Հոկտեմբեր 02, 2023 11:26 Asia/Tehran

Լինել քաղցրալեզու կամ քաղցրախոս, հասնել կյանքի քաղցրության ու երջանկության, կատարել քաղցր ու գեղեցիկ հնարքներ։ Սրանք արտահայտություններ են, որոնք բոլոր լեզուներում ունեն իրենց համարժեքը։ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

 

Այս մի քանի տերմինները մեր առօրյա բառապաշարում քաղցր համի լայն կիրառության մի մասն են ընդամենը։ Հաճախակի կրկնվող և կախարդական համ, որը շատ սիրված համ լինելուց բացի, որպես փոխաբերական իմաստով արտահայտություն, տեղավորվել է լեզուների քերականության խորքում։ Երբ խոսքը վերաբերում է քաղցր համին, ականջները սրվում են, իսկ ճաշակն ու աղորժակը՝ գրգռվում: Քիչ մարդիկ կան, ովքեր չեն սիրում քաղցր համը։ Պարզ է, որ շատ ցանկալի այս համն ամենից շատ կարելի է գտնել «շաքարավազի» սպիտակ հատիկների մեջ, քան որևէ այլ տեղ։ Նյութ, որը տարիներ շարունակ գունավորել է մեր կյանքը և դարձել մեր կյանքի անբաժանելի մասը։ Այն ​​կարելի է գտնել խոհանոցի պահարաններում, կամ տարբեր խանութների պահարանների արանքում իր տարբեր անվանումներով։ Երբեմն այն օգտագործում ենք ուտեստների մեջ՝ չզգալով դրա քաղցրությունը, և իհարկե, հաճախ մենք դրան դիմում ենք  մեր ցանկությամբ։ Այս սիրված նյութի մատչելիությունը պատճառ է դարձրել, որ այն միշտ մեզ հասանելի լինի։ Ահա թե ինչու մենք հազվադեպ ենք հանդիպում խոհարարական գրքի, որը չունի քաղցրավենիքի պատրաստման բաղադրատոմս: Տորթերը, ըմպելիքները, նախուտեստները և սոուսները շաքարավազ են պարունակում, քանի որ այս յուրահատուկ քաղցր նյութը կարելի է համադրել գրեթե ցանկացած ուտեստի հետ։

Մարդկանց և այս քաղցր հատիկների միջև հարաբերության վայրիվերումներով լի պատմությունը սերում է մանկությունից. Ժամանակաշրջան, որի համն անցել է յուրաքանչյուր երեխայի լեզվի տակից։ Անկախ նրանից, թե այս ազդեցությունը եղել է մոր կաթի թե քաղցր ուտելիքի միջոցով, այնուամենայնիվ այն կարողացել է որոշ ժամանակով հանգստացնել երեխայի լացը և փարատել նրա անհանգստությունը:

․․․․․․․․․․

Այսօր շաքարավազ օգտագործելը ոչ միայն հաճելի, այլեւ սովորական բան է։ Մյուս կողմից, այս յուրահատուկ բաղադրիչն այն սակավաթիվ սննդամթերքներից է, որը սիրված է ինչպես աղքատների, այնպես էլ հարուստների կողմից: Պատմությունն ապացուցել է, որ մարդիկ չեն կարող հրաժարվել շաքարավազի սպառումից,  թե՛ ամենադժվար տնտեսական ժամանակներում, ինչպիսին էր 20-ականներին ԱՄՆ֊ի մեծ ռեցեսիայի շրջանը, թե՛ տնտեսապես բարգավաճ երկրներում: Այժմ թվում է, թե շաքարավազի օգտագործումն անհրաժեշտություն է։ Անհրաժեշտություն, որը համտեսելուց հետո քչերն են մտածում դրա ծագման մասին, կամ մտածել, թե ո՞րն է պատճառը, որ  շաքարավազի օգտագործումը ամենալուրջ փոփոխությունն է առաջացրել մարդկանց ուտելու սովորությունների մեջ:

․․․․․․․․․․․․․․․․․․

Այն ժամանակաշրջանում, երբ մեղրն սակավության և դժվար հասանելիության պատճառով չէր կարող բավարարել մարդկանց առօրյա կարիքները, մարդիկ մտածում էին այլընտրանքային սննդանյութ գտնելու մասին։ Նյութ, որը կլիներ և՛ ավելի էժան, և՛ ավելի առատ, միևնույն ժամանակ կունենար նույն հաճելի ազդեցությունն մարդկանց վրա։ Հետախուզելու կարիք չկար, քանի որ այս այլընտրանքային սննդանյութը տարիներ առաջվանից արդեն գոյություն ուներ աշխարհի որոշ մասերում: Շաքարեղեգի բույսը նախ Հնդկաստան են բերել Պոլինեզիայի բնակիչները, ապա՝ Իրանի կայսրություն։

Որոշ ժամանակ անց արաբներն այն իրենց հետ տարան Հյուսիսային Աֆրիկա և Իսպանիա։ Այսպես մինչև միջնադարյան ժամանակաշրջանի սկիզբը շաքարեղեգը մուտք գործեց Եվրոպա։ Թեև 11-15-րդ դարերի ընթացքում առևտրականներն ու ճանապարհորդները շաքարեղեգը ներկայացրել  էին Եվրոպայի շատ մասերում, այնուամենայնիվ կար մի մեծ խնդիր։ Թեև շաքարեղեգն ավելի առատ էր, քան մեղրը, բայց այն բավարար չէր բոլորի կարիքները բավարարելու համար: Մյուս կողմից, դրա տնկումը պահանջում էր արևադարձային բնակլիմա, որը հազվադեպ էր հանդիպում Եվրոպայում: Այս խնդիրները պատճառ դարձան, որ շաքարավազը դառնա արիստոկրատական ​​մթերք, որը մեղրից պակաս թանկ ու հազվագյուտ չէր։ Մինչև 18-րդ դարի վերջը շաքարավազի հետ կապված վիճակը էական փոփոխություն չի կրել , բայց 1760 թվականին ամեն ինչ փոխվեց:

․․․․․․․․․․․․․․․․․․

Արդյունաբերական հեղափոխությունը, որը սկիզբ է առել Անգլիայում, փոխեց մարդկանց ապրելակերպը, և ակնհայտ էր, որ շաքարավազի հետ կապված վիճակը նույնպես փոխվելու է։ Հիմա արդեն հնարավոր էր հեշտությամբ շաքարեղեգի ցողունը կտրատել ու հնարավորինս արագ վերամշակել նորաստեղծ գործարաններում։

Գործարանում բանվորները այն կտոր-կտոր էին անում, որպեսզի հեղուկը դուրս գա մինչև չորանալն ու թթվին վերածվելը, այնուհետև հաջորդ փուլում ստանում էր վերջնական արտադրանքի տեսք՝ դառնալով շաքարավազ։ Այս գործընթացը շարունակվեց մի քանի տարի և պատճառ դարձավ, որ շաքարավազն լայնորեն մուտք գործի եվրոպացիների կյանք։

   Շաքարավազի սպառման աճին զուգահեռ կրկին քննարկման առարկա դարձավ մարդկանց ցանկությունը քաղցր համի նկատմամբ, բայց այս անգամ փոքր ինչ տարբերությամբ.

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Եվրոպայում գյուղատնտեսությունը շուտով դարձավ արդյունաբերական տնտեսություն և այդ հանգամանքը նպաստեց աշխատողների թվի մեծացմանը։ Այս տնտեսության անիվն ավելի շատ պտտվելու համար աշխատողները պետք է ավելի արագ աշխատեին։ Բայց խնդիրը նրանում էր, թե ինչպես պետք է աշխատողներն դիմանային իրենց ծանր աշխատանքային ժամերին ու բողոքի ակցիաներ չանեին։ Թեև այս հարցի պատասխանը պարզ չէր բանվորների համար, բայց եվրոպացի պետական ​​այրերի ու գործարանատերերի համար՝ պարզ էր։  Օգտագործեք շաքարավազ։

Ահա թե ինչու 19-րդ դարում արդյունաբերական Անգլիայում աշխատավորների կարճ ընդմիջման ժամանակ նրանց ուտելիքում ավելի շատ հանդիպում էր շաքարավազը, քան այլ սննդամթերքները: Շաքարավազը կարող էր թեթևացնել հոգնածությունը և աշխատողների ուժերը վերականգնել առաջիկա աշխատանքային ժամերի համար: Զարմանալի չէր, որ Չարլզ Դիքենսի 19-րդ դարի պատմվածքներում աշխատող մարդիկ ունեին սև ու փչացած ատամներ:

Աշխատողների մարմինը հանդիսանում էր Եվրոպայի արդյունաբերական հեղափոխության  մեխանիզմի «ատամնանիվը» , իսկ այդ հեղափոխության վառելիքը՝ շաքարավազ կոչվող սպիտակ ու սիրված նյութը: Բայց սա ամբողջ պատմությունը չէր։ Եվրոպայի արդյունաբերականացումից մի քանի տարի անց, շաքարավազի սպառումը բազմակի աճել էր և այդ ժամանակ պետք էր մեծացնել շաքարավազի մատակարարումը։

․․․․․․․․․․․․․․․․․․

Մոտ 300 տարի էր անցել այն պահից, երբ Քրիստոֆեր Կոլումբոսը Ամերիկայի մայրցամաքը բացահայտելու ճանապարհին հասել էր Կարիբյան ծով։  Երկրամաս, որտեղ շրջակա կղզիներն ու երկրները ունեին նպաստավոր արևադարձային բնակլիմա շաքարավազի ցանքի համար։ Հետզհետե գաղութատիրական պետությունների ուշադրությունը սկսեց սևեռվել Կարիբյան տարածաշրջանի վրա , որի հետևանքով շաքարավազի պատմությունը թեւակոխեց նոր փուլ։

Սակայն հեռավոր ցանքատարածքների շահագործելը հեշտ չէր։ Դա կարող է շահութաբեր լինել միայն այն դեպքում, եթե միշտ հասանելի լիներ մեծ քանակությամբ էժան աշխատուժ: Այս խնդիրը լուծվեց ևս գաղութարարների կողմից մեկ այլ ձևով։ Եվ այդ ձևն էր՝ աֆրիկացի ստրուկների օգտագործումն ու աշխատուժի հարստահարումը:

Դրա հետևանքով ավելի քան 13 միլիոն աֆրիկացիներ բռնի տեղափոխվեցին Կարիբյան ավազանի երկրներ և նրանց սկսեցին օգտագործել  շաքարեղեգի ֆերմաներում։ Ոչ պաշտոնական վիճակագրությունը անձանագրել է ավելի քան 2 միլիոն բանվորների մահը այդ տարածքներում, բայց փաստն այն էր, որ աշխատանքում մի քանի սպանված կամ վիրավոր մարդ տեսնելը մեծ նշանակություն չուներ, քանի որ նրանք պատրաստվում էին հաջորդ նավերով կրկին մեծ թվով ստրուկներ բերել: Շաքարավազը իրենց սուրճի, տորթերի և թեյի մեջ թաթախող եվրոպացիների համար  քաղցր էր,  բայց դառն էր այն միլիոնավոր մարդկանց համար, ովքեր կեղեքվում էին աշխատանքային գաղութ հանդիսացող ֆերմաներում:

19-րդ դարի վերջում շաքարավազի արտադրությունն ամբողջովին հիմնված էր աֆրիկացի ստրուկների և եվրոպացի բանվորների կեղեքման վրա և շաքարավազն այլևս համարվում էր ոչ թե պարզապես բուրավետիչ բուսական արտադրանք, այլ կարևոր մթերք ցանկացած երկրի համար: Ինչպես գաղութատիրական երկրները կռվում էին քաղաքական տարաձայնությունների համար, այնպես էլ սահմռկեցուցիչ ու թաքնված պատերազմ էին մղում շաքարեղեգի մշակման համար բարենպաստ թվացող հողերի նվաճման համար:

․․․․․․․․․․․․․․․․․․

18-րդ դարի վերջում Լատինական Ամերիկայի գաղութացված երկրների համար ԱՄՆ-ի և Իսպանիայի միջև պատերազմն ավելի շատ շաքարավազի դրդապատճառով էր, քան քաղաքական անկախության: ԱՄՆ-ին պարտվելուց հետո, մինչ այդ խոշոր գաղութատիրական երկրներից համարվող Իսպանիան ստիպված էր լքել Լատինական Ամերիկան ​​և Կարիբյան ծովի որոշ տարածքները։ Բայց պատմությունն այստեղ չավարտվեց։ Իսպանիան շաքարավազի խոշորագույն արտահանողներից էր և որոշեց էմբարգո կիրառել դեպի ԱՄՆ այդ  ապրանքի արտահանման վրա։ Այս էմբարգոյի հետևանքով Միացյալ Նահանգները նույնպես մի քանի տարի աննախադեպ ճգնաժամի բախվեց։ Սակայն որոշ ժամանակ անց նա կարողացավ իրեն անհրաժեշտ շաքարավազն ապահովել շաքարի ճակնդեղի լայնածավալ մշակմամբ՝ վերացնելով կախվածությունը իսպանական շաքարավազից։

ԱՄՆ-ի շաքարավազի  նկատմամբ էմբարգոյի կիրառումը  բազմաթիվ մեծ օգուտներ ունեցավ։ Շաքարի ճակնդեղի օգտագործումը կարողացավ փոփոխության ենթարկել սուրճի արդյունաբերությունը և որ ավելի կարևոր է, հանգեցնել աշխարհի ամենաեկամտաբեր ըմպելիքներից մեկի արտադրությանը։ Այս իրադարձությունից հետո «Կոկա Կոլան» արտադրվեց շաքարի ճակնդեղի և սուրճի մեջ եղած կոֆեինի համադրումից։ Սիրված ըմպելիք, որը շուտով նվաճեց համաշխարհային շուկաները:

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Թեև սննդի արդյունաբերության սեփականատերերն ամեն անգամ վիճարկում են գիտական ​​և բժշկական հետազոտությունները, սակայն այսօր շաքարախտի համաճարակը դարձել է առողջապահության ոլորտում ամենամեծ մտահոգությունը։ Շաքարավազը առաջին անունն է, որ գալիս է մտքում շաքարախտ լսելիս: Նոր հետազոտությունը բացահայտել է մի քանի զարմանալի փաստ շաքարավազի մասին։ Բոստոնի մանկական հիվանդանոցի Ճարպակալման կանխարգելման և բուժման կենտրոնի հետազոտությունները ցույց են տալիս, որ ուղեղում շաքարավազն ունի թմրամիջոցի պես ազդեցություն: Ուղեղի սկանավորումները ցույց են տալիս, որ քաղցր սնունդ օգտագործելուց հետո գրգռվում են ուղեղի այն նույն հատվածները, որոնք ակտիվանում են կոկաինի և հերոինի օգտագործումից հետո: 2012թ. Բժշկական ուսումնասիրությունների ամսագրում «Շաքարը դանդաղեցնում է ուղեղի աշխատանքը» վերնագրով հոդվածը գրավեց բոլորի ուշադրությունը։ Այս հոդվածը, որը գիտնականների երկար տարիների ուսումնասիրության արդյունք է, ցույց է տալիս, որ բարձր ֆրուկտոզա պարունակող սննդակարգը ժամանակի ընթացքում հանգեցնում է սովորելու և հիշողության ունակության նվազմանը: Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարարությունը 2021 թվականին հայտարարեց, որ յուրաքանչյուր ամերիկացու կողմից օգտագործվող շաքարի քանակը կազմում է տարեկան մոտ 35 կիլոգրամ (77 ֆունտ), ինչը համարժեք է օրական 22 թեյի գդալի։ Այս զեկույցում նշվում է, որ այս վիճակագրությունը նույնն է աշխարհի շատ երկրների դեպքում։ Շաքարի մեծ քանակի օգտագործումը նվազեցնում է համային բշտիկների զգայունությունը, ինչի պատճառով որոշ մարդկանց չեն անհանգստացնում չափազանց քաղցր համերը։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Շաքարավազի ծագումը տարօրինակ և բարդ պատմություն ունի, որը ձևավորվել և առաջ է ընթացել կապիտալիզմի պատմությանը զուգահեռ։ Շաքարավազի առատությունը, մեծածավալ գովազդը, ինչպես նաև դրա համեմատաբար էժան գինը ավելի շատ ծառայել են արտադրողների շահերին, քան օգուտ են բերել մարդկությանը։ Անցած դարերի գաղութարար կայսրությունները իրենց ինքնիշխանության հիմնաքարը դրել են այնպիսի ապրանքների վրա, ինչպիսիք են շաքարավազը, սուրճը և ծխախոտը։ Թվում է, թե շաքարեղեգի ֆերմաները մեծ դեր են խաղացել դրանց ձևավորման գործում։ Ֆերմերային տնտեսություններ, որտեղ թերևս հազարավոր կաթիլ արյուն է թափվել մեկ թեյի գդալ շաքարավազ ստանալու համար:

 

 

Պիտակ