Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
(last modified Wed, 24 Apr 2019 12:16:11 GMT )
Ապրիլ 24, 2019 16:46 Asia/Tehran
  • Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Երևանում ապրիլի 23-ին կայացան Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, բուլղարականը` Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալ Յուրի Շտերկը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-բուլղարական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով միջխորհրդարանական կապերի ակտիվացման, առևտրատնտեսական, գիտամշակութային և իրավապայմանագրային բնագավառներին առնչվող հարցերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, կողմերն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Արևելյան գործընկերության ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության խորացման հեռանկարներին:

Կողմերը երկուստեք գոհունակություն հայտնեցին մարտի 12-13-ը Երևանում կայացած hայ-բուլղարական Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի և դրա շրջանակներում կայացած գործարար համաժողովի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների առնչությամբ` կարևորելով վերջիններիս իրագործման ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկումը:

Փոխնախարար Ադոնցը շնորհակալություն հայտնեց Հայաստանում ԲՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ «Պաշտպանի աշխատակազմը կամրապնդի կարողությունները սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում» և «Երեխայի խնամքի համակարգի բարեփոխում. Բուլղարիայի փորձի ուսումնասիրում և ներդրում» ծրագրերի իրականացման կապակցությամբ։

Նույն օրը Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

Armenpress.am