Ապրիլ 25, 2024 12:44 Asia/Tehran
  • Իրանում գտնվող հնագույն  զիկկուրատներից մեկի առանձնահատկությունները

Իրանի Շոշ քաղաքում գտնվող Չողազանբիլ հնագույն զիկկուրատն ունի ավելի քան 3 հազար տարվա պատմություն։ Չողազանբիլ անվանումը բաղկացած է չողա՝ բարձունք և զանբիլ՝ զամբյուղ արմատներից։ Տաճարում պեղումների իրականացումից առաջ բլրի ավերակները հիշեցնում էին շրջված զամբյուղ։

Այս հոդվածում կխոսենք Չողազանբիլ  զիկկուրատի 8 առանձնահատկությունների մասին։ Այն իրանական ճարտարապետության և հնագույն բնակավայրի լավագույն օրինակներից է։

Չողազանբիլ  զիկկուրատ

1․ Չողազանբիլ զիկկուրատն ավելի քան 3 հազար տարեկան է

Էլամական կայսրության  թագավորներից Ունթաշ Գալը մ.թ.ա. 1250 թվականին հրամայել է Դեզ գետի և  Շոշ պատմական քաղաքի մոտ կառուցել Դուրավանթաշ անունով կրոնական և թագավորական քաղաքը։

Չողազանբիլն ավերվել է մ.թ.ա. 640 թվականին՝ Ասորեստանի թագավոր Աշուր Բանիպալի հրամանով, Էլամի վերջին թագավոր Հումբան Հալթաշի հետ պատերազմի ժամանակ։

Հայտնաբերված գրություններից մեկում ասվում է․ «Ես հրամայեցի քանդել լաջվարդե աղյուսներով կառուցված Շոշի  զիկկուրատը․․․ Էլամի տաճարները հավասարեցրի հողին․․ Շոշն ավերակ դարձրի․․․ Այնտեղից ինձ հասան մարդկային ճիչեր և ուրախության աղաղակներ․․․»։

Չողազանբիլ զիկկուրատն ավելի քան 3 հազար տարեկան է

2․ Չողազանբիլն աշխարհի ամենամեծ զիկկուրատն է։ 1979թ․ այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային պատմամշակության ժառանգության ցանկում։ Այն էլամական դարաշարջանից պահպանված ամենամեծ ու կարևոր շինությունն է։

Չողազանբիլն աշխարհի ամենամեծ զիկկուրատն է

3․ Եզակի ճարտարապետությունը

Չողազանբիլի կողային պատերի չափերը 105/105 են։ Այն կառուցվել է գետնից մոտ 53 մ բարձրության բվրա։ Այսօր զիկկուրատից մնացել է միայն 25 մ տարածք և երեք կավե պարիսպ։

Առաջինը գտնվում է գլխավոր տաճարի՝ զիկկուրատի  առաջին պատի մեջտեղում։  Երկրորդ պարսպի հետևում եղել են պալատներ ու տաճարներ, իսկ երրորդի հետևում՝ Չողազանբիլի ջրի մաքրման կայանը, թագավորական ստորգետնյա պալատներն ու դամբարանները։

Չողազանբիլի եզակի ճարտարապետությունը

4․ Աշխարհի ամենահին սալիկները

Չողազանբիլ զիկկուրատը կառուցվել է  հատուկ շաղախից ու կավից։ Կավը քայքայումից պաշտպանելու համար կիրառվել է աղյուսե երեսպատում։ Մոտ 6500 աղյուսների վրա առկա  են ձեռքով արված էլամերեն գրություններ։

Չողազանբիլի աղյուսների վրայի գրություններն արվել են ձեռքով

5․ Սեյսմակայունությունը

Չողազանբիլ զիկկուրատն իրանական ճարտարապետության հրաշքներից մեկն է։ Այն կառուցվել է երկու փոլուվ։ Առաջին փուլում կառուցվել է տաճարի հսկա հիմքը։ Այունուհետև կառուցվել են հարկերը։ Եվ կառույցը կանգուն է  արդեն ավելի քան 3 հազար տարի։

Ու թեև աղյուսից կառուցված այս շինության մեջ չեն կիրառվել ճապոնական հակաերկրաշարժային հիդրավլիկ վարդակներ, սակայն հարյուրավոր սարսափելի երկրաշարժերից հետո այն լուրջ վնաս չի կրել։ Դա կարելի է համարել Չողազանբիլ զիկկուրատի ինժիներական գաղտնիքներից մեկը։

Չողազանբիլի ինժիներական գաղտնիքը

6․ Ջրի զտման ամենահին կայաններից մեկը

Չողազանբիլի ջրի զտման կայանն ամենահներից է աշխարհում։ 

Չնայած Դեզ գետը տաճարից ընդամենը երեք կիլոմետր հեռավորության վրա էր, էլամացի ինժեներները 50 կմ հեռավորության վրա գտնվող Կարխե գետից բաց ջրային ճանապարհ են փորել մինչև զիկկուրատի մեծ ջրամբարը։ 350 խորանարդ մետր տարողությամբ մաքրման կայանը կառուցվել է աղյուսից և կրաքարի, կավի ու ջրի շաղախից։ Երբ ջուրը լցվում էր ջրամբարի մեջ, դրա մեջ առկա ցեխը նստելուց հետո, այն հատուկ բացվածքներով լցվում էր ցանկապատի ներսում գտնվող լճի մեջ։

Չողազանբիլի ջրի զտման կայանն ամենահներից է աշխարհում։ 

7․ Հակահեղեղային ճարտարապետություն

Ուղղահայաց և հորիզոնական աղյուսե խողովակների միջոցով  անձրևաջուրը դուրս է հոսել զիկկուրատից։

Այս 85 սմ խորության վրա տեղադրված ուղղահայաց խողովակներով ջուրն իջնում էր հորիզոնական ջրատարի մեջ և միանում առաջին հարկում տեղադրված բաց ջրատարին։

Զիկկուրատի առաջին  չորս հարկերում տեղադրվել են հինգ հեղեղատարներ, որոնցից չորսում ջուրը հավաքել է հատակներից, իսկ հինգերորդում՝ աստիճաններից։

Չողազանբիլի հակահեղեղային ճարտարապետությունը

8․ Աղյուսից պատրաստված արևային ժամացույց

Զիկկուրատի տարածքում հայտնաբերվել է երեք շրջանաձև աղյուսե շինություն։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դրանք արևային ժամացույցի նման են աշխատել։ Երեք կառույցները միասին կազմում են մեկ ամբողջական կառույց, որը եղել է հավանաբար աստղադիտարան կամ արևային օրացույց՝ տարվա օրերն ու եղանակաները ճանաչելու համար։

Զիկկուրատի տարածքում հայտնաբերվել է երեք շրջանաձև աղյուսե շինություն

 

 

Պիտակ