Գաղթականներն Իրանում
https://parstoday.ir/hy/radio/world-i208440-Գաղթականներն_Իրանում
Տարբեր դարաշրջաններում, հատկապես ժամանակակից շրջանում Իրանը եղել է տարբեր երկրներից փախստականներին ու ներգաղթյալներին ընդունող երկիր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2023 07:52 Asia/Tehran

Տարբեր դարաշրջաններում, հատկապես ժամանակակից շրջանում Իրանը եղել է տարբեր երկրներից փախստականներին ու ներգաղթյալներին ընդունող երկիր։

 

Տարբեր դարաշրջաններում, հատկապես ժամանակակից շրջանում Իրանը եղել է տարբեր երկրներից փախստականներին ու ներգաղթյալներին ընդունող երկիր, այնպես որ Երկրորդ համաշխարհային պատերազմի գագաթնակետին (1942թ.) իրանցիներն ընդունել են պատերազմից տուժած 116 հազար եվրոպացիների, հատկապես պատերազմից հյուծված մոտ 100 հազար լեհ փախստականների։

Իրանում լեհ փախստականները, ինչպես իրենք են պատմել, իրանցիների կողմից տեսել են ջերմ ու բարի վերաբերմունք։ Իրանում նրանց  ներկայությունը ներգաղթյալներին ընդունելու հարցում Իրանի փորձառությունների շարքից է։

Ներկայումս, ըստ պաշտոնական վիճակագրության, Իրանում ապրող օտարերկրացիների ամենամեծ թիվը կազմում են աֆղանցիները։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Իրանում ապրում են մոտ 5 միլիոն, իսկ ոչ պաշտոնական գնահատականներով մոտ 8 միլիոն Աֆղանստանի քաղաքացի։

****

Աշխարհում ամենամեծ թվով փախստականների ու տեղահանվածների վիճակագրության գրանցման առումով, Աֆղանստանի ներկայիս իրավիճակը պետք է դիտարկել որպես ԱՄՆ-ի գլխավորությամբ  հարուստ և օկուպանտ երկրների նկրտումների հետևանք, ինչը հանգեցրել է նոր աշխարհաքաղաքական մարտահրավերների առաջացմանը։ Այս պայմանները աննախադեպ տառապանք են ստեղծում  միգրանտների համար ծագման, տարանցման և նրանց ընդունող երկրներում ու համայնքներում: Հաշվի առնելով  Աֆղանստանից Իրան ներգաղթի ահռելի ծավալները, Աֆղանստանի զարգացումների պատմության առումով այդ միգրացիաները բաժանվում են չորս ժամանակաշրջանների.

* Առաջին շրջանը սկսվեց 1979 թվականին Աֆղանստան նախկին Խորհրդային Միության ներխուժմամբ, ինչպես նաև Իրանում շահական և ավտորիտար վարչակարգի փլուզմամբ և Իսլամական Հանրապետության հիմնադրմամբ:

* Միգրացիայի երկրորդ շրջանը եղավ 1990 թվականին՝ Աֆղանստանի կառավարության փլուզմամբ և 1996 թվականին Թալիբան խմբավորման առաջին շրջանի կառավարության հաստատմամբ։

* Միգրացիայի երրորդ շրջանը տեղի ունեցավ 2001 թվականին Աֆղանստան ԱՄՆ-ի գլխավորած ուժերի հարձակման և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից այս երկրի 20-ամյա օկուպացիայի հետևանքով:

* Չորրորդ շրջան. 2021 թվականի օգոստոսի 15-ին Թալիբան խմբավորման կողմից Մոհամմադ Աշրաֆ Ղանիի կառավարության անկմամբ և Աֆղանստանում կրկին այս խմբի իշխանության հաստատմամբ, աշխարհը ականատես եղավ աֆղան փախստականների չորրորդ ալիքին դեպի այլ երկրներ, այդ թվում Իրան:

****

Աֆղանստանից Իրան ներգաղթի ժամանակաշրջանները այդ երկրի զարգացումների պատմության տեսանկյունից բաժանելուց բացի, որոշ ուսումնասիրություններում աֆղանական միգրացիայի կարևորագույն գործոնները դեպի Իրան դասակարգվել են երեք մակարդակի՝ ներքին, տարածաշրջանային և գլոբալ, իհարկե դրանք կենտրոնացած են ներքին գործոնների վրա, որոնք ներառում են բնակչության ճնշումը, երաշտը, էթնիկ և խմբային առճակատումները, քաղաքացիական պատերազմը, անապահովությունը, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների բացակայությունը, գյուղատնտեսական արտադրանքի նվազումը, եկամուտների ցածր մակարդակը և վարչական համակարգի փլուզումն ու դրա անարդյունավետությունը:

Աֆղանստանի ներգաղթյալների՝ Իրանում մնալու պատճառներից կարող են լինել դյուրին մուտքը դեպի աշխատաշուկա, կանանց կարգավիճակի բարելավումը գրագիտություն ստանալու շնորհիվ, տարբեր շրջաններում տեղաշարժվելու հեշտությունը և այլն, ինչը պատճառ է դարձել, որ այս գաղթականները Իրանը համարեն ավելի ցանկալի, քան Պակիստանը։ Պակիստանում աֆղան ներգաղթյալները հիմնականում ապրում են ճամբարներում, որտեղ բացակայում են տարրական հարմարությունները, և նրանց հասանելիությունը անհրաժեշտ սոցիալական ծառայություններին խիստ սահմանափակ է:

Աֆղան փախստականների հարցում Իրանը գերազանցել է միջազգային հանրության մեջ գոյություն ունեցող պրոտոկոլները՝ փախստականների և գաղթականների հետ վերաբերվելու վերաբերյալ։  Իրանում աֆղան ներգաղթյալներն ապրում են ոչ միայն ճամբարներում, այլ նաև իրանցիների կողքին՝ տարբեր վայրերում։ Աֆղան ներգաղթյալները ակտիվ են տարբեր աշխատանքներում առանց սահմանափակումների՝ ձեռք բերելով տարբեր հմտություններ և մասնագիտություններ:

Իրանում հազարավոր աֆղանցիներ ստացել են տեխնիկամասնագիտական ​​կրթություն, և նրանցից ոմանք Աֆղանստան վերադառնալուց հետո օգտակար են եղել իրենց հասարակության համար:

  Աֆղան ներգաղթյալների երեխաները, ինչպես իրանցի աշակերտները, հնարավորություն ունեն դպրոցներում սովորելու հավասար պայմաններով և համապատասխան դյուրացումներով անգամ մինչև բարձրագույն կրթություն: Այնպես որ պաշտոնական վիճակագրության համաձայն, իրանական դպրոցներում սովորում են ավելի քան 450 հազար աֆղան ներգաղթյալ աշակերտներ, ովքեր ունեն օրինական կացության վկայական:

****

Ելնելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հրամանագրից առ այն, որ բոլոր աֆղան երեխաները՝ և՛ օրինական հիմունքներով Իրանում գտնվողները, և՛ Իրանում գտնվելու օրինական փաստաթուղթ չունեցողները, պետք է կարողանան գրանցվել հանրակրթական դպրոցներում, Իրանում բոլոր աֆղան ներգաղթյալ երեխաներն սկսեցին գրանցվել և ուսում ստանալ դպրոցներում։ Այս հանգամանքը պատճառ դարձավ, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատի գրասենյակը (UNHCR) իր կայքում հրապարակած զեկույցում, անդրադառնալով իրանական դպրոցներում ավելի քան 480,000 աֆղան փախստական ​​աշակերտների անվճար կրթությանը, ողջունեց Իրանի այդ քայլն Աֆղան գաղթականների ուսման համար պայմաններ ապահովելու ուղղությամբ։

Աֆղանստանի ներգաղթյալների հետ կապված Իրանի Իսլամական Հանրապետության ծրագիրը, որն ապահովում է նրանց անհրաժեշտ բոլոր ծառայությունները, պատճառ է դարձել, որ միջազգային մարդասիրական կազմակերպությունների կողմից ընդգծվի և ուշադրության արժանանա իրանական ծրագրի՝ այլ երկրներին օրինակ ծառայելու հարցը։

Իրանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նախկին ներկայացուցիչ Սիվանկա Դհանապալան ասում է. «Մինչ աշխարհի որոշ երկրների կողմից փախստականներին ընդունելու մասին տհաճ տեղեկություններ ենք լսում, Իրանը լավ է ընդունում փախստականներին՝ մատուցելով նրանց պատշաճ ծառայություններ։ Բազմաթիվ երկրների համար Իրանը լավ օրինակ է դարձել փախստականներին ընդունելու հարցում»:

*****

2021 թվականի օգոստոսին Աֆղանստանում թալիբների երկրորդ կառավարության ձևավորումից հետո այս երկրից դեպի Իրան միգրացիայի նոր ալիք է սկսվել, որը շարունակվում է։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատի (UNHCR) հայտարարության համաձայն՝ Իրանը դարձել է աշխարհում չորրորդ երկիրը՝ այս երկրում ապրող փախստականների թվաքանակի առումով։ Հենց այս պատճառով էր, որ այս կազմակերպությունը վերջին տարիներին բազմիցս բարձր է գնահատել Իրանի՝ ապաստան տրամադրելու քաղաքականությունը՝ ներկայացրելով Իրանը որպես առատաձեռն երկրներից մեկը այս կապակցությամբ։

Այս կոմիսարիատն ավելի վաղ շնորհակալություն է հայտնել Իրանին՝ իրանցի մայր և օտարերկրացի հայր ունեցող երեխաներին քաղաքացիություն տրամադրելու համար, քանի որ այս քայլով Իրանի քաղաքացիություն չունեցող 75 հազար երեխա պաշտոնապես ստացան քաղաքացիություն։

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի քան 3000 Աֆղանստանի քաղաքացիներ ամեն օր սահմանը հատում են դեպի հարևան երկրներ, այդ թվում Իրան և Պակիստան, մինչդեռ ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ շատ ավելի մեծ է այս թիվը՝ հաշվի առնելով այն մարդկանց, ովքեր արտագաղթում են այլ երկրներ՝ առանց փաստաթղթերի և մաքսանենգության ցանցերի միջոցով։

Անգլիական «Middle East Eye» պարբերականն իր զեկույցում հայտնում է. «Այն պահից սկսած, երբ Աֆղանստանի Թալիբան խմբավորումը իշխանության եկավ՝ պայմանավորվելով ԱՄՆ-ի հետ այս երկրի կառավարումը ստանձնելու համար, նրանք չեն կատարել աղջիկներին կրթօջախներ վերադարձնելու իրենց խոստումը։ Բազմաթիվ աֆղան ընտանիքներ այժմ տեղափոխվել են Իրան՝ իրենց դուստրերի կրթության պատճառով, քանի որ Աֆղանստանում աղջիկներին թույլ չեն տալիս ուսում ստանալ իրենց երկրի միջնակարգ դպրոցներում»:

****

Իրանի Իսլամական Հանրապետությունը գրկաբաց ընդունում է  տարբեր երկրներից ժամանած միլիոնավոր ներգաղթյալների, հատկապես Աֆղանստանից, այն դեպքում, երբ վերջին չորս տասնամյակների ընթացքում դարձել է ամենադաժան պատժամիջոցների թիրախը՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո։ Էմբարգոների ճնշումը բացասաբար է ազդել ոչ միայն իրանցիների, այլև փախստականների կյանքի և ապրուստի վրա։

Ընդորում, աշխարհում մարդասիրության և մարդասիրական միջոցառումների հարցում հավակնող ձևացող արևմտյան երկրները ոչ միայն էական և նշանակալից քայլ չեն ձեռնարկել՝ օգնելու Իրանին ավելի լավ կերպով հետամուտ լինել տեղահանվածների խնդիրներին, այլև նույնիսկ նշանակալից քայլով վերջին տարիներին ավելացրել են Իրանի դեմ իրենց պատժամիջոցների քանակն ու որակը՝ չնայած մի քանի միլիոն տեղահանվածների և ներգաղթյալների առկայությանը: