Սկանդալ` Թբիլիսիի և Բաքվի միջև. Ադրբեջանը փակել է վրացական վանք տանող ճանապարհը
https://parstoday.ir/hy/news/armenia-i106741-Սկանդալ_Թբիլիսիի_և_Բաքվի_միջև._Ադրբեջանը_փակել_է_վրացական_վանք_տանող_ճանապարհը
Վարդապետ Կիրիոնան ասել է, որ ադրբեջանական կողմը փակել է Դավիթ Գարեջի վանական համալիր տանող ճանապարհը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցից հետո։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2019 16:05 Asia/Tehran
  • Սկանդալ` Թբիլիսիի և Բաքվի միջև. Ադրբեջանը փակել է վրացական վանք տանող ճանապարհը

Վարդապետ Կիրիոնան ասել է, որ ադրբեջանական կողմը փակել է Դավիթ Գարեջի վանական համալիր տանող ճանապարհը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցից հետո։

Ադրբեջանցի սահմանապահներն արդեն չորս օր է չեն թողնում, որ վրացի հոգևորականներն ու ուխտագնացները մոտենան Վրաստանի Ուդաբնո վանքին, որը գտնվում է Դավիթ Գարեջի հին վանական համալիր տարածքում։ Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։ 

VI դարի վրացական քարանձավափոր վանքերի համալիրը գտնվում է վրաց–ադրբեջանական սահմանի վրա։ Վանական համալիրը կիսում է պետական սահմանը։

Հին համալիրը բազմիցս փորձաքար է դարձել Վրաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում։ Իրավիճակը սրվել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վերջերս արված հայտարարություններից հետո. նա ասել էր, որ անհրաժեշտ է ավարտել Ադրբեջանի հետ սահմանազատումն ու սահմանագծումը։

«Արդեն չորրորդ օրն է ադրբեջանցի սահմանապահները փակել են Ուդաբնո տանող ճանապարհն ու երթևեկությունը արգելող նշաններ են տեղադրել», – նշվում է սյուժեում։

Ասվում է, որ ադրբեջանական կողմից վանք տանող ճանապարհի կառուցմանն ուղղված ակտիվ աշխատանքներ են իրականացվում։

Զբոսավարները խոստովանում են, որ առաջին անգամ են նման արգելքի բախվում։ Նրանք կարծում են, որ ադրբեջանական կողմը վանքը ալբանական մշակույթի մաս հայտարարելու փորձ կանի։

Վանքի վարդապետ Կիրիոնան (Օնիանի) իր հերթին նշել է , որ ադրբեջանցի սահմանապահները փակել են ճանապարհն ապրիլի 20–ից հետո, երբ համալիր է այցելել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք` համալիրի մի մասը, որի մեջ մտնում է նաև Ուդաբնոյի վանքը, գտնվում է ադրբեջանական կողմի հսկողության տակ։ Համալիրը կազմված է 20 ժայռափոր վանքից։ Դրա գլխավոր համալիրը Սուրբ Դավիթի վանքն է։

armeniasputnik.am