Մայիս 01, 2022 15:43 Asia/Tehran

Թուրքիայի ժողովուրդն սպասում է քրդերի քվեարկությանը, որպեսզի պարզվի, թե Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարության ընդդիմադիր քրդերը ի՞նչ կորոշեն 2023 թվականի նախագահական ընտրություններում։

Թուրքիայում դրամավարկային և տնտեսական ճգնաժամի սրման, ժողովրդի աղքատության և ապրուստի խնդիրների աննախադեպ աճին զուգահեռ, ընդդիմադիր կուսակցություններն աշխատում են արագացնել  Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարության հեռացումը իշխանությունից: 

Թուրքիայի կառավարության վեց ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ, ներառյալ՝  Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցության նախագահ Քեմալ Քլըչդարօղլուն, «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները, «Երջանկություն» (Saadet) կուսակցության առաջնորդ Թեմել Քարամոլլաօղլուն, Դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Գոլթեկին Օյսալը, «Ժողովրդավարություն ու առաջընթաց» (DEVA) կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը և  «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմադ Դավութօղլուն, վերջերս գումարած նիստերում, կարևոր որոշումներ են կայացրել Թուրքիայի իշխող կուսակցությանը և նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին իշխանությունից հեռացնելու վերաբերյալ:

Թուրքիայի նախագահական ընտրություններին ընդառաջ Էրդողանի կառավարության և նրա հակառակորդների միջև քաղաքական մրցակցությունն ու մարտահրավերները սրվել են:

2023 թվականին Թուրքիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Բոլոր քաղաքական կուսակցությունները պատրաստվում են մեծ մրցավազքի: Թուրք վերլուծաբանները կարծում են, որ իշխող կուսակցության արևն աստիճանաբար մայր է մտնում։ Իհարկե, ըստ վերջին հարցումների՝ Էրդողանի կոալիցիոն կառավարությունը և նրա դաշնակից Բաղչե Լին դեռևս չնայած ձայների զգալի անկմանը և սոցիալական բազայի մի մասի կորստին, շարունակում են  ընդդիմադիրների հետ ուս-ուսի տված առաջ գնալ: 

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն իր վերջին հրապարակային ելույթում դիմելով ընդդիմադիր կուսակցություններին, ասել է, որ վեց ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան 2024 թվականի արևը չի տեսնի։ Բայց, ըստ Էրդողանի հակառակորդների, սա նրա մշտական ​​պնդումներից մեկն է, որի նպատակն է թուլացնել մրցակցին։ Քանի որ Էրդողանը, քաջ գիտի, որ աննախադեպ աղքատությունն ու գնաճը, իր տնտեսական թիմի աշխատանքի անարդյունավետությունը, ինչպես նաև այնպիսի հիմնական խնդիրներն, ինչպիսիք են նախագահական համակարգին ուղղված քննադատությունը և իշխանությունների տարանջատման սկզբունքի գործնական վերացումը, ճանապարհ են բացել պատմական պարտության համար։ 

Այժմ Թուրքիան սպասում է քրդերի քվեարկությանն իմանալու, թե քրդերն  ինչ հակակառավարական որոշումներ են կայացնելու առաջիկա ընտրություններում։ Բայց մինչ այդ, Էրդողանի ընդդիմադիր վեց կուսակցությունները, վախենալով ահաբեկչությանն աջակցելու մեջ մեղադրվելուց, չեն համարձակվում բարեկամության պայմանագիր կնքել Ժողովուրդների Դեմոկրատական ​​կուսակցության հետ և չեն կարող անտեսել նրանց ձայները։ 

Այս ակնկալիքի կարևորությունն այն է, որ Թուրքիայում հատկապես երեք կարևոր քաղաքներ Անկարայում, Ստամբուլում և Ադանայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, Էրդողանի հակառակորդների օգտին քրդերի քվեն պատճառ դարձավ, որ այս երեք կարևոր և ռազմավարական շրջանների քաղաքապետարանների վերահսկողությունը դուրս գա Էրդողանի կողմնակիցների ձեռքից։

Անցած մի քանի տարիների փորձը ցույց է տալիս, որ եթե Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի առաջնորդները և նրանց կառույցներն դիմեն Թուրքիայի արևմտյան թուրքաբնակ և այդ երկրի հարավ և հարավարևելյան հատվածների քրդաբնակ նահանգներում բնակվող երեք միլիոն քրդերին, քրդերի ձայնը կարող է փոխել խաղադաշտը։ 

 

Ռազմավարական այլընտրանք

Էրդողանին ընդդիմացող քրդերը կազմում են քվեարկության իրավունք ունեցող Թուրքիայի քաղաքացիների ընդհանուր ձայների միայն 10 տոկոսը: Բայց հենց նույն 10 տոկոս ձայնը մեծ նշանակություն ունի և կարող է ճակատագրական դեր ունենալ կշեռքի երկու նժարներից մեկի ծանրության վրա։ 

Ներկայումս Էրդողանն ու Բաղչե Լին ունեն ձայների մոտ 40 տոկոսը, մինչդեռ Էրդողանի վեց ընդդիմադիր կուսակցությունները՝ ձայների գրեթե 40 տոկոսը։  Արդյունքում, եթե քրդերն անցնեն ընդդիմության կողմը, ապա նրանց կհաջողվի ընդմիշտ իշխանությունից հեռացնել Ռեջեբ Թայիբ Էրդողանին և Բաղչե Լիի կառավարությանը:

Բայց դա այնքան էլ հեշտ չէ. Փաստն այն է, որ Էրդողանին հակադրվող վեց կուսակցությունները, վախենալով ահաբեկչությանն աջակցելու մեջ մեղադրվելուց, չեն համարձակվում մոտենալ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցությանն ու դաշնակցել նրա հետ։

Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցությունը (HDP) Թուրքիայի օրինական կուսակցություններից է և ունի 60 մանդատ Թուրքիայի 600 հոգանոց խորհրդարանում։ Իսկ հին ու ազդեցիկ «Սաադաթ» կուսակցությունը միայն մեկ տեղ ունի Թուրքիայի խորհրդարանում, և այս առումով չի կարելի անտեսել Էրդողանին հակադրվող քուրդ քաղաքական գործիչների մանդատների թվի կարեւորությունը։

Բայց միևնույն ժամանակ չի կարելի անտեսել այն պարզ փաստը, որ այս կուսակցությունը չունի քաղաքական անկախություն, և իր բոլոր որոշումներում ու գործողություններում ամբողջությամբ ենթարկվում է Ղանդիլ լեռան վրա PKK-ի ղեկավարների հրամաններին, այդ իսկ պատճառով, նրանք չնայած խորհրդարանում ունեն 10 տոկոս ձայն, բայց փաստորեն ենթարկված են բոյկոտի   ու մեկուսացված են և ոչինչ անել չեն կարող։

Բանը հասել է նրան, որ ամեն անգամ, երբ խորհրդարանում կուսակցության ներկայացուցիչները մոտենում են ամբիոնին արտահայտվելու համար, տասնյակ այլ կուսակցական ներկայացուցիչներ հարվածում են սեղանին և  վանկարկելով «մահ  ահաբեկչին»  կարգախոսը, թույլ չեն տալիս նրանց, շարունակել իրենց ելույթը։

«Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեբ Թայիբ Էրդողանը և  «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Բաղչեհ Լիի կառավարությունը, որ  միասին կոալիցիա են կազմել իրենց ընդդիմադիր ճակատը թուլացնելու համար,  ժողովրդի կոալիցիա բառակապակցության փոխարեն մշտապես  գործածում են  «նվաստացման կոալիցիա» վիրավորական արտահայտությունը, և պնդում, որ այդ կոալիցիան PKK-ի և Թուրքիայի ներքին ու արտաքին թշնամիների համագործակցությամբ է կազմվել  ու  եթե ընտրություններում ձայներ շահի, Թուրքիան կմասնատվի ու կկործանվի։

Սա Էրդողանի նախորդ կարգախոսի կրկնությունն է: Առաջ նա ասում էր, որ Թուրքիայի գոյատևումը վտանգի տակ է, և եթե երկրի կարևոր քաղաքապետարանները հայտնվեն ընդդիմության վերահսկողության տակ, ապա Թուրքիան կտանեն դեպի քայքայում։ Չնայած Էրդողանի և Բաղչե Լիի սպառնալիքներն ու  հայտարարությունները կորցրել են իրենց ազդեցությունը, և իրականում Թուրքիայի գոյությունը վտանգված չէ, սակայն երկու քաղաքական գործիչների տրամադրության տակ գտնվող խոշոր լրատվամիջոցներն ու քարոզչական ապարատը վախեցնում են ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին, և նրանք չեն կարողանում բացահայտորեն արտոնություններ տալ քրդերին ու միանալ նրանց, քանի որ նրանք վախենում են դրանով կորցնել իրենց աջակիցներից մի մասին: Հետևաբար, առաջիկա ընտրություններում հաղթելու համար Էրդողանի ընդդիմադիր կուսակցությունները բախվում են կարևոր մարտահրավերի։ Նրանք եթե քրդերի ձայները շահելու և Էրդողանին ու Բաղչե Լիին պարտության մատնելու համար քրդերի կողմն անցնեն,  կմեղադրվեն  ահաբեկչությանն աջակցելու մեջ։
Եթե ​​հեռու մնան քրդերից, ապա նրանց հաղթանակը երաշխավորված չէ, և լավագույն դեպքում ձայների չնչին տարբերությամբ կկարողանան հեռացնել Էրդողանին։

 

Ժողովրդի կոալիցիայի տարբեր դիրքորոշումները

«Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, ով մեծ ժողովրդականություն է ձեռք բերել որպես հզոր ընդդիմադիր քաղաքական գործիչ, երկու օր առաջ փողոցում  հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում կրկին քննադատության ենթարկվեց Էրդողանի կողմնակիցների կողմից։

Հանրահավաքներից մեկի ժամանակ Էրդողանի կողմնակիցներից մեկը բղավել է Աքշեների վրա ու ասել. «Ինչո՞ւ եք համագործակցում HDP-ի հետ։ Դուք չգիտե՞ք, որ նրանք ահաբեկիչներ են։ Ինչպե՞ս կարող եք համագործակցել ահաբեկիչների հետ»: Աքշեները պատասխանել է. «Ես մեկընդմիշտ կասեմ՝ մենք կապ չունենք HDP-ի հետ։ Մենք նրանց հետ չենք համագործակցում»։

«Լավ» կուսակցության առաջնորդի խոսքերը հնչում են այն ժամանակ, երբ Ալի Բաբաջանը, ով Աքշեների հետ հայտնի է որպես Էրդողանի դեմ ժողովրդի կոալիցիայի  վեց առաջնորդներից մեկը, Դիարբեքիր քրդաբնակ քաղաքում իֆթարի արարողության ժամանակ Աքշեներին դեմ հայտարարություններ է արել։ 

«Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) առաջնորդ Ալի Բաբաջանն ասել է․«Մենք եղբայրության չոր ու դատարկ կարգախոսներ չենք վանկարկում։ Մենք գունավոր գծերով ընդգծում ենք քաղաքացիության հավասար իրավունքները։ Մենք միասին կհաստատենք իրական ժողովրդավարական կարգեր։ Միասին  կկառուցենք ազատ, հարուստ և ուժեղ Թուրքիա»։

Նշելով, որ  Թուրքիան ժողովրդավարության և լավ կառավարման միջոցով  կարող է հաղթահարել բոլոր խնդիրները,  Բաբաջանն ասել է, «Հեռու անցյալում մենք ապրեցինք օրեր, երբ զենքերը լռում էին, և մարդիկ մեծ հույսերով հավատում էին խաղաղությանը և սպասում էին խաղաղության։ Մենք պետք է դասեր քաղենք անցյալից։ Երբ հետադարձ հայացք ենք նետում անցյալին, տեսնում ենք, որ սխալներ ենք թույլ տրվել»։

Նա ասել է․ «Իրավունքները, օրենքներն ու ազատությունները բանակցության ենթակա չեն և  իրավունքը պետք է տրվի։ Իրավունքը պետք է ճանաչել այնպիսին, ինչպիսին կա։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է պետք անել հակամարտությունը դադարեցնելու համար։ Գալիք ընտրություններում Էրդողանի քուրդ ընդդիմության որոշումը մեծ դեր կարող է ունենալ 2023 թվականի քաղաքական մրցակցության  դաշտում»։

Եթե ​​քրդերը PKK-ի ղեկավարների թելադրանքով առաջիկա ընտրություններին քվեարկեն Էրդողանի հակառակորդների օգտին, ապա ԱԶԿ-ն և «Ազգային շարժում» կուսակցությունն անպայման  կպարտվեն։

Այժմ պետք է սպասել և տեսնել, թե ինչ միջոցների մասին է մտածում Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) և Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MIT) ուղեղային կենտրոնը  ԱԶԿ-ի մեծ պարտությունը կանխելու համար։

 

 

 

Պիտակ