որպես մշակութային ոչ նյութական ժառանգություն։ Նոռուզը նախկինում յոթ երկրների ներկայացրած համատեղ հայտի արդյունքում ճանաչվել էր որպես մշակութային ժառանգություն, իսկ հիմա այս տոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում ընդգրկվել է որպես տասներկու երկրների համատեղ տոն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության համաձայն՝ նույն մշակութային ժառանգության  վերաբերյալ կայացրած նոր որոշումը ընդունվում է որպես վերջնական, իսկ նախկինում ընդունված որոշումները չեղարկվում են՝ հետևաբար Նոռուզի վերաբերյալ ընդունված որոշումը այժմ վերջնական է համարվում, իսկ նախորդ որոշումը արխիվացվել է։ Հատկանշական է, որ տոնի վերաբերյալ որոշման ընդունումից հետո նստաշրջանի դահլիճում կարդացվել են Հաֆեզի և Խայամի մի քանի բանաստեղծություններ։

 

Նոռուզի տոնական սեղանը

 

2009 թվականի հոկտեմբերին Նոռուզը ճանաչվել էր որպես յոթ երկրների համատեղ տոն և ըստ այդ երկրների ներկայացրած հայտի ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում որպես ոչ նյութական ժառանգություն։ Այս տարի Ադրբեջանը, Հնդկաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Թուրքիան և Ուզբեկստանը Իրանի գլխավորությամբ համատեղ հայտ էին ներկայացրել, որի արդյունքում Նոռուզը ճանաչվեց որպես իրանական առաջին և համաշխարհային երրորդ ոչ նյութական ժառանգություն։ Այս տոնը Իրանի հարևան երկրների համար այնքան մեծ նշանակություն ունի, որ 2014 թվականին Աֆղանստանը, Իրաքը, Տաջիկստանն ու Թուրքմենստանը ցանկացան միանալ ՅՈՒՆԵՍԿO-ին ներկայացվելիք համատեղ հայտին։ Թեհրանը այս երկրների միացումը հաստատելու համար հյուրընկալեց վերոհիշյալ երկրների հատուկ ներկայացուցիչներին։ Նրանք ցանկանում էին քննարկել նոր հայտ ներկայացնելու պայմաններն ու ընդհանուր համաձայնության գալ դրա շուրջ։ Դեկտեմբերի վերջին վերջնականապես հաստատվեց այդ երկրների միացումը համատեղ հայտին։ Այս գործընթացի վերջնական արգասիքը այն եղավ, որ Նոռուզը կրկին անգամ գրանցվեց ՅՈՒՆԵՍԿO-ի ցուցակներում որպես բազմազգ տոն և դարձավ համաշխարհային ոչ նյութական ժառանգություն։ Մասնագետների կարծիքով այս համատեղ հայտը ՅՈՒՆԵՍԿO-ին երբևէ ներկայացված ամենատրաբանված հայտերից էր և համապատասխանում էր 2003 թվականին հաստատված կոնվենցիային։

 

   Նոռուզը Աֆղանստանում

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ոչ հեռավոր անցյալում՝ 2010 թվականի մարտի 21-ին, որը համընկնում  է ֆարվարդինի 1-ին, մի բանաձև ընդունեց, որի համաձայն այդ օրը ճանաչվում է որպես Նոռուզի համաշխարհային օր։ Տոնը գրանցվեց ՄԱԿ-ի օրացույցում։ Հատկանշական է, որ այս իրադարձությունը նախադեպը չունեցող էր ՄԱԿ-ի համար, իրադարձություն, որի հետևանքով իրանական Նոռուզը պաշտոնապես ճանաչվեց որպես միջազգային տոն։ Դրանից հետո 2010 թվականի մարտի 27-ին՝ ֆարվարդինի 7-ին Թեհրանում անցկացվեց Նոռուզի տոնակատարություն, որին ներկա էին Աֆղանստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Իրաքի նախագահները, Ադրբեջանի արտգործնախարարը և Թուրքիայի փոխվարչապետը։

Մինչ այսօր իրանական տաս մշակութային ոչ նյութական ժառանգություններ են գրանցվել ՅՈՒՆԵՍԿO-ի ցուցակներում, որոնցից են Նոռուզը, Իրանական սերիական երաժշտությունը, Ֆարս նահանգի գորգագործությունը, Պահլավական ավանդույթները, Քաշանի գորգալվացումը, Թազիեն, Քաշանի ավանդական գորգագործությունը, Խորասանի երաժշտությունը, Բարկասների կառուցման տեխնոլոգիան հարավում և իրանական հեքիաթասացությունը։

 Նոռուզ համաշխարհային տոնը

 

Նոռուզը իրանցիների ազգային տոներից է, բայց դարերի ընթացքում շատ տարածված է եղել նաև տարածաշրջանի թրքալեզու ժողովուրդների շրջանում։ Այդ ժողովուրդներից հատկապես ուզբեկները բազմաթիվ լեզվական և մշակութային նմանություններ ունեն իրանցիների հետ։ Հիշեցնենք, որ ուզբեկները համագործակցել են իրանցիների հետ Նոռուզի վերաբերյալ համատեղ հայտ ներկայացնելու շրջանակներում։ Ուզբեկստանի Սամարղանդ և Բոխարա քաղաքների բնակչությունը խոսում է պարսեկերնով։

Նոռուզն Ուզբեկստանում

 

Թեհրանի ոչ նյութական մշակութային ժառանգությունների գրասենյակի տնօրեն Յադոլլահ Փարմունը Նոռուզի համատեղ հայտի փաստաթուղթը համարել է ամենամեծ բնակչություն ընդգրկող փաստաթուղթը։ Ըստ Յադոլլահի Նոռուզը բացառիկ տոն է, որն իր մեջ պարունակում է դարերի ընթացքում պահպանված մշակույթը։ Նոռուզը իրոք այդ մշակույթային տարրերը պարունակում է իր մեջ։ Լինելով իրանական ծագում ունեցող տոն այն իր մեջ պարունակում է նաև հարևան երկրների մշակույթը։

Ինչպես վերը նշեցինք Նոռուզը բացառիկ տոն է, որն իր մեջ պարունակում է մշակութային հզոր ժառանգություն։ Այդ ժառանգությունը ընդհանուր է բազմաթիվ երկրների համար։ Պատահական չէ , որ շատ երկրներ միավորվել են Նոռուզի վերաբերյալ համատեղ հայտ ներկայացնելու նպատակով։ ՅՈՒՆԵՍՕ-ի նստաշրջանում Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի և Ղրղզստանի կողմից հայտեր են ներկայացվել լավաշ հացի պատրաստումը մշակութային ժառանգություն ճանաչելու համար։ Ավելի վաղ՝ 2014 թվականին Հայաստանի ներկայացրած հայտի արդյունքում լավաշը գրանցվել էր որպես մշակութային ժառանգություն։ Այս տարի լավաշի վերաբերյալ թյուրիմացություններից խուսափելու նպատակով հայտեր ներկայացրած երկրները բանակցություններ են վարել։ Բազմաթիվ ուսումնասիրություններից հետո լավաշ հացի պատրաստման մշակույթը ևս գրանցվեց համաշխարհային մշակութային ժառանգությունների ցանկում։

Լավաշը երեք միլիմետր հաստությամբ տափակ հաց է։ Լավաշին նաև թոնրի հաց են անվանում։ Այն պատրաստվում է տնական պայմաններում հունցված խմորից, այդիսկպատճառով էլ շատ հաճախ կոչում են նաև տնական լավաշ հաց։ Հացի այս տեսակը Իրանում և Հայաստանում կրում է միևնույն՝ «լավաշ» անվանումը, իսկ Վրաստանում այն կոչվում է լավաշ սոմխուրի՝ թարգմանաբար հայկական լավաշ։

Լավաշ հաց

 

                                     

Որոշ մասնագետներ լավաշ հացի ծագումը վերագրում են Իրանին։ Նրանք կարծում են, որ լավաշը առաջին անգամ պատրաստվել է Իրանում, իսկ հետո հայերը իրանցիներից սովորել են դրա պատրաստման եղանակը։ Լավաշը պատրաստվում է ալյուրից, ջրից, աղից և խմորիչից։ Հացը դեռ հնուց տարածված է եղել այն պատճառով, որ այն կարողացել են երկար պահպանել։ Երկար պահպանման գաղտնիքը լավաշ հացի շուտ չորանալու մեջ է։ Ճիշտ պատրաստելու դեպքում լավաշը շատ բարակ է ստացվում, ինչի հետևանքով էլ շատ շուտ չորանում է։ Դա հնարավորություն է տալիս հացը երկար պահել։ Լավաշ հացի պատրաստման մեջ շատ հաճախ օգտագործում են նաև քունջութ՝ լրացուցիչ համային որակներ ստանալու նպատակով։ Լավաշ հացի տարածված լինելու գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ դրա պատրաստման եղանակը շատ պարզ է և բազմազան բաղադրատարրեր չի պահանջում։

 

     Լավաշ հաց

 

Իրանական մշակույթում հացը, ինչպես նաև հացի նկատմամբ հարգանքը առանձնահատուկ տեղ ունի։ Կարիքավորներին հաց տալը Իրանում բարեգործություն է համարվում և մեծ գնահատանքի է արժանանում։

Թողարկումը ավարտենք Աբու ալ-Հասան Խարաղանիի խոսքերով, ով դեռևս հազար հարյուր տարի առաջ ասել է․«Տուն մտնող մարդուն հաց տվեք, քանի որ այդ վերաբերմունքն է գնահատվում բոլորի և բարձրյալ Աստծո կողմից»։

 

 

 

 

Պիտակ