Օգոստոս 03, 2021 18:43 Asia/Tehran
  • ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինն այսօր ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:

Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը, մտահոգություն հայտնելով երկու երկրների սահմանային վեճերի շարունակության կապակցությամբ ընդգծել է երկու կողմերի զսպվածության և երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նա իր ցավակցությունն է հայտնել վերջին ընդհարումների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին։

Պարզաբանելով բոլոր կողմերի` միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը` դեսպան Զոհուրին նշել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից և հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցում:

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Հայկական կողմն ուներ երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էին սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։

https://armeniasputnik.am/armenia/20210803/28537787/hh-um-irani-despann-aycelel-e-verin-shorjayi-hatvatsi-sahmanagits.html