Հունվար 07, 2017 15:02 Asia/Tehran

Հալեպը իր 3000-ամյա պատմության ընթացում բազմաթիվ սաստիկ արհավիրքների է դիմակայել, սակայն ահաբեկիչների ներկայությունը և չորս տարի պատերազմի թատերաբեմում գտնվելը մեծ ավերածություններ է պատճառել քաղաքին։ Պատերազմ, որը արևմտյան լրատվամիջոցների կողմից բոլորովին այլ կերպ է լուսաբանվել։

Հալեպի ազատագրման դժվարին գործողությունների հետ միաժամանակ արևմտյան լրատվամիջոցները, որոնցից շատերը կապված են ահաբեկչական խմբավորումների հետ, պրոֆեսիոնալ լրագրողական խմբերին հանձնարարել են ստահոդ ռեպորտաժներ պատրաստել և հանրությանը ցույց տալ, թե իբր Սիրիայի բանակը Հալեպի արևելքում ցեղասպանություն և բազմաթիվ ոճրագործություններ է իրականացնում։ Սիրիական աղբյուրների փոխանցած տեղեկությունների համաձայն՝ Պարսից ծոցի սահմանամերձ էմիրություններից որոշները նպատակ ունեն ամեն կերպ խոշոր տեղեկատվական պատերազմ սկսել Սիրիայի դեմ։

Այսիսկպատճառով արաբական ռեժիմների կողմից կառավարվող հատուկ լրագրողական խմբերը պատրաստում են ստահոդ ռեպորտաժներ և դրանք փոխանցում են արևմտյան լրատվամիջոցներին։ Հիմնականում նմանօրինակ ռեպորտաժները այնպես են պատրաստվում, որպեսզի դիտողի մոտ առաջացնեն հուզմունք։ Մեծ մասամբ ցուցադրվում են սպանված կանայք և երեխաներ։ Այսպիսի գործելակերպով ահաբեկչական խմբավորումներին աջակցող արևմտյան լրատվամիջոցները ամեն կերպ ցանկանում են ոչնչացնել Սիրիայի բանակի հեղինակությունը։

 

Այնուամենայնիվ եթե հետադարձ հայացք նետենք դեպի ոչ հեռավոր անցյալը, կտեսնենք, թե որտեղից է սկիզբ առել այս ամենը։ Բանն  այն է, որ երբ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, այնուհետև երկրի սահմանամերձ քաղաքներում ցույցեր սկսվեցին և կարճ ժամանակ հետո վերածվեցին զինված ընդհարումների, Ալ Ջազիրան և այլ արևմտամետ լրատվական գործակալությունները մեդիա պատերազմ սկսեցին։

Այս մեդիա պատերազմում արևմտամետ լրատվամիջոցները սկսեցին խեղաթյուրել բոլոր հնարավոր փաստերը, որպեսզի մեղադրեն Սիրիայի իշխանություններին ցեղասպանության և ոճրագործությունների մեջ։ Այս նպատակով օգտագործվում էին հատուկ ստուդիաներ, որտեղ ստացված տեղեկությունները կեղծվում և տարածվում էին։ Նմանօրինակ լրատվամիջոցներից էին «BBC Farsi», «Al-arabia», «Al-hadath» լրատվական գործակալությունները, որոնք ոչ մի եղանակի առջև կանգ չեն առել, որպեսզի վնասեն Սիրիայի բանակի և ժողովրդական ուժերի հեղինակությանը։

Արևմուտքի միջամտողական քաղաքականությունը Միջին Արևելքի տարածաշրջանում մշտապես ուղեկցվել է լրատվամիջոցների բուռն գործունեության ծավալմամբ։

  Բողոք Ալ-Ջազիրա հեռուստաալիքի գործունեության դեմ Սիրիայում

 

Արևմուտքի վարած երկդիմի քաղաքականությանը մշտապես աջակցում է Ալ-Ջազիրա լրատվական գործակալությունը, որպես արաբական աշխարհի ամենահզորներից մեկը։ Իսկ մյուս լրատվամիջոցները՝ ինչպիսիք են BBC-ն, Ամերիկայի ձայնը, Reuters-ը, Associated press-ը աշխատում են փոխել աշխարհի ոչ արաբ բնակչության աշխարհայացքը և այն համապատասխանեցնել արևմտյանին։

Ալ-Ջազիրա լրատվական գործակալությունը, որը ամենատարածվածն է արաբական աշխարհում, հիմնադրվել է 1996 թվականին։ Այն հմտորեն լուսաբանելով աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները արագորեն կարողացել է վաստակել արաբական աշխարհի համակրանքը։ Եգիպտոսում Իրանի շահերի պաշտպանության բաժնի տնօրեն Մահմուդ Մոհթադին, ով նաև հմուտ քաղաքագետ է, Ալ-Ջազիրայի մասին այսպես է արտահայտվել․«Ավելի քան քսան տարի է անցել Ալ-Ջազիրայի հիմնադրումից և այս ժամանակահատվածում այն անցել է երկու փուլ։ Սկզբում այս լրատվական գործակալությունը ավելի մեծ պրոֆեսիոնալիզմով էր աշխատում և պահպանում էր անկողմնակալությունը, սակայն հետագայում մասնավորապես՝ իսլամական զարթոնքից հետո, այն սկսեց կրել քաղաքական բնույթ արաբական աշխարհում։ Լրատվական գործակալության քաղաքական ազդեցությունը այնքան մեծ էր արաբական աշխարհում, որ անգամ Բեն Ալիի իշխանության տապալումը Թունիսում կապում են դրա հետ»։ Նա, ընդգծելով սիոնիստների մասնակցությունը այդ լրատվական գործակալության լրագոյացման գործընթացի մեջ, ասել է․«Քաթարը այնպիսի պայմաններում էր ցանկանում համաարաբական վստահելի լրատվամիջոց ստեղծել, երբ ամբողջ արաբական աշխարհը օգտվում էր եվրոպական լրատվամիջոցներից։ Սակայն այստեղ էլ սիոնիստները իրենց ազդեցությունը ունեցան լրատվամիջոցի հետագա գործունեության մեջ, ինչը հստակորեն երևում է Ալ-Ջազիրայի տարածած տեղեկատվությունից»։

Ալ-Ջազիրան ծառայում  է սիոնիզմին և ԱՄՆ-ին

       

2010 թվականից ի վեր բազմաթիվ լրատվամիջոցների գործունեությունը բացահայտում է  դրանց իրական դեմքն ու բնույթը։ 2000-ական թվականներին Ալ-Ջազիրան հանդես էր գալիս որպես ժողովրդական և արդարություն պահանջող լրատվամիջոց։ Այսպես Ալ-Ջազիրան ցանկանում էր ձեռք բերել մարդկանց վստահությունը և կարելի է ասել, որ այդ նպատակը հաջողվեց իրագործել։ Ժողովրդականություն վաստակելուց անմիջապես հետո այդ լրատվամիջոցը ցույց տվեց իր իրական նպատակները։

Իսլամական զարթոնքի ժամանակաշրջանում արաբական երկրների ժողովուրդները ցանկանում էին փոխել ժամանակին տիրող իրավիճակը։ Անկասկած, նրանք իրենց նպատակներին հասնելու համար որպես օրինակ և նախադեպ ընտրել էին Իրանի իսլամական հեղափոխությունը։ Հենց այդ պատմական և արդարացի իրադարձությունն էր ոգեշնչում միլիոնավոր արաբների, որպեսզի համախմբվեն և պայքարեն՝ Իրանի ժողովրդի նման։ Սադդամի տապալումից հետո, Իրանի ժողովրդական հաջողությունները Իրաքում մեծ արձագանք գտան ամբողջ մուսուլմանական աշխարհում։

Ահա այսպիսի պայմաններում Ալ-Ջազիրան մուտք գործեց իրադարձությունների կիզակետ։ Այս լրատվամիջոցը դեռ Սիրիայի ճգնաժամից առաջ էր սկսել մեդիա պատերազմը այդ երկրի դեմ։ Նպատակը միայն մեկն էր․ մարդկանց ոտքի կանգնեցնել, որպեսզի զինված պայքար սկսեն Բաշար Ասադի վարչակարգի դեմ։ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի՝ Սիրիայի օրինական կառավարությունը տապալելու ջանքերը պատճառ դարձան, որպեսզի BBC-ն նույնպես նման քաղաքականություն վարի։ Գաղտնիք չէ, որ այդ լրատվամիջոցը տարբեր լեզուներով կարողանում է ուղիղ եթեր ապահովել իր լսարանի համար և այդպիսով՝ իրադարձությունների կեղծ և արևմտամետ լուսաբանմամբ նպատակ ունի հասարակական կարծիքը փոխել արևմուտքի օգտին։ BBC-ն նախքան Սիրիայի ճգնաժամը այդ երկրում Բաշար Ասադի վարչակարգը ամեն հնարավոր եղանակներով փնովում էր և ստահոդ տեղեկություններ տարածում իբր երկրում գրեթե ոչ ոք չի ցանկանում հանդուրժել Ասադին երկրի ղեկավարի դիրքում։ Սիրիայում կատարվող ամեն մի փոքր իրադարձություն անմիջապես տեղ էր գտնում BBC լրատվական գործակալության կայքի առաջին էջում։

Այս ուղղությամբ էին աշխատում նաև արևմտյան մնացած հանրաճանաչ լրատվական գործակալությունները, մասնավորապես՝ Ամերիկայի ձայնը և Reuters, Sky news, Al-Arabia լրատվամիջոցները։ Բոլոր արևմտյան լրատվամիջոցները միահամուռ ուժերով կոչ էին անում պայքարի դուրս գալ Բաշար Ասադի օրինական վարչակարգի դեմ։ Սիրիայի ճգնաժամի ընթացքում ևս չէր դադարում այս տեղեկատվական պատերազմը։ Ասվածի ապացույցն այն է, որ այդ ժամանակաշրջանում բազմաթիվ ստահոդ նորություններ էին հրապարակվում Բաշար Ասադի սպանության և նրա ընտանիքի՝ Սիրիայից փախչելու վերաբերյալ։ Նման կերպով լրատվամիջոցները ցանկանում էին փոխել հասարակական մտածելակերպը և արդարացնել Արևմուտքի երկրների վարած երկդիմի քաղաքականությունը։

       BBC, Ալ-Ջազիրա և Al-arabia լրատվական գործակալությունները համակարգված են աշխատում

 

Մեդիա պատերազմն էլ ավելի ուժգնացավ, երբ Ռուսաստանը ռազմական միջամտություն ունեցավ Սիրիայի ճգնաժամում և արդյունքում սիրիական բանակի դիրքերը բավականին ամրապնդվեցին։ BBC Farsi լրատվական գործակալությունը բազմաթիվ շինծու տեսանյութեր էր տարածում ռուսական ավիահարձակումների ընթացքում զոհված քաղաքացիական անձանց մասին։ Ահաբեկչական խմբավորումների կրած պարտություններին և անկազմակերպ նահանջներին զուգընթաց ավելի շատ տեսանյութեր էին հրապարակվում այդ մասին։ Հատկանշական է, որ այս սինդրոմով տառապում  էր նաև Բրիտանիան։ Այդ երկիրը տարատեսակ ստահոդ տեղեկություններ էր տարածում ճգնաժամում Իրանի դերակատարության և Հեզբոլլահի ուժերի ցուցաբերած օգնությունների մասին։ Այս կերպ Բրիտանիան ցանկանում էր հարցականի տակ դնել Սիրիայի բանակի ունեցած հաջողությունները։ Այս ուղղությամբ աշխատում է նաև BBC Farsi գործակալությունը՝ պարբերաբար ռեպորտաժներ հրապարակելով Սիրիան պաշտպանած նահատակների և նրանց ունեցած դերի մասին։ Արևմտյան լրատվամիջոցները հաճախ լռում են Սիրիայում քիմիական զենքերի կիրառման և դրա հետևանքով զոհված մարդկանց մասին, լռում են նաև ահաբեկիչներին ցուցաբերող արտաքին օգնությունների մասին։ Նրանց հիմնական նպատակը միայն Բաշար Ասադի վարչակարգին մեղադրելն է։

       Նմանատիպ լուսանկարներ հրապարակելով արևմտյան լրատվամիջոցները ազդում են մարդկանց զգացմունքների վրա

Իրականությունն այն է, որ ահաբեկչական խմբավորումներին օժանդակող երկրների լրատվամիջոցները ամեն կերպ ցանկանում են կոծկել իրականությունը և ստահոդ տեղեկություններ տարածելով ազդել մարդկանց մտածելակերպի վրա, ինչպես նաև արդարացնել իրենց հանցավոր ռեժիմների վարած ստոր քաղաքականությունը։ Սակայն Սիրիայի ժողովրդական շարժման դիմադրությունը բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծում այդ նպատակին հասնելու ճանապարհին։ Լրատվամիջոցների գործունեության վերլուծաբանի խոսքերով․«2011 թվականից արևմտյան լրատվամիջոցները գործում են միասին և համակարգված։ Այս ամենը այնքան ակնառու է, որ ասես բոլոր նորություններն ու հոդվածները մեկ ընդհանուր համակարգող ունենան։ Արևմտյան լրատվամիջոցների ողջ ներուժը կենտրոնացված է Սիրիայի օրինական վարչակարգի և Բաշար Ասադի դեմ, և այս ամենը տեղի է ունենում ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային ասպարեզներում»։ Նա հավաստիացրեց, որ BBC Arabic, Sky News, սաուդական Al-Arabia և քաթարական  Ալ-Ջազիրա լրատվամիջոցները հետապնդում են միևնույն նպատակը Սիրիայում։

Այս առումով հատկանշական է Ալ-Ջազիրա լրատվական գործակալության հաղորդավար Ֆեյսալ Ղասեմի արած հայտարարությունը։ Վերջինս Հալեպի ազատագրման գործողությունների ժամանակ բացահայտորեն հայտարարել էր, որ պետք է փրկել  ահաբեկիչներին Սիրիայի բանակի ծանր հարձակումներից։ Այս ամենը ապացուցում է, որ արևմտյան և արևմտամետ լրատվամիջոցները իրենց հանցավոր ռեժիմների վարած երկդիմի քաղաքականության կամակատարներն ու օժանդակողներն են։

 

Պիտակ